Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

50 ՏԱՐԻ՝ ՇԱՐՔՈՒՄ



Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Մարտական աշխատանք» ցիկլի դասախոս գնդապետ ՆԵՐՍԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ 70 տարեկան է։

-Պարոն Մուրադյան, 70-ամյակը պատկառելի կենսագրություն է, առավել ևս, երբ մարդ ավելի քան 50 տարի զինվորական համազգեստ է կրում։ Բայց ես պիտի խնդրեմ, որ ծառայական կյանքին անդրադառնանք ավելի ուշ և այժմ հիշենք անցյալի ամենանվիրական դրվագները, մարդկանց, դեպքերը, պատկերները…

-Ամենանվիրակա՞նը… մայրիկիս հիշեցի։ Անունը Վարդուն էր, տարազ էր հագնում, բերանը ծածկած էր գլխաշորով, իսկ ճակատը զարդարված էր արծաթյա դրամներով։ Հնազանդ, պարկեշտ, բարեսիրտ կին էր։ Հիշում եմ՝ ճանապարհը շեղում էր, որ չանցնի մեր կնքահոր տան մոտով, ամաչում էր, թեև կնքահայրն իր ավագ որդու տարիքին էր։ Մորս գոտուց միշտ մի փոքրիկ տոպրակ էր կախված (մենք փոստիկ էինք ասում), մեջը լիքը ասեղներ կային ու ձեռագործի պարագաներ, մայրս միշտ ինչ-որ բան էր անում, զրուցելիս էլ նրա ձեռքերը բանում էին…

Մեր ամբողջ գյուղը ծագումով էրզրումցի էր։ Հայրս… Մերգելը… Հզոր կերպար էր, բամբ ձայն ուներ, խիստ բնավորություն։ Էրզրումի բարբառով էր խոսում։ Մորս հակապատկերն էր։ Երբ չարություն էինք անում, ֆրոնտից բերած ծանր գոտիով ծեծում էր մեզ։ Ուժեղ էր ծեծում։ Չեմ մոռանա, մի անգամ ես ու հորեղբորս տղան խոսելով ընկանք և չնկատեցինք, որ խոզերը լցվել են կարտոֆիլի արտը ու դնչով փորել-հանել են սածիլները։ Էդ օրվա ծեծը շատ ուժեղ էր… Հայրս սեփական ձեռքերով 20 հեկտար խնձորի այգի էր տնկել ու խնամում էր։ Երբ խնձորենիները ծաղկում էին, այգին դրախտ էր դառնում։ Ընդհանրապես, մեր գյուղը շատ գեղեցիկ էր։

-Ի՞նչ է Ձեր գյուղի անունը, Հայաստանի ո՞ր մարզից եք Դուք։

-Ես ծնվել եմ Ծալկայի շրջանի Տարագյուղում։ Մեր գյուղը փռված էր սարի լանջերին, ալպիական մարգագետիններով։ Երբ խնձորենիներն ու տանձենիները ծաղկում էին, գյուղը թաղվում էր սպիտակ ծաղիկների մեջ։ Շքեղ տերյանական բնությունը չէր կարող չազդել մարդկանց բնավորության և զգացմունքների վրա։ Մենք զգայուն էինք, երազող, գեղեցիկի սիրահար։ Մեր գյուղը իր բարոյական ավանդույթներն ուներ, իր նահապետական վարքն ու բարքը, հայի ավանդական կերպարին բնորոշ բարոյականությամբ ու մտածելակերպով։ Մերոնց ամենավառ գիծը հայրենասիրությունն էր։ Էրզրումցիները շատ հայրենասեր են, կպած իրենց արմատներին։ Ավանդաբար փոխանցում են իրենց տոհմի մեծերի անունները, հիշում նրանց սխրագործությունները, հպարտանում։ Ես մեծացել եմ հայոց անցյալի, մեր կորուսյալ հայրենիքի մասին զրույցներով։ Բայց, եթե հայրս չպատմեր էլ, էրզրումցու իմ արյունը կշշնջար ականջիս… Արյան ձայնը անմեկնելի ուժ ու խորհուրդ ունի։ Մայրս գրաճանաչ չէր, բայց շատ լավ երաժշտական ճաշակ ու լսողություն ուներ։ Հիանալի երգում էր հայրենասիրական երգեր.

Կարկուտ տեղաց խանասորա դաշտումը,

Ֆիդային էր՝ կռիվ կաներ հավատումը,

Մի վախենա, հանգիստ կեցի, բաջի ջան,

Կանանց երբեք ձեռ տալու չէ

Վրեժխնդիր հայ ֆիդան։

Ամեն օր նման երգեր եմ լսել, դրանց օրորի տակ եմ քնել։ Աշխույժ, աչքաբաց, չարաճճի երեխա էի։ Էլեկտրական սարքեր էի սիրում, շարժիչներ։ Դպրոցում լավ էի սովորում, ինչի պատճառով էլ չարություններիս մի մասը ներվում էր։

…Մեր ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, բայց երջանիկ էինք։ Քանի որ գյուղը շնչում էր սիրով, բարությամբ, ջերմությամբ։ Մի կտոր հացը կիսում էինք կարիքավորի հետ և մարդուն երբեք մենակ չէինք թողնում նեղության մեջ։

-Ինչպե՞ս ընտրեցիք զինվորականի մասնագիտությունը։ Ի՞նչը դրդեց կիսատ թողնել ուսումը Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտում և ընդունվել Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան։

-Ավագ եղբայրս ժամկետային զինծառայությունից հետո չզորացրվեց, այլ շարունակեց ծառայությունը խորհրդային բանակի դեսանտային զորամասում։ Երբ հանդիպում էինք, նա պատմում էր զինվորական կյանքի մասին, շատ էր սիրում իր մասնագիտությունը։ Երբ ընդունվեցի Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտ, եղբայրս արդեն ընտանիք ուներ, և ես նրանց տանն էի ապրում։ Տունը զինվորական կայազորի տարածքում էր, ու ես շփվում էի զինվորականների հետ։ Հիացած էի։ Նրանք շատ գեղեցիկ, հպարտ ու պատկառելի էին զինվորական համազգեստի մեջ, իրենց կեցվածքով, բարեկրթությամբ տարբերվում էին մյուսներից, կարգապահ էին, օրինակելի, խնամված, կոկիկ։ Ես այնքան տարվեցի զինվորականի կերպարով, որ որոշեցի կիսատ թողնել ուսումս Կիրովաբադի գյուղատնտեսական ինստիտուտում և դիմել զինվորական բուհ։ Կուրսանտական կյանքի առաջին օրվանից հասկացա, որ ճիշտ ընտրություն եմ արել։ Թբիլիսիի հրետանային բարձրագույն զինվորական ուսումնարանը հզոր ավանդույթներ ուներ և զինվորական պատրաստելու մեծ փորձ։ Մասնագիտական բարձր գիտելիքներ տալուց զատ, բուհը խնդիր ուներ պատրաստելու բազմակողմանի զարգացած, կրթված, բարոյական բարձր արժեքներով տոգորված սպաներ։ Ծառայությունս սկսել եմ Մերձբալթյան ռազմական օկրուգում՝ դասակի հրամանատարից։ Ծառայել եմ նաև արտերկրում տեղակայված խորհրդային զորքերում։ Այնուհետև վերադառնալով Խորհրդային Միություն, հասել եմ դիվիզիոնի հրամանատարի պաշտոնին։ Ավարտել եմ նաև Լենինգրադի ակադեմիային կից բարձրագույն սպայական դասընթացները։ Եղել եմ հրետանային գնդի շտաբի պետ։

-Ի՞նչն է կարևորը զինվորական հրամանատարի աշխատանքում, ո՞րն է հաջողության հասնելու ամենագլխավոր կռվանը։

-Դասակի հրամանատարի աշխատանքում ամենակարևորը զինվորական կոլեկտիվում ճիշտ դերաբաշխում կատարելն է և ճիշտ չափանիշներով առաջնորդվելը։ Դասակի հրամանատարը պետք է հենվի ոչ թե իշխելու, բռնանալու հակում ունեցող, այլ խելացի, զարգացած, բարեկիրթ, ընկերասեր զինվորների վրա ու նրանց դարձնի առաջնորդ և օրինակ զինվորական կոլեկտիվում։ Դասակի հրամանատարը պետք է ունենա անհատական-հոգեբանական աշխատանք տանելու ունակություններ և կարողանա լեզու գտնել բարդ բնավորությամբ զինվորների հետ։

Ավագ հրամկազմի աշխատանքում ամենակարևորը ենթակա անձնակազմի ճիշտ ընտրությունն է։ Չտրամաբանված կադրային քաղաքականությունը, կադրային քաղաքականության սխալները կարող են ծանր հետևանքներ ունենալ, ընդհուպ՝ քանդել զինվորական կառույցը։ Կադրերի գնահատման չափանիշ պետք է լինեն սպայի ծառայողական արդյունքներն ու բարոյական նկարագիրը, ոչ թե հրամանատարի անձնական շահագրգռվածությունն ու սուբյեկտիվ վերաբերմունքը։ Ավագ սպան պետք է օրինակ դառնա կրտսեր հրամկազմի և զինվորների համար։ Ամեն ինչով պետք է օրինակելի լինի՝ վարքով, բարոյական նկարագրով…

-Դուք 1988-ին վերադարձել եք Հայաստան և նշանակվել դպրոցի զինղեկ։ Ի՞նչ փորձառություն եք ձեռք բերել այդ տարիներին։

-Զինղեկի աշխատանքը համարում եմ շատ կարևոր ու պատասխանատու։ Առաջին անգամ հայ պատանին զինղեկի միջոցով է շփվում ռազմական գործի, զենքի հետ, կատարում է զինվորական ճանապարհի առաջին քայլերը։ Կսիրի՞ զենքը, զինվորական գործը, ինչպե՞ս կվերաբերվի զինվորական ծառայությանը, ինչպիսի՞ պատասխանատվությամբ ու նվիրումով՝ կախված է զինղեկից։ Ես հոգով եմ աշխատել, սիրել եմ իմ գործը, կարևորելով իմ աշխատանքը։ Իմ աշակերտները միշտ առաջին տեղն են գրավել հրաձգությունից։ Ես նրանց տանում էի Արմավիրի զորավարժարան, պարբերաբար լինում էին հրաձգարանում։ Պատանուն կրակել սովորեցնելը զուտ տեխնիկական ուսուցում ու հմտություն չէ, այլ հոգեբանական խնդիր, որն անպայման ենթադրում է՝ ինչու և ում վրա կրակել, ում պաշտպանել և ինչից։ Ես սաներիս հանձնարարում էի կարդալ պատմական գրականություն, ծանոթացնում էի հայ և համաշխարհային ռազմարվեստի ավանդույթներին, մեծերին։ Դպրոցականները երեք տարի զինպատրաստություն են սովորում, և այդ ժամանակաշրջանը կարելի է շատ արդյունավետ օգտագործել ու բանակ ուղարկել զինծառայությանը ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ, որոշակի ռազմական գիտելիքներ ունեցող, իրենց զինվորանալու խնդիրը գիտակցող և հայրենասեր զինվորներ։

-Դուք մասնակցե՞լ եք Արցախյան պատերազմին։

-Այո՛։ Ես 1992-ին զորակոչվել եմ հայկական բանակ։ 1993-95թթ. եղել հրթիռահրետանային զորքերի վարչության պետի տեղակալը։ Մեր ժողովուրդը իր բնույթով խաղաղասեր է, ստեղծագործ, կառուցող, սակայն այդ ամենով հանդերձ ունի բնածին ռազմական տաղանդ։ Մեր զինվորը աշխարհի ամենաընդունակ, ամենախիզախ, ամենահայրենասեր զինվորն է։ Ես կռվի դաշտում եմ եկել նման եզրակացության… Մի դեպք հիշեցի… 1994-ին, երբ ղեկավարում էի պատերազմի ամենածանր հատվածներից մեկը՝ ճակատի հրետանին, ինձ մոտեցավ մի զինվոր և ասաց, որ իմ աշակերտն է եղել։ Այնքան հոգեցունց էր ուսուցչի և աշակերտի հանդիպումը ռազմի դաշտում…

-Դուք երկար տարիներ ծառայել եք ՀՀ նախագահին առընթեր գլխավոր ռազմական տեսչությունում՝ որպես հրթիռային զորքերի և հրետանու ավագ տեսուչ։ Ի՞նչ վիճակում է բանակի հրետանին։

-Ազգային բանակի հրթիռահրետանային զորքերը կատարելագործվում են արագ տեմպերով։ Շատ կարևոր է, որ նորընծա հրետանավոր սպան ունենա ավագ օգնական, ով սկզբնական շրջանում կօգնի նրան տեսական գիտելիքներն արդյունավետ օգտագործել գործնականում։ Հրետանավորի մասնագիտությունը պահանջում է նվիրում, աշխատասիրություն, հավատարմություն… Կա հրետանավորի պատիվ հասկացությունը, որն ամփոփում է մարդկային ամենամեծ առաքինությունները՝ կամք, ուժ, հայրենասիրություն, քաջություն։ Ես ցանկանում եմ, որ ամեն մի հրետանավոր այդ պատվի ջատագովն ու կրողը դառնա։

-50 տարի շարքում լինելուց հետո էլ, այսօր, երբ արդեն զորացրվել եք, դարձյալ բանակի հետ եք՝ դասախոսում եք Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում…

-Այո՛, ես հիմա էլ շարքում եմ, որովհետև գիտելիքներս ու փորձառությունս եմ փոխանցում ապագա հրետանավորներին, կարևորում եմ իմ գործը և աշխատում եմ եռանդով, նվիրումով ու սիրով։ Մենք զգացմունքային ժողովուրդ ենք, տաքարյուն, ոգևորվող։ Հայ մարդուն կարող ես անօրինակ սխրանքի մղել՝ հարգելով, գնահատելով, հասկանալով ու ոգևորելով։ Ինքնագովություն չլինի՝ ես միշտ էլ աշխատել եմ ինձ չխնայելով, ուժերի գերլարումով։ Ամեն ինչ արել և անում եմ, որ հասնեմ առավելագույն արդյունքի։

…Այստեղ, ռազմական ինստիտուտում ես ինձ լավ եմ զգում, սիրում եմ աշխատանքս, հրաշալի գործընկերներ ունեմ։ 70-ից հետո ակնկալում եմ խաղաղ, ապահով, բայց և եռանդուն ու ձեռքբերումներով լի տարիներ։

-Պարոն Մուրադյան, «Հայ զինվորի» անունից շնորհավորում եմ Ձեր ծննդյան 70-ամյակը, թող իրականանան Ձեր բոլոր ցանկություններն ու նպատակները։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ճակատագրեր


04/07/2012