Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԲՈՒԼԱՎԱՆ» ԸՆԴԳՐԿՎՈՒՄ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ



Ռուսաստանի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Վիկտոր Չիրկովը հայտարարել է, որ ծովային տեղակայման Ռ-30 «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները փաստացի ընդունվել են սպառազինության, այժմ համապատասխան փաստաթղթերն են կազմվում: Նա նաև հավելել է, որ բոլոր տեխնիկական և փաստաթղթային ձևակերպումներից հետո «Բուլավա» հրթիռների հետ միասին ռազմական նավատորմի շարքերը կհամալրի «Յուրի Դոլգորուկի» նորագույն ռազմավարական ատոմային սուզանավը: Այն մարտական հերթապահության կկանգնի մինչև հուլիսի 29-ը` ՌԴ ռազմածովային նավատորմի օրը:

Ներկայումս ընթացային փորձարկումներ է անցնում նաև «Բորեյ» դասի երկրորդ ատոմային սուզանավը` «Ալեքսանդր Նևսկին»: Ինչպես «Յուրի Դոլգորուկի»-ն, այնպես էլ «Բորեյ» դասի մյուս սուզանավերի հիմնական սպառազինությունը կկազմեն «Բուլավա» հրթիռները` դառնալով ռուսական ատոմային հզորության ծովային բաղկացուցիչը:

«Բուլավա»-ն կարող է կրել մինչև տասը վերձայնային շարժունակ ատոմային մարտագլխիկներ` անհատական ուղղորդմամբ, որոնք կարող են փոփոխել թռիչքի ուղղությունը և բարձրությունը: Մինչև 150 կիլոտոննա հզորությամբ մարտագլխիկները կարող են հարվածներ հասցնել 8000 կմ հեռավորության վրա: Հրթիռը կարող է արձակվել նաև ընթացքից՝ ստորջրյա խորություններ լողալիս:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ռազմական


04/07/2012