ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՍԿՍԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՌԴ արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում ՌԴ ներկայացուցիչ Գրիգորի Բերդեննիկովը հայտնել է, որ բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել իր դիրքորոշումը հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգի նկատմամբ:
Միացյալ Նահանգների վարչակազմը պնդում է շարունակել սպառազինությունների, այդ թվում նաև ոչ ռազմավարական, ինչպես նաև չտեղակայված սպառազինությունների հետագա կրճատման վերաբերյալ բանակցությունները և նույնիսկ հայտարարել է, թե ներկայում ընթանում է բանակցությունների նախապատրաստական փուլը:
Բերդեննիկովը հայտարարել է, որ այս հարցում Մոսկվայի դիրքորոշումը հետևյալն է. առաջ ընթանալու համար պետք է սկզբում կյանքի կոչել հարձակողական ռազմավարական սպառազինությունների կրճատման համաձայնագրի շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները, իսկ բանակցությունների հաջորդ փուլից առաջ անհրաժեշտ է հաշվի առնել ռազմավարական իրավիճակի վրա ազդող բոլոր խնդիրները, այդ թվում նաև հակահրթիռային պաշտպանության համակարգի ծավալման վերաբերյալ Վաշինգտոնի պլանները: Իսկ եթե Միացյալ Նահանգները չեն ցանկանում սահմանափակել այդ համակարգը, անհնար է սպառազինությունների կրճատման ասպարեզում առաջ ընթանալ, և ներկայում բանակցությունների կամ դրանց նախապատրաստական փուլի մասին խոսք անգամ չի կարող լինել:
Նա տարակուսանք է հայտնել այդ մասին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարության առնչությամբ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական