Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆՈՒՄ



Այս տարվա առաջին՝ գարնանային զորակոչը շարունակվում է։ Այն նոր թափ կստանա եւ կձգվի մինչեւ հուլիսի վերջը, երբ ավագ դպրոցներն ավարտած եւ զորակոչային տարիքի հասած տղաները լիովին կօգտագործեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու իրենց իրավունքը։ Զորակոչն առանձնանում է նրանով, որ զորակոչային հանրապետական հանձնաժողովը վճռական քայլեր է ձեռնարկել գործընթացի թույլ ու խոցելի տեղերը փակելու, տեղաբաշխման հարցում կողմնակի ազդեցություններն ու միջամտությունները բացառելու ուղղությամբ։

Զորակոչի, զորամասերի համալրման աշխատանքներին, հանձնարարությունների, առաջադրված խնդիրների կատարման ընթացքին տեղում ծանոթանալու համար հունիսի 14-ին հանրապետական հավաքակայան այցելեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Անմիջապես հանդիպելով եւ զրուցելով զինակոչիկների հետ` նախարար Ս.Օհանյանը հետաքրքրվեց, թե ինչ տրամադրությամբ են մեկնում զինվորական ծառայության, դպրոցում ինչպես է անցել նախնական զինվորական պատրաստություն առարկան, ովքեր են զբաղվել սպորտով եւ ովքեր ունեն բարձրագույն կրթություն։

Պետք է նշենք, որ զինակոչիկների խմբի մեջ բավական շատ էին թե՛ բարձրագույն կրթություն ունեցողները եւ թե՛ սպորտով զբաղվածները, եւ, որ ամենակարեւորն է, բարձր էր նրանց տրամադրությունը, քանի որ ի պատասխան նախարարի հարցին, խմբովի ասացին, որ նշանակություն չունի, թե որտեղ կծառայեն՝ առաջնագծում մարտական հերթապահություն կատարող, թե՞ այլ զորամասում։ Նախարար Սեյրան Օհանյանը զինակոչիկներին տեղեկացրեց, որ այսուհետ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս լրացուցիչ արտոնություններ են նախատեսվել ծառայությունն առաջնագծի զորամասերում անցկացրած տղաների համար։

Զրույցի վերջում նախարար Ս. Օհանյանը հաջողություն մաղթեց զինակոչիկներին` ասելով. «Կհանդիպենք ծառայության ընթացքում»։

♦♦♦

Հավաքակայանում գործող բուժհանձնաժողովի նախագահ գնդապետ Գաբրիել Թեփելիկյանը նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց աշխատանքների ընթացքի մասին։ Այնուհետև պաշտպանության նախարարը մանրամասնորեն հետաքրքրվեց հանդիպող տիպային հիվանդությունների, բուժհետազոտության ողջ ընթացակարգի, լրացուցիչ բուժհետազոտության համար հավաքակայանից կատարվող վերադարձների թվի և պատճառների մասին, մասնագիտական կաբինետներում ծանոթացավ հետազոտությունների պայմաններին ու ընթացքին, լսեց հանձնաժողովի նախագահի և բժիշկների կարծիքը զինակոչիկների բուժհետազոտության և բուժման գործընթացներն է՛լ ավելի բարելավելու համար։ Մասնավորապես՝ նախարարը նշեց, որ նպատակահարմար չէ կանխարգելիչ պատվաստումները կատարել միայն մեկ՝ զորակոչի օրը, և առաջարկեց դրանք կատարել աստիճանաբար, սկսած տասնվեց տարեկանից։ Բուժհետազոտության աշխատանքները հստակեցնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պարոն Օհանյանը հանձնարարեց հարցին անդրադառնալ այս զորակոչի ավարտից հետո։

♦♦♦

Նշելով ձեռնարկված միջոցառումների արդեն իսկ առկա արդյունքները` նախարար Սեյրան Օհանյանը զորակոչային հանձնաժողովի անդամների հետ քննարկեց նաև առաջացող խնդիրները։ Որոշվեց առանց հապաղելու կազմավորել աշխատանքային խումբ, որն առանձին զորատեսակների, մասնավորապես՝ ՀՕՊ-ի համար կընտրի համապատասխան կրթություն և գիտելիքներ ունեցող զինակոչիկների։

♦♦♦

Աշխատանքային այցի վերջում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին։ Նա նախ նշեց, որ տեղաբաշխման հարցը ամենացավոտն ու ամենից շատ շահարկվողն է, և արդեն իսկ այդ հարցում դրական լուրջ առաջընթաց է գրանցվել։

-Ես մեր ժողովրդին խորհուրդ եմ տալիս չընկնել դեսուդեն, չճարել ծանոթներ` իրենց որդիներին, այսպես կոչված, առավել հարմար ծառայության նշանակելու համար, այլ օգնել մեզ` վերացնելու թերությունները և վերականգնելու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը բանակում և հասարակության մեջ։ Մենք լրջորեն կատարելագործում ենք բաշխման մեխանիզմը և ձգտում ենք այդ հարցում նվազագույնի հասցնել մարդկային գործոնը։

Այն հարցին, թե արդյոք սահմանային վերջին միջադեպերը որևէ ազդեցություն ունեցե՞լ են զորակոչի ընթացքի վրա, նախարար Ս. Օհանյանն ասաց.

-Ընդհակառակը, որևէ ազդեցություն չեն ունեցել. մենք քանակական առումով պլանային բոլոր առաջադրանքները կատարում ենք դրական ցուցանիշներով։ Սահմանային միջադեպերը ցույց տվեցին, որ, անհրաժեշտությունից ելնելով, հայրենիքին սպառնացող վտանգի պահին մեր ժողովուրդը միանգամից միավորվում է։ Պատերազմի բովով անցած տղաները միանգամից հայտնվեցին մեր կողքին, սահմանում կանգնած զինվորների կողքին։ Բանակի ամբողջ վարչակազմը վտանգի պահին նույնպես կանգնում է զինվորի կողքին։ Օգտվելով առիթից, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին։ Այս վերջին իրադարձությունները ցույց տվեցին նաև, թե որքան կարևոր է պայմանագրային ծառայությունը։ Մենք շարունակելու ենք ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը հատկապես սահմանամերձ գյուղերի բնակչության հաշվին։

Նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների խնդրանքով պարզաբանեց նաև կառավարության, գերատեսչությունների բարձրաստիճան աշխատողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների իմաստը։

♦♦♦

Այնուհետև Ս. Օհանյանը հանդիպեց որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ։ Զրույցի ընթացքում նա ներկայացրեց երիտասարդ զինվորների համար տարվող աշխատանքները։

-Ոչ մի զինվոր միանգամից չի հայտնվում առաջնագծում։ Նրանք գալով զորամաս` նախ անցնում են 35-օրյա պատրաստություն, ընդունում են զինվորական երդում, որից հետո ևս նախապատրաստվում են չորսուկես ամիս։ Իսկ երբ սահմանի որևէ հատվածում լարվածություն է առաջանում, մենք ուժեղացնում ենք այդ և բոլոր հատվածների պահպանությունը, իսկ եթե ավելի լուրջ խնդիրներ առաջանան, սահմանային զորամասերն առաջին հերթին կհամալրվեն այդ տարածքում մարտնչող կամավորական ջոկատներով։ Որդիներին ազգային բանակ ճանապարհող վարդենիսցի նախկին ազատամարտիկները՝ Արմենակ Արմենակյանի ջոկատից, նշեցին, որ խնդիրներ չեն տեսնում և այժմ էլ պատրաստ են իրենց տղաների հետ պաշտպանելու հայրենիքը։

♦♦♦

Նույն օրը հավաքակայանից զորամասեր մեկնեցին բազմաթիվ զինակոչիկներ։ Նրանց մեջ էին գորիսեցիներ՝ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ Նարեկ Մոսինյանը, հայկական պետական ճարտարագիտական համալսարանի շրջանավարտ Տիգրան Մուշեղյանը, նրա ազգական, Գորիսի պետական համալսարանի շրջանավարտ Լևոն Մաշուրյանը, ագրարային համալսարանի շրջանավարտ Վաղարշակ Ալավերդյանը, Գորիսի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի շրջանավարտ խնձորեսկցի Հայկ Այվազյանը, նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ քարաշենցի Տիգրան Հովսեփյանը, Խոր գյուղից Գորիսի գյուղատնտեսական քոլեջի սովորող Արմո Գաբրիելյանը, նրա համագյուղացի, զինվորական ծառայության համար մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքից վերադարձած Ստեփան Սահակյանը։ Բոլորն էլ առողջ էին, ֆիզիկապես ամուր, հոգեպես՝ պատրաստ ծառայելու հայրենիքին։

♦♦♦

Հավաքակայանի տղաների մեջ իր հոյակապ կազմվածքով առանձնանում էր զինակոչիկ Սամվել Բարսեղյանը.

-Աշոցքից եմ,- զրույցի ընթացքում ասաց նա,- քսանմեկ տարեկան եմ, ավարտել եմ ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտը։ Հասակս 180 սմ է, քաշս՝ 110 կգ, զբաղվում եմ եռամարտով։

Սամվելը բանակ էր գնում իր ընկերների՝ Մհերի, Վաչագանի և Գևորգի հետ։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #24 (940) 21.06.2012 – 27.06.2012, Բանակ և հասարակություն


27/06/2012