ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՓԱՍՏԵՐ
1960թ. Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում կայացած հանդիպման ավարտից հետո երկրպագուները ներխուժեցին խաղադաշտ և վազեցին դեպի մրցավարը: Վերջինս վախեցած հազիվհազ իրեն գցեց հանդերձարան: Սակայն երկրպագուները կոտրեցին դուռն ու մոտեցան անկյունում վախից կծկված ու դաժան դատաստանի սպասող մրցավարին: Պարզվեց, որ երկրպագուները պարզապես ցանկացել են… շնորհակալություն հայտնել նրան` գերազանց մրցավարության համար:
♦♦♦
Զվարճալի դեպք տեղի ունեցավ անցյալ դարի 70-ական թվականներին Անգլիայում: Հանրահայտ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ բավական թույլ էր անցկացնում առաջնության հերթական հանդիպումը: Հանդիսատեսին չէին գոհացնում նաև մրցավար Կլարկի գործողությունները: Երկրպագուներից մեկը խնձոր նետեց նրա վրա: Մրցավարը խուլիգանական այդ արարքին հումորով վերաբերվեց. նա վերցրեց խնձորը, խնամքով սրբեց և սկսեց ախորժակով ուտել:
♦♦♦
Արգենտինայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ դաշտի տերերին հաջողվեց խաղավարտից առաջ գոլ խփել: Հանդիպմանը ներկա հինգ հազար հանդիսականները ոգևորված ոտքի կանգնեցին, և անսպասելիորեն մոտ չորս հարյուր երկրպագուներ քանդված տրիբունայի հետ ներքև գահավիժեցին: Պարզվեց, որ հենց այն պահին, երբ գնդակը հայտնվել էր դարպասում, գրանցվել էր երկրաշարժ, ինչի հետևանքով էլ քանդվել էր փայտյա տրիբունան: Իսկ գոլը խփած ֆուտբոլիստը հետագայում հումորով ասել էր, որ իր խփած գոլն էր երկրաշարժ առաջացրել:
♦♦♦
Բուխարեստ-Բելգրադ ճեպընթացի մեքենավարը միայն վերջին պահին կարողացավ խուսափել երկաթգծի ռելսերին պառկած տղամարդու հետ ընդհարվելուց: Այդ համարձակը ֆուտբոլի մոլի երկրպագու Ռադանովիչն էր: Նա նման եղանակով կանգնեցրեց գնացքը, որպեսզի չուշանար Բելգրադում կայանալիք խաղից:
Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Մարզաշխարհ