Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒԶԲԵԿՍՏԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ՀԱՊԿ-ԻՑ



ՀԱՊԿ քարտուղարություն ուղարկված նոտայում Ուզբեկստանը հայտնել է կազմակերպությանն իր անդամակցությունը սառեցնելու մասին: Որոշման պատճառների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը միայն հայտնել է, որ ներկայում ուսումնասիրվում են քարտուղարությունում ստացված փաստաթղթերը, և իրականացվում է նրանց իրավաբանական փորձաքննություն:

Բազմաթիվ փորձագետների կարծիքով, այս որոշումը թեև վաղուց կանխատեսելի էր, բայց և այնպես Տաշքենդը դիմեց մեծ ռիսկեր պարունակող քայլի:

ՀԱՊԿ կանոնադրությունը կազմակերպության անդամ յուրաքանչյուր պետության թույլ է տալիս իր հայեցողությամբ ցանկացած պահի դադարեցնել անդամակցությունը, ինչից ժամանակին օգտվեց Վրաստանը:
1999 թվականին Ուզբեկստանը հրաժարվեց երկարաձգել կազմակերպությանն իր անդամակցության համաձայնագիրը, սակայն 2006 թվականին վերականգնեց այն:

ՌԴ դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Միխայիլ Մարգելովի կարծիքով, Ուզբեկստանի` Հավաքական անվտանգության կոլեկտիվ պայմանագրին անդամակցությունը դադարեցնելու մարտավարական քայլը կարող է Տաշքենդին կանգնեցնել ռազմավարական նշանակության բարդությունների առջև:

Տաջիկստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Ամիրկուլ Ազիմովի կարծիքով, ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի հեռանալը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի իրավիճակի վրա:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


29/06/2012