Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ



ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի վարչության առաջին պետ, գեներալ-մայոր ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ծննդյան 70-ամյակի առթիվ

Վլադիմիր Հայրապետյանը ծնվել է 1942 թ. հունիսի 25-ին, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի Շիշկերտ գյուղում։ Նրա հայրը՝ Ասատուր Ջհանգիրի Հայրապետյանը 1939-1940 թթ. մասնակցել էր խորհրդա-ֆիննական պատերազմին և հաղթանակից հետո վերադարձել տուն։ Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, Ա.Ջ.Հայրապետյանը, որն իրավունք ուներ բանակ չզորակոչվելու, մի քանի անգամ դիմեց շրջանային զինկոմիսարիատ՝ կամավոր ռազմաճակատ մեկնելու խնդրանքով։ Միայն 1942 թ. գարնանը հարգվեց նրա դիմումը։ Այդ ժամանակ ընտանիքում արդեն երեխայի էին սպասում։ Լեյտենանտ Ասատուր Հայրապետյանը մարտական ուղին սկսեց Հարավարևմտյան ռազմաճակատում՝ Խարկովի տակ, ճաշակեց խորհրդային զորքերի համատարած նահանջի դառնությունը, հասավ մինչև Ստալինգրադ և մասնակցեց հերոս քաղաքի պաշտպանությանը։ Հենց այդ օրերին էր, երբ նա ստացավ ուշացած, բայց բաղձալի նամակը, որտեղ կինը՝ Նուբարը, հայտնում էր, որ տղա են ունեցել և անունը դրել են Վլադիմիր։ Ավաղ, Ասատուրը երբեք չտեսավ որդուն։ Ստալինգրադյան ճակատամարտի հաղթական ավարտից հետո նա մասնակցեց Ուկրաինայի ազատագրման մարտերին և 1944 թ. աշնանը հասավ Չեխոսլովակիա։ Նոյեմբերի 30-ին Սլովակիայի Միխալովցի շրջանում գտնվող Կուցանի գյուղի ազատագրման մարտում վաշտի հրամանատար, գվարդիայի լեյտենանտ Ասատուր Հայրապետյանը հերոսաբար զոհվեց՝ հետմահու պարգևատրվելով Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ Դառը մանկություն բաժին ընկավ փոքրիկ Վոլոդյային։ Նա դեռ նոր էր հասցրել դպրոց գնալ, երբ 1949 թ. մահացավ մայրը։ Նրա խնամակալությունն ստանձնեց Հայկանուշ հորաքույրը, որի ամուսինը նույնպես զոհվել էր Հայրենական մեծ պատերազմում՝ կնոջ խնամքին թողնելով չորս անչափահաս երեխաների։ Հինգերորդը դարձավ Վոլոդյան։

Մինչև 1956 թ. Վոլոդյան հորաքրոջ երեխաների հետ սովորեց Շիշկերտ գյուղի յոթնամյա դպրոցում, աչքի ընկավ իր առաջադիմությամբ, հատկապես մաթեմատիկայի իմացությամբ։ 1956 թ. Հայկանուշ հորաքրոջ ընտանիքը Շիշկերտից տեղափոխվեց Երևանի Շահումյանի շրջան (Մալաթիա) և բնակություն հաստատեց այնտեղ։ Վոլոդյան նոր վայրում ուսումը շարունակեց թիվ 90 միջնակարգ դպրոցում, որն ավարտեց 1960 թվականին։ Դպրոցն ավարտելուց հետո, ընտանիքի հոգսը որոշ չափով թեթևացնելու նպատակով, Վոլոդյան մինչև 1961թ. հուլիս աշխատեց Մալաթիայի տրիկոտաժի ֆաբրիկայում, իսկ երբ եկավ բանակ զորակոչվելու ժամանակը, ներկայացավ զինկոմիսարիատ։ Հաշվի առնելով ֆիզիկապես ամուր և մաթեմատիկական առարկաներից դպրոցը գերազանց գնահատականներով ավարտած զինակոչիկի դիմումը՝ նրան ուղարկեցին սովորելու Կովկասյան Կարմրադրոշ զինվորական օկրուգի Թբիլիսիի հրետանային ուսումնարան։ Ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո 19-ամյա պատանին 1961թ. սեպտեմբերի 1-ին ընդունվեց մարտական հարուստ ավանդույթներ և լավ համբավ ունեցող այդ զինվորական հաստատությունը։ Այդ օրվանից մինչև այսօր էլ Վ.Ա.Հայրապետյանը նվիրվեց հայրենիքի զինված պաշտպանության սուրբ գործին։

1964 թ. հուլիսի 28-ին Վլադիմիր Ասատուրի Հայրապետյանը գերազանցության կարմիր դիպլոմով ավարտում է ուսումնարանը՝ լեյտենանտի կոչումով։ Այնուհետև նա ծառայությունը շարունակում է Անդրկարպատյան զինվորական օկրուգում՝ Ուժգորորդ քաղաքում տեղաբաշխված գնդում` որպես հրետանային դասակի հրամանատար։ 1966թ. սեպտեմբերի 13-ին լեյտենանտ Վ.Ա.Հայրապետյանը ծառայությունը շարունակում է Գերմանիայում տեղաբաշխված խորհրդային զորքերի խմբում, սկզբում որպես 120 մմ ականանետային դասակի, ապա մարտկոցի հրամանատար։ 1967թ. նրան շնորհվում է ավագ լեյտենանտի կոչում։ 1967թ. Մագդեբուրգ քաղաքում ծնվում է նրա առաջնեկը՝ Ասատուրը։ (Վ.Ա.Հայրապետյանը ամուսնացել էր դեռևս 1965թ. Երևանում՝ իր դպրոցական ընկերուհու՝ Խաթուն Գույումջյանի հետ)։

Խոստումնալից հրետանավոր սպայի մարտավարական և հրամանատարական ունակությունների շնորհիվ հրամանատարությունը 1968թ. օգոստոսին ավագ լեյտենանտ Վ.Ա. Հայրապետյանին թույլ տվեց քննություններ հանձնել Լենինգրադի Մ.Ի.Կալինինի անվան հրետանային ռազմական ակադեմիա ընդունվելու համար։ Հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները` ավագ լեյտենանտ Վ.Ա.Հայրապետյանը 1968թ. սեպտեմբերի 1-ին ընդունվեց ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետ։ Ակադեմիայում նա սովորում էր միայն «լավ» ու «գերազանց» գնահատականներով։ Ուսման ընթացքում ձեռք բերած հաջողությունները` հրամանատարությունը Վ.Ա.Հայրապետյանին 1970թ. նոյեմբերի 18-ին՝ Հրետանու և հրթիռային զորքերի տոնի նախօրյակին, շնորհեց կապիտանի զինվորական կոչում։ Ակադեմիայում սովորելու տարիներին կապիտան Վ.Ա. Հայրապետյանը պարգևատրվեց նաև «Զինվորական արիության համար» և «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալներով։ 1971թ. դեկտեմբերի 21-ին Լենինգրադում ծնվեց Վ.Ա.Հայրապետյանի աղջիկը՝ Գայանեն։

1972թ. հունիսի 23-ին ավարտելով հրետանային ակադեմիան` կապիտան Վ.Ա.Հայրապետյանը նշանակվում է Բելառուսական զինվորական օկրուգի` Օսիպովիչի քաղաքում գտնվող հրետանային դիվիզիոնի հրամանատար։ 1974թ. օգոստոսին կապիտան Վ.Ա.Հայրապետյանը զինվորական ծառայությունը շարունակում է Հեռավորարևելյան զինվորական օկրուգում` որպես կործանիչ-հակատանկային գնդի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։ 1975թ. փետրվարի 10-ին Վ.Ա.Հայրապետյանին շնորհվում է մայորի կոչում։

Մայոր Վ.Ա.Հայրապետյանը 1975թ. նոյեմբերի 21-ին նշանակվում է նույն օկրուգի` Պրիմորիեի Պանտելեյմոնովկա բնակավայրում տեղաբաշխված 378-րդ հրետանային գնդի հրամանատարի պաշտոնում։ Միաժամանակ Վ.Ա.Հայրապետյանին արտահերթ շնորհվում է փոխգնդապետի կոչում։ Գնդի հրամանատար եղած ժամանակ փոխգնդապետ Վ.Ա.Հայրապետյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալով և «ԽՍՀՄ զինված ուժերում հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։

Նկատի առնելով փոխգնդապետ Վ.Ա.Հայրապետյանի զինվորական ունակությունները՝ հրամանատարությունը նրան 1980թ. նշանակեց Հեռավորարևելյան զինվորական օկրուգի 25-րդ բանակային կորպուսի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պատասխանատու պաշտոնում։ Կորպուսի զորքերը տեղաբաշխված էին Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքում։ Մեկ տարի անց՝ 1981թ. մայիսի 7-ին, Վ.Ա.Հայրապետյանին շնորհվում է գնդապետի կոչում։ 1982թ. մայիսի 25-ին գնդապետ Վ.Ա.Հայրապետյանն ստանձնում է Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի 12-րդ բանակային կորպուսի հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետի պաշտոնը։ Կորպուսի շտաբը տեղակայված էր Կրասնոդար քաղաքում։ 1986-1989 թթ. գնդապետ Վ.Ա. Հայրապետյանը նման պաշտոն է վարում 28-րդ բանակային կորպուսում, որը տեղակայված էր Չեխոսլովակիայի Օլոմոուց քաղաքում։ 1989թ. նա նշանակվում է նույն կորպուսի հրթիռահրետանային զորքերի գլխավոր հրամանատար, որը համարվում էր գեներալական պաշտոն։ 1990թ. մարտին կորպուսը Չեխոսլովակիայից տեղափոխվում է Սիբիրյան զինվորական օկրուգ և տեղակայվում Կեմերովո քաղաքում։

Լինելով Հայաստանից հեռու՝ գնդապետ Վ.Ա.Հայրապետյանը մշտապես հետևում էր հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին։ 1992թ. հունվարին նա գալիս է Երևան, հանդիպում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին և առաջարկում իր ծառայությունը: Վազգեն Սարգսյանը մեծ սիրով ընդունեց նրան և տվեց իր համաձայնությունը, ապա եւ գնդապետ Վ.Ա.Հայրապետյանը դիմեց Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին՝ իրեն ուղարկել ՀՀ նորաստեղծ զինված ուժերում ծառայությունը շարունակելու խնդրանքով։ Նույն թվականի մայիսին հարգվեց գնդապետ Վ.Ա. Հայրապետյանի դիմումը, և նա վերադարձավ Հայաստան։

ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, հաշվի առնելով հրթիռահրետանային զորքերում գնդապետի 31-ամյա անբասիր ծառայությունը, իր 1992 հունիսի 13-ի հրամանով Վ.Ա.Հայրապետյանին նշանակեց ՀՀ ՊՆ հրթիռային և հրետանային զորքերի վարչության առաջին պետ։ Իրեն յուրահատուկ եռանդով գնդապետ Վ.Ա.Հայրապետյանը անմիջապես ձեռնամուխ եղավ նորաստեղծ հայոց բանակի ամենակարևոր կրակային ուժի ձևավորման և Արցախյան ազատագրական պատերազմում հրետանու մասնակցության կարևոր գործին։ Հարկավոր էր ամենից առաջ կարճ ժամանակամիջոցում համալրել հրամանատարական կազմը հրետանային ուսումնարաններ ու ակադեմիաներ ավարտած սպաներով, ձեռք բերել անհրաժեշտ քանակությամբ հրանոթներ, զենք և զինամթերք՝ Հայաստանում տեղակայված ռուսական 7-րդ գվարդիական բանակի զորամասերի և զինանոցների հաշվին կահավորելու ձեռքի տակ եղած զորանոցները, ինչպես նաեւ ստեղծել հրետանային ստորաբաժանումներ ու զորամասեր, հրաձգարաններ և վարժակայաններ։

Հրթիռահրետանային զորքերը համապատասխան կադրերով համալրելու գործում գնդապետ Վ.Ա. Հայրապետյանին մեծ օգնություն ցույց տվեցին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, նրա տեղակալ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, ՀՀ հանրապետական և շրջանային զինկոմիսարիատները՝ գեներալ-մայոր Արտյուշա Թադևոսի Հարությունյանի գլխավորությամբ։ Կարճ ժամանակամիջոցում հրետանային ուսումնարաններ ու ակադեմիաներ ավարտած ավելի քան 50 սպաներ նշանակումներ ստացան ինչպես հրետանային վարչություններում, այնպես էլ նորաստեղծ հրետանային ստորաբաժանումներում և զորամասերում։ Այսպես, օրինակ, հրետանային ակադեմիա ավարտած գնդապետ Առնո Արշակի Տատինցյանը նշանակվեց վարչության շտաբի պետ, իսկ հետո այդ պաշտոնում նրան փոխարինեց նույնպես հրետանային ակադեմիա ավարտած գնդապետ Լևոն Արշավիրի Միքայելյանը։ Վարչության շտաբում պատասխանատու պաշտոնների նշանակվեցին գնդապետներ՝ Ներսես Մերգելի Մուրադյանը, Կամո Սրապիոնի Մանուկյանը, Մարատ Սեմյոնի Ղարիբյանը և ուրիշներ։ Հրետանային բրիգադի հրամանատար նշանակվեց փոխգնդապետ Միքայել Գուրգենի Գրիգորյանը (այժմ գեներալ-լեյտենանտ), որին հետո փոխարինեց փոխգնդապետ Ռազմիկ Ռաֆիկի Գարեգինյանը, հրետանային գնդերի հրամանատարներ նշանակվեցին գնդապետներ՝ Էնրիկո Ալեքսանդրի Ապրիամովը (այժմ գեներալ-լեյտենանտ), Մարտին Նազարի Կարապետյանը (այժմ գեներալ-լեյտենանտ, Վ. Սարգսյանի անվան ինստիտուտի պետ), Ալբերտ Աշոտի Դավթյանը, այնուհետև՝ Ալբերտ Լևոնի Մկրտչյանը, Ռայմոնդ Արմենակի Մագաուզյանը և ուրիշներ։ Հայկական բանակում բարձր պաշտոնի նշանակվեցին նաև հրետանային ուսումնարաններ ավարտած գեներալ-մայոր (այժմ գեներալ-լեյտենանտ) Մուրազ Սարուխանի Սարկիսյանը, գնդապետ Ալիկ Արամի Մարտիրոսյանը (ՀՀ զինկոմի առաջին տեղակալ) և ուրիշներ։

Հայկական հրետանային առաջին ստորաբաժանումները լեռնային պայմաններում մարտական գործողությունների ժամանակ իրենց դրսևորեցին գերազանց՝ հուսալի կրակային վահան ստեղծելով ֆիդայական ջոկատների ու մոտոհրաձիգների համար և մեծ դեր կատարեցին Արցախյան ազատագրական պատերազմում հաղթանակի հասնելու համար։ Հրետանային և հրթիռային զորքերի վարչության պետը անձամբ է բազմիցս մասնակցել մարտական գործողություններին և իր խիզախությամբ օրինակ հանդիսացել հայ քաջորդիների համար։ Նա կամավոր 1992-1994 թթ. ակտիվորեն մասնակցել է Լաչինի, Քարվաճառի, Օմարի լեռնանցքի, Կապանի շրջանի և այլ վայրերում տեղի ունեցած վճռորոշ գործողություններին։ 1992թ. հոկտեմբերի 8-ին, լինելով առաջին գծում և ղեկավարելով հրետանու կրակը, գնդապետ Վ.Ա.Հայրապետյանը նպաստեց Լաչինի (այժմ Բերձոր) շրջանում տարած հաղթանակին։ Այդ մարտում նա վիրավորվեց ձեռքից, սակայն չթողեց հրամանատարական կետը մինչև մարտի ավարտը։ Իր խիզախությամբ գնդապետ Վ.Ա.Հայրապետյանը աչքի ընկավ նաև 1994թ. հունվարի 1-ից մինչև փետրվարի 25-ը տեղի ունեցած Քարվաճառի 2-րդ գործողության ժամանակ, որն ավարտվեց Օմարի լեռնագագաթի գրավումով։ Մարտերից մեկի ժամանակ, թշնամու կրակի տակ ամեն վայրկյան վտանգի ենթարկելով կյանքը, Վ.Ա.Հայրապետյանը «Կամազ» ավտոմեքենայով Սեյիդլարից տեղափոխում է լքված 4 միավոր «Դ-30» հրանոթը, վերացնում անսարքություններն ու սպանիչ կրակ բացում թշնամու վրա` խուճապ առաջացնելով նրա շարքերում։ Քաջալերվելով կատարվածից՝ հայկական ուժերը շարունակում են հարձակումը եւ թշնամուն ցած նետում Օմարի բարձունքից, ազատագրելով հարակից բնակավայրերը։

Վ.Ա.Հայրապետյանը պատերազմի յուրաքանչյուր դադարը կարողանում էր ծառայեցնել հրետանու ամրապնդման և կատարելագործման գործին։ Նա մեծ ջանք էր թափում նորաստեղծ հրետանային ստորաբաժանումները հմուտ մասնագետ-կադրերով համալրելու, ուսումնական բազաներ և հրաձգարաններ ստեղծելու համար։ Նրա նախաձեռնությամբ բացվեցին հրետանավոր սպաների վերապատրաստման առաջին դասընթացները և կազմավորվեց առաջին ուսումնական հրետանային գունդը։ Իսկ երբ բացվեց ՀՀ ՊՆ բազմաբնույթ ռազմահրամանատարական բարձրագույն ուսումնարանը (այժմ՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ), նրա համառության և ակտիվ գործունեության շնորհիվ ստեղծվեց հրետանու ամբիոնը, որը դարձավ հզոր ուսումնամեթոդական բազա հրետանավոր սպաների պատրաստման համար։ Այդ հարցում Վ.Ա.Հայրապետյանին մեծ աջակցություն ցույց տվեց ինստիտուտի առաջին պետ գեներալ-մայոր Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը։ Պատերազմական պայմաններում բնականաբար շարքից դուրս էր գալիս հրետանային տեխնիկան։ Հարկավոր էր այն շուտափույթ վերանորոգել տեղում։ Այդ նպատակով Վ.Ա.Հայրապետյանի առաջարկությամբ ստեղծվեցին հրետանային շարժական արհեստանոցներ, որոնց միջոցով վերանորոգվեցին սահմանամերձ վայրերում շարքից դուրս եկած հրանոթներն ու օպտիկական նշանացույցները։ Վերանորոգման գործում հատկապես աչքի ընկավ այժմ փոխգնդապետ Միքայել Նազարեթյանը։

Ինչպես հայտնի է, մարտական գործողությունները շարունակվեցին մինչև 1994թ. մայիսի 16-ը, երբ ադրբեջանական կողմը նորանոր կորուստներից խուսափելու համար ստիպված էր դադարեցնել իր իսկ սանձազերծած պատերազմը և զինադադար կնքել։

Հաշվի առնելով գնդապետ Վ.Ա. Հայրապետյանի կազմակերպչական մեծ ընդունակությունները և կատարած շնորհակալ աշխատանքը հայկական զինուժի հրետանային և հրթիռային զորքերի կազմավորման ու ղեկավարման գործում, 1994թ. մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տարեդարձի օրը, ՀՀ նախագահի հրամանագրով Վ.Ա.Հայրապետյանին շնորհվեց գեներալ-մայորի կոչում։

Զինադադարի կնքումից հետո մինչև 2003թ. հոկտեմբերի 16-ը գեներալ-մայոր Վ.Ա.Հայրապետյանը ՀՀ ԶՈՒ հրթիռահրետանային զորքերի վարչության պետի պաշտոնում իր ողջ ուժերն ու կարողությունները անմնացորդ նվիրաբերեց այդ կարևոր զորատեսակի կատարելագործման և ամրապնդման գործին։ Հրթիռահրետանային զորքերը գեներալ-մայոր Վ.Ա.Հայրապետյանի ղեկավարությամբ հասան զգալի հաջողությունների՝ մարտական պատրաստականության ամրապնդման, կարգապահության բարձրացման և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու ուղղությամբ։

Հայրենիքը բարձր է գնահատել գեներալ-մայոր Վ.Ա.Հայրապետյանի ծառայությունը` նրան պարգևատրելով՝ «Վարդան Մամիկոնյան», «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, ՀՀ և ԼՂՀ «Արիության համար», «Մարշալ Բաղրամյան», «Ծովակալ Իսակով», «Անդրանիկ Օզանյան», «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան», «Վազգեն Սարգսյան», «Հայկական բանակի 20 տարին» մեդալներով: 2003թ. հուլիսի 30-ին Կապանի քաղաքապետարանը՝ ռազմական գործողությունների ընթացքում Կապան քաղաքի պաշտպանության գործում ունեցած ծառայությունների համար գեներալ-մայոր Վ.Ա.Հայրապետյանին շնորհել է «Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչումը։ Բոլորովին վերջերս Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որոշմամբ գեներալին շնորհվել է նաև «Պատվավոր Սյունեցի» կոչումը։

ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր

Խորագիր՝ #25 (941) 28.06.2012 – 4.07.2012, Ճակատագրեր


04/07/2012