Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ… …ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐԸ



Գայոս Հուլիոս Կեսարը (Ք. ա. 100- 44) Հին Հռոմի մեծագույն քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է: Հուլիոսների նշանավոր պատրիկական գերդաստանից սերած երիտասարդը պետական ծառայությունն սկսել է Ք. ա 81թ. Փոքր Ասիայում: Մասնակցել է Հռոմի ոխերիմ թշնամու` Միհրդատ Պոնտացու դեմ պատերազմին, ստացել զինվորական տրիբունի կոչում:

Շուրջ քսանամյա ծառայությունից հետո` Ք. ա. 62թ., արդեն բազմափորձ ու հմուտ քաղաքական և ռազմական գործիչը նշանակվում է Հռոմի ծայրագավառներից մեկի` Իսպանիայի կառավարիչ: Նրան հաջողվում է կարճ ժամանակում հնազանդեցնել տեղի ապստամբական ուժերին, կարգավորել պրովինցիայի տնտեսական և քաղաքական կացությունը և նրա անմիջական կապը կենտրոնի` Հռոմի հետ:

Ք. ա. 61թ. Հուլիոս Կեսարը վերադարձավ Հռոմ և ընտրվեց կոնսուլ: Սակայն Կեսարի գերագույն նպատակը Հռոմում միահեծան իշխանության հասնելն էր: Այդ ճանապարհին նրա առաջին քայլը Հռոմի երկու այլ ազդեցիկ քաղաքական և ռազմական գործիչների` Մարկոս Կրասոսի և Գնեոս Պոմպեոսի հետ եռապետություն կազմելն էր:

Ք. ա. 50-ական թվականներին Հուլիոս Կեսարը նվաճողական գործողություններ է իրականացնում Գալիայում` արդյունքում զավթելով ողջ Անդրալպյան Գալիան (ներկայիս Ֆրանսիայի տարածքը): Այդ ընթացքում Մարկոս Կրասոսը ռազմական գործողություններ էր մղում արևելքում: Ք. ա. 53թ. Միջագետքի Խառան քաղաքի մոտ պարթևական զորքերը գլխովին ջախջախում են հռոմեական բանակը: Զոհվածների թվում էր նաև հրամանատարը` Մարկոս Կրասոսը: Վերջինիս գլուխը բերվում է Արտաշատ, որտեղ այդ ժամանակ հյուրընկալվում էր պարթևական Օրոդես արքան, և ի ցույց է դրվում թատրոնում` Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ներկայացման ընթացքում:

Ինչ վերաբերում է Պոմպեոսին, ապա նրան խստորեն անհանգստացնում էր Կեսարի ազդեցության օրեցօր ընդլայնումը: Ուստի նա սենատի անունից Կեսարից պահանջում է վայր դնել իր լիազորությունները և զորացրել բանակը: Սակայն Կեսարը կտրականապես մերժում է, չնայած քաջ գիտակցում էր, թե իր մերժումը ինչ հետևանքներով է հղի: Արդարև, սենատի արձագանքը չի ուշանում. Կեսարը հայտարարվում է հայրենիքի թշնամի:

Ք. ա. 49թ. իր զորքով անցնելով հյուսիսային սահմանը` Ռուբիկոն գետը, որը միաժամանակ իր լիազորությունների սահմանագիծն էր, Հուլիոս Կեսարը մտնում է Իտալիա, գրեթե առանց դիմադրության գրավում Հռոմը և հռչակվում ժամանակավոր դիկտատոր: Սկսվում է քառամյա (Ք. ա. 49-45) քաղաքացիական պատերազմը Պոմպեոսի գլխավորած սենատի զորքերի և Կեսարի բանակի միջև, որն ավարտվում է վերջինիս անվերապահ հաղթանակով: Պոմպեոսը փախչում է Եգիպտոս, որտեղ և սպանվում է Կեսարի համախոհների կողմից:

Եգիպտոս ներխուժած Կեսարը պարտության է մատնում եգիպտական զորքին և երկրի գահը շնորհում Կլեոպատրա 7-րդին: Ապա, անցնելով Փոքր Ասիա, նա պարտության է մատնում նաև Միհրդատ Եվպատորի որդուն` Փառնակեսին: Այս հաղթանակի մասին սենատին հղված հակիրճ տեղեկատվությունը` Veni, vidi, vici (Եկա, տեսա, հաղթեցի), հետագայում թևավոր խոսք է դառնում:

Ք. ա. 44թ. Հուլիոս Կեսարը սենատի կողմից հռչակվում է ցմահ դիկտատոր և ստանձնում երկրի բոլոր զորքերի հրամանատարությունը, ինչպես նաև ստանում է մշտապես դափնեպսակ և ծիրանի կրելու իրավունք: Իսկ ժողովրդի կողմից նա արդեն ճանաչվում էր «հայր հայրենյաց» պատվանունով:

Հռոմի արտաքին հզորության ամրապնդմանը զուգընթաց` Կեսարը զարգացնում է երկրի ներքին տնտեսական կյանքը, կարգավորում ծայրագավառների կառավարումը, անցկացնում վարչական, դրամական, տոմարական բարեփոխումներ:

Իր հայացքներով լինելով հանրապետական` նա, ըստ էության, դարձավ միանձնյա ինքնակալ` պահպանելով իր քաղաքական գործունեության բնորոշ գիծը` տարբեր գաղափարական խմբավորումների միջև խուսանավելու ունակությունը, որն այդպես էլ կոչվեց` կեսարականություն: Հակառակ իր նախորդների` Կեսարը ոչ թե հալածում էր իր քաղաքական հակառակորդներին, այլ ամեն կերպ աշխատում էր սիրաշահել և իր կողմը գրավել նրանց: Սակայն այդ ևս չփրկեց նրան դավադիր ուժերի` թիկունքից հասցրած հարվածից:

Ք. ա. 44թ. մարտի 3-ին նրա միահեծան իշխանությունից դժգոհ հանրապետականները նրա մտերիմներից մեկի` Մարկոս Բրուտոսի գլխավորությամբ դավադրություն կազմակերպեցին և սենատի շենքում սպանեցին նրան:

Հուլիոս Կեսարը բեղմնավոր գրիչ ուներ. հեղինակել է բանաստեղծություններ, ճառեր, պատմագիտական երկեր, որոնցից պահպանվել են երկուսը` «Նոթեր Գալլական պատերազմի մասին» և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» եռահատոր երկերը:

ԱՍՈՒՅԹՆԵՐ

«Ես դեռևս ոչ մի նշանակալից բան չեմ կատարել, այնինչ Ալեքսանդրը իմ տարիքում արդեն նվաճել էր ողջ աշխարհը»:

Ըստ Պլուտարքոսի` այսպես է արտահայտվել Հուլիոս Կեսարը` Ալեքսանդր Մեծի նվաճումների մասին գիրքը կարդալուց հետո:

♦♦♦

«Ավելի լավ է լինել առաջինը այստեղ, քան երկրորդը` Հռոմում»:

Այս արտահայտությունը Հուլիոս Կեսարն ասել է Ք. ա. 58թ., երբ Իսպանիայի ճանապարհին անցնում էր մի աղքատ գալիական քաղաքի մոտով:

♦♦♦

«Հաջողությունը մեծ դեր է խաղում ամեն բանում և հատկապես պատերազմական գործերում»:

Արտահայտությունը Հուլիոս Կեսարի «Նոթեր Գալիական պատերազմի վերաբերյալ» երկից է:

♦♦♦

«Զորավարի խնդիրն է` հաղթել նույնքան խելքով, որքան թրով»:

Հուլիոս Կեսարի «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից:

♦♦♦

«Ով վստահ է, որ կստանա ամբողջը, չի բավարարվի մի մասով»:

Արտահայտությունը «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» երկից է:

♦♦♦

«Լուրը հաճախ կանխում է իրադարձությունը»:

Այս արտահայտությունը ևս քաղված է վերևում հիշատակված երկից:

♦♦♦

«Ռուբիկոնն անցնել»:

Ըստ Պլուտարքոսի և այլ պատմիչների` Ք. ա. 49թ. դեպի Հռոմ արշավող Հուլիոս Կեսարը հասավ Ռուբիկոն գետին, որը Ումբրիան սահմանազատում էր Հյուսիսային Իտալիայից: Գետանցումը կնշանակեր պատերազմ հայտարարել սենատին: Ըստ Սվետոնիոսի «Աստվածային Հուլիոսը» երկի` Կեսարը մի պահ երկմտում է. «Դեռևս կարելի է հետ դառնալ, սակայն բավական է անցնել այս կամրջակը, և ամեն բան կորոշի զենքը»: Եվ այսուհանդերձ, Կեսարը անցավ գետը, արագ ռազմերթ կատարեց և գրավեց Հռոմը: Ասույթը օգտագործվում է վճռական, անդառնալի քայլ նշելու համար:

♦♦♦

«Վիճակը գցված է»:

Ըստ Սվետոնիոսի` Ռուբիկոնն անցնելիս այս խոսքերն է բացականչել Կեսարը:

♦♦♦

«Ինձ համար անհամեմատ դժվար է ասել այդ, քան անել»:

Հուլիոս Կեսարի այս խոսքերն ուղղված են ժողովրդական տրիբուններից մեկին, որը փորձում էր արգելել նրան` պետական գանձարանից գումար վերցնել: Կեսարը սպառնում է սպանել նրան` ասելով` «Գիտցիր վերջապես, որ ինձ համար անհամեմատ դժվար է ասել այդ, քան անել»:

♦♦♦

«Եկա, տեսա, հաղթեցի»:

Ըստ Պլուտարքոսի` Կեսարը այս հակիրճ զեկույցն է հղել հռոմեական սենատ Ք. ա. 47թ. Պոնտոսի արքա Փառնակեսի նկատմամբ հաղթանակից հետո: Ըստ Սվետոնիոսի` Կեսարի պոնտական արշավանքի ժամանակ տախտակի վրա գրված այս արտահայտությունը տանում էին նրա առջևից:

♦♦♦

«Դեռևս ոչինչ արված չէ, քանի դեռ ինչ-որ բան մնացել է անելու»:

Կեսարը այս արտահայտությունը արել է Ք. ա. 49թ. Պոմպեոսի զորքի մնացորդներին հետապնդելիս:

♦♦♦

«Գոյություն ունի երկու բան, որ հաստատում, պաշտպանում և հզորացնում է իշխանությունը` զորքը և փողը, և մեկն առանց մյուսի նրանք իմաստ չունեն»:

Մեջբերվում է Դ. Կասիուսի «Հռոմեական պատմություն» երկից:

♦♦♦

«Ավելի լավ է մեկ անգամ մեռնել, քան մշտապես սպասել մահվան»:

Ըստ Պլուտարքոսի` սա Կեսարի պատասխանն է նրանց, ովքեր առաջարկում էին իրեն շրջապատել թիկնապահներով:

♦♦♦

«- Մահվան ո՞ր տեսակն է լավագույնը:

– Անսպասելին»:

Ըստ Պլուտարքոսի` այսպես է պատասխանել Կեսարը` իր մահվանից մեկ օր առաջ:

♦♦♦

«Եվ դու՞, որդի՛ս»:

Կեսարի այս արտահայտությունը ուղղված է իրեն դաշունահարողին: Սվետոնիոսը հավանաբար ակնարկում էր, որ շատերը Բրուտոսին համարում էին Կեսարի որդին` Սերվիլիայի` Բրուտոսի մոր հետ նրա կապից: Արտահայտությունը առավել հայտնի է. «Եվ դու՞, Բրուտո՛ս» տարբերակով:

Պատրաստեց ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Պատմության էջերից


04/07/2012