ԲԱՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ՈՐՈՆՔ ԵՆ ԵՎ ՈՐՔԱՆ
Քննենք նաև, թե ինչ են բարի գործերը, որոնց մասին ասված է Սուրբ Գրքում, և որոնք արքայության են արժանացնում դրանք գործողին, որպեսզի պահպանվի խոսքիս ամբողջական կարգը։ Թեպետև բոլորը՝ թե՛ ծերերն ու երեխաները և թե՛ քարոզողներն ու վարդապետները, ծանոթ են Աստուծո օրենքներին և Նրա բարի պատվիրաններին։
Արդ, առաջին բարին Աստված է՝ անսկիզբ ու անվախճան, որ ոչէից գոյացրեց բոլոր արարածներին։ Բոլորն էլ բարի են աստվածային Գրքերի վկայությամբ. «Տրված բարիքներն ու կատարյալ պարգևները ի վերուստ են իջնում՝ լույսի Հորից»։ Եվ՝ «Ողորմության շնորհիվ ստեղծեց բոլոր գոյացությունները»։ Դրա համար էլ մարգարեները, նահապետներն ու սուրբ առաքյալները, որքան հասու եղան Հոգով, բարի անուններ ասացին Աստուծո մասին՝ արդար, ողորմած, հեզ, երկայնամիտ, քաղցր, բարերար, սուրբ, հստակ, ճշմարիտ, ստույգ, գթած, Տեր, համբերող, կամարար, իշխան, Սաբաովթ, և այլ բազում բարի անուններով Սուրբ Գրքերում կոչեցին Աստծուն։ Եվ մեր իսկ օգտի համար ասվեց այս, որ ճանաչենք մեր Արարչին ու Նրա ողորմած կամքը։ Բայց ինչպես Ինքն անճառ է, այնպես էլ անհաս են Նրա բարիքները։ Իսկ մեր իմացած ու գործած բարիքները Աստուծո բարիքների համեմատությամբ այնպիսին են, ինչպես չարը՝ բարու կամ էլ խավարը՝ լույսի հանդեպ, որոնք վկայված են Սուրբ Գրքերում։ Իսկ այժմ ոչ թե քննենք անճառելին, այլ մեր կարողության չափով տեսնենք, թե որոնք են այն բարիքները, որ գովաբանվում են Սուրբ Գրքերում։
Արդ, առաջին և բարձրագույն բարին այն է, որ մարդը հավատա, թե Աստված ստույգ ճշմարիտ Աստված է, Արարիչ բոլոր ստեղծվածների, անսկիզբ է, անվախճան ու ամեն ինչում անճառելի, սրանից հետո ակնկալի հարություն, դատաստան և բարու և չարի հատուցում։ Եվ սրանից հետո միայն, եթե բարիք գործի, այն կընդունի Աստված, որովհետև առանց հավատքի գործերն անօգուտ են մարդու համար, ինչպես առանց հիմքի ոչ ոք չի կարող աշտարակ կառուցել, նաև աստվածային Գրքի վկայությամբ. «Հավատն առանց գործերի մեռած է»։ Որովհետև դևերը նույնպես հավատում ու սարսում են Աստծուց։ Ինչպես մեր Տերն է ասում. «Շատերն Ինձ կասեն այն օրը. «Տեր, Քո անունով դևեր հանեցինք, մարգարեացանք ու քարոզեցինք», իսկ Ես կասեմ նրանց. «Հեռացեք Ինձնից, որովհետև չեմ ճանաչում ձեզ բարի գործերում»։
Եվ արդարև, մարդը ճանաչվում է բարի գործերով, եթե նա հավատք ունի և աստվածապաշտ է։ Իսկ երբ մեկը անհույս մնում է մեղքերի մեջ և չարիք գործում, նրան բոլորն անաստված են կոչում։
Դրա համար մենք պետք է անկեղծորեն հավատանք Աստծուն, որ ստույգ ճշմարիտ Աստված է և բոլորի Դատավորը։ Եվ այսուհետև քաջությամբ ջանանք առաքինության բոլոր գործերում, որպեսզի հետո կարողանանք երկու թևերով, այսինքն՝ հավատով ու բարեգործությամբ, բարձրանալ և ելնել առ Աստված, քանզի արծիվը չի կարող մի թևով երկինք բարձրանալ։ Այդպես էլ մարդս է կոչվում արծիվ թագավորական, որովհետև պատկերակից է Աստծուն ու հոգով՝ հավասար հրեշտակներին։ Ուստի ամուր լինենք սուրբ հավատքի և առաքինության գործերի մեջ։ Եվ մեր հոգին, որ թագավորական արծիվն է, մաքուր պահենք հավատքով ու գործերով, որպեսզի կարողանանք երկու թևով բարձրանալ առ Աստված ու արժանանալ Աստուծո անբավ բարիքներին Սուրբ Հոգու շնորհներով, Որն օրհնված է Հոր և Որդու հետ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Հոգևոր-մշակութային