ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՕՐ
Պաշտպանության նախարարի հրամանով ամեն տարվա հունիս ամսվա վերջին կիրակի օրը ՀՀ զինված ուժերում նշվելու է որպես ռազմական սպորտի օր։ Հունիսի 24-ին՝ կիրակի օրը, ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ առաջին անգամ նշվեց ռազմական սպորտի օրը, ինչի կապակցությամբ շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասաց.
-Այսօրվա բուն նպատակը զինված ուժերում ֆիզպատրաստության մակարդակը բարձրացնելն է։ Միջոցառումը լոկ մեկ օրով չպետք է սահմանափակվի, այն պետք է ուղղորդվի ամենօրյա մարզումներով։ Ինքս ինձ համար մարզումների համալիր ծրագիր եմ մշակել և մշտապես մարզվում եմ, խորհուրդ կտայի, որ ձեզանից յուրաքանչյուրը մարզվելը, սպորտով զբաղվելը դարձներ իր առօրյայի բաղադրիչներից մեկը։ Մշտապես մարզվելով՝ դուք կկոփեք ձեր մարմինը, ձեր առողջությունը, իսկ ֆիզիկապես առողջ մարդը նախևառաջ հայրենիքի լավ պաշտպան է, որի համար դյուրին է դառնում ոչ միայն ֆիզիկական ծանր, այլև մտավոր աշխատանքը։
Նախարարը միջոցառման մասնակիցներին նաև հորդորեց զերծ մնալ գիշերներն ուտելու գայթակղությունից և հնարավորինս շուտ ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Պաշտպանության նախարարի ելույթից հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին մարզական համալիր, որտեղ էլ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազդարարեց մրցումների մեկնարկը։