ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ «ԱՎՐՈՐԱՅԻՆ» ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԹԻՎ 1 ՆԱՎԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի մի խումբ պատգամավորներ, որոնք ներկայացնում են «Միասնական Ռուսաստան» շարժումը, դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «Ավրորա» հածանավին վերադարձնել երկրի ռազմածովային նավատորմի թիվ մեկ նավի կարգավիճակը:
«Ավրորան», որը 1956 թվականից համարվում է Կենտրոնական ռազմածովային թանգարանի յոթ մասնաճյուղերից մեկը, կարող է զրկվել պատմական հուշարձանի կարգավիճակից և վերածվել զվարճանքի վայրի:
Պատգամավորները նշել են, որ 2010 թվականի դեկտեմբերի 1-ի մի կարգադրությամբ հածանավի զինվորական անձնակազմը լուծարվել է և «Ավրորան» հանվել է ՌԴ ռազմածովային նավատորմի կազմից: Ի պատասխան պատգամավորական հարցման, նավատորմի գլխավոր հրամանատարը պարզաբանել է, որ անձնակազմը չի լուծարվել, իսկ «Ավրորայի» զինվորական նավի կարգավիճակը պահպանվել է:
Պատգամավորների պնդմամբ, սակայն, այդ պատասխանը չի համապատասխանում իրականությանը, քանի որ «Ավրորան» նավապետ չունի, զինանձնակազմը նկատելիորեն կրճատվել է, իսկ քաղաքացիական անձնակազմ ընդհանրապես չկա և ամենայն հավանականությամբ իրականացվում է ՌԴ պաշտպանության նախարարի հրամանի սաբոտաժ:
«Ավրորան» սկսել է կառուցվել 1887 թվականին, ջրարկվել 1900 թվականին, իսկ 1903-ից համարվել մարտական նավ: 1917 թվականի նոյեմբերի 7-ի (նոր տոմարով) երեկոյան ժամը 21.45-ին հածանավի քթամասի հրանոթների կրակոցներով տրվեց Ձմեռային պալատի գրոհի ազդանշանը:
Խորագիր՝ Նորություններ