ԵՎՐՈ-1960
Սպորտի պատմության ընթացքում խոշորամասշտաբ մրցաշարեր կազմակերպելու գաղափարները միշտ էլ պատկանել են ֆրանսիացիներին: Այդպես է եղել աշխարհի առաջնության, Եվրոպական չեմպիոնների գավաթի, ժամանակակից օլիմպիական խաղերի, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնության դեպքում, որի ստեղծման գաղափարը պատկանում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին քարտուղար Անրի Դելոնեին: Պատահական չէ, որ Եվրոպայի առաջնության գավաթը նրա անունն է կրում: Իսկ առաջին առաջնության անցկացումը վստահվեց հենց Ֆրանսիային:
Այդուհանդերձ, Եվրոպայի անդրանիկ առաջնությունը ստեղծման օրից կանգնեց ձախողման վտանգի առջեւ, քանի որ մասնակից թիմերի թիվը չէր հասնում նույնիսկ 16-ի: Եվ միայն մի քանի դիմումները, որոնք հայտնվեցին վերջին պահին, փրկեցին միջոցառումը ձախողումից, թեեւ բոլոր բրիտանական երկրները արհամարհեցին մասնակցության առաջարկը: Նախագծին դեմ էին նաեւ Շվեյցարիայի, Բելգիայի, Իտալիայի եւ մի քանի այլ երկրների կառավարությունները` պատճառաբանելով, որ եզրափակիչ խաղերի ժամկետները համընկնում են իրենց առաջնությունների խաղերի հետ:
Առաջնության անցկացման համար ընտրվեց օլիմպիական մրցակարգը (պարտվողը դուրս է մնում): Ընտրական փուլում հաղթողը որոշվում էր երկու խաղերի արդյունքում (սեփական եւ մրցակցի դաշտում): Ֆրանսիայում անցկացվելիք եզրափակիչ փուլը սկսվում էր կիսաեզրափակչից:
Ընտրական խաղով առաջնությունը բացեցին ԽՍՀՄ-ի եւ Հունգարիայի հավաքականները, որոնք հանդիպեցին 1958թ. սեպտեմբերի 28-ին Մոսկվայի Լենինի անվան մարզադաշտում: Եվրոպայի առաջնության գոլերի հաշիվը բացեց Անատոլի Իլյինը, որը հանդիպման 4-րդ րոպեին գրավեց հունգարացիների դարպասը: Այդ մրցամարտում ԽՍՀՄ-ի հավաքականը հաղթեց 3:1 հաշվով: Մեկ տարի անց Բուդապեշտում կայացած պատասխան հանդիպմանը նույնպես խորհրդային ֆուտբոլիստները հաղթեցին` 1:0: Այդպես ԽՍՀՄ-ի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Քառորդ եզրափակիչ դուրս եկան նաեւ Ֆրանսիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Հարավսլավիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի եւ Չեխոսլովակիայի թիմերը: Այստեղ բախտը ժպտաց Ֆրանսիայի, Հարավսլավիայի, Չեխոսլովակիայի հավաքականներին, եւ նրանք դուրս եկան կիսաեզրափակիչ: Է՛լ ավելի բախտավոր էին ԽՍՀՄ-ի ֆուտբոլիստները. իսպանացիները, որոնց հետ նրանք պետք է մրցեին քառորդ եզրափակիչում, չմասնակցեցին խաղին, քանի որ երկիրը ղեկավարող բռնապետ Ֆրանկոն թույլ չտվեց արտերկրի վիզաներ տալ ֆուտբոլիստներին, եւ Իսպանիայի հավաքականի խաղից հրաժարվելը համարվեց պարտություն:
Եզրափակիչ փուլի բոլոր չորս խաղերը` երկու կիսաեզրափակիչները, երրորդ տեղի համար պայքարը եւ եզրափակիչը, չափազանց հետաքրքիր էին: Հուզումնալից անցավ հատկապես Ֆրանսիայի ու Հարավսլավիայի հավաքականների հանդիպումը: Ֆրանսիացիներից վնասվածքների պատճառով բացակայում էր հարձակվողների ուժեղագույն եռյակը` Ֆոնտենը, Կոպան, Պյանտոնին, իսկ պաշտպանության գծում չկային Կեյլբելն ու Ժոնկեն: Իսկ ահա հարավսլավացիները ներկայացել էին երիտասարդ խաղացողներով (բացառությամբ Զեբեյի ու Կոստիչի), թիմի միջին տարիքը 22,3 տարեկանն էր: Եվ հենց երիտասարդներին էլ հաջողվեց հաղթել: Հանդիպումն ավարտվեց 5:4 հաշվով` հօգուտ Հարավսլավիայի:Մյուս կիսաեզրափակիչ խաղում Մարսելում հանդիպեցին ԽՍՀՄ-ի եւ Չեխոսլովակիայի հավաքականները: Խաղի նախօրեին անսպասելիորեն հիվանդացավ ԽՍՀՄ հավաքականի փորձառու աջ պաշտպան Կեսարեւը, եւ նրան փոխարինեց Չոխելին, որը մինչ այդ երբեք չէր խաղացել հավաքականի կազմում: Առաջին իսկ րոպեներից խաղը սուր ու կտրուկ բնույթ ստացավ: Երկու թիմերն էլ մարտական էին տրամադրված, բայց խորհրդային ֆուտբոլիստների եւ՛ արագությունը, եւ՛ տեխնիկան անգերազանցելի էր: Դրա ապացույցը դարձան խփված երեք գոլերն ու սեփական դարպասի անառիկությունը:
Երրորդ տեղի համար պայքարում Չեխոսլովակիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն:
Եզրափակիչ խաղը կարելի է սուր եւ համառ պայքարի լավագույն օրինակ համարել, երբ երկու թիմերն էլ պատրաստ էին ամեն կերպ հաղթանակի հասնել: Առաջին խաղակեսում առավելությունը հարավսլավացիների կողմն էր, բայց ինչպես եւ կիսաեզրափակիչում, ԽՍՀՄ հավաքականի դարպասապահ Յաշինը չափազանց ճշգրտորեն էր գործում: Այդուհանդերձ, հարավսլավացիներին հաջողվեց հիանալի հարձակում կազմակերպել, եւ հաշիվը բացեց Գալիչը:
Ընդմիջումից հետո, բնականաբար, ԽՍՀՄ-ի հավաքականը սկսեց չափազանց կտրուկ գործել: Դարպասապահ Վիդինիչը չկարողացավ որսալ Բուբուկինի հեռահար հարվածը, եւ վրա հասած Մետրեւելին հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Հավելյալ կես ժամվա ավարտից ութ րոպե առաջ Մեսխիի նուրբ փոխանցումից հետո Պոնեդելնիկը գլխի հարվածով խփեց որոշիչ գոլը` հաղթանակ պարգեւելով ԽՍՀՄ հավաքականին:
Այսպիսով` Եվրոպայի անդրանիկ առաջնության չեմպիոն հռչակվեց այժմ արդեն գոյություն չունեցող ԽՍՀՄ հավաքականը:
ԲՈԼՈՐ ԽԱՂԵՐԸ
Որակավորում
Չեխոսլովակիա – Իռլանդիա` 0:2, 4:0
Ընտրական փուլ
1/8 եզրափակիչ
Չեխոսլովակիա – Դանիա` 2:2, 5:1
ԽՍՀՄ – Հունգարիա` 3:1, 1:0
Իսպանիա – Լեհաստան` 4:2, 3:0
Հարավսլավիա – Բուլղարիա` 2:0, 1:1
Ռումինիա – Թուրքիա` 3:0, 0:2
Պորտուգալիա – ԳԴՀ` 2:0, 3:2
Ֆրանսիա – Հունաստան` 7:1, 1:1
Ավստրիա – Նորվեգիա` 1:0, 5:2
1/4 եզրափակիչ
Ֆրանսիա – Ավստրիա` 5:2, 4:2
Հարավսլավիա – Պորտուգալիա` 1:2, 5:1
Չեխոսլովակիա – Ռումինիա` 2:0, 3:0
ԽՍՀՄ – Իսպանիա` + -, + –
Եզրափակիչ փուլ
Կիսաեզրափակիչ
ԽՍՀՄ – Չեխոսլովակիա` 3:0
Հարավսլավիա – Ֆրանսիա` 5:4
Խաղ երրորդ տեղի համար
Չեխոսլովակիա – Ֆրանսիա` 2:0
Եզրափակիչ
10.07.1960թ., Փարիզ, «Պարկ դե Պրենս» մարզադաշտ, 18.000 հանդիսական, մրցավար`Ա. Էլիս (Անգլիա):
ԽՍՀՄ – Հարավսլավիա` 2:1
Գոլերը` Գալիչ (43), Մետրեւելի (49),
Պոնեդելնիկ (113):
ՏԱՎՐՈՍ ԱՎԱԳՅԱՆԻ
ավագ լեյտենանտ