ՏԱՋԻԿՍՏԱՆՆ ԱՎԵԼԻ Է ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ
ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է, որ Տաջիկստանն իրականում Ռուսաստանից ավելի է շահագրգռված այնտեղ 201-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգմամբ, թեև այն Ռուսաստանի համար ևս մեծ նշանակություն ունի. ԱՄՆ-ը հեռանում է Աֆղանստանից ու ոչ ոք չգիտի, թե դրանից հետո Կենտրոնական Ասիայում դեպքերն ինչ ընթացք կունենան:
Ավելի վաղ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Չիրկինը հայտարարել էր, որ ռազմաբազայի տեղակայման ժամկետը 49 տարով երկարաձգելու մասին պայմանագրի ստորագրումը կարող է ձախողվել, քանի որ Տաջիկստանը պնդում է 10-տարյա ժամկետի տարբերակը, իսկ լրատվամիջոցները, հղում տալով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովին, գրել էին, թե քանի դեռ ռազմակայանի ապագայի վերաբերյալ պայմանագիրը չի ստորագրվել, Մոսկվան միջոցներ չի հատկացնի նրա վերազինման ու արդիականացման համար:
Դուշանբեում, Կուրգան Տյուբեում և Կուլյաբում տեղակայված 201-րդ ռազմաբազան, որը ՌԴ սահմաններից դուրս գտնվող ամենամեծ ցամաքային ռազմաբազան է, ունի շուրջ 7.000 զինծառայող և հանդիսանում է Կենտրոնական Ասիայում անվտանգության պահպանման կարևորագույն երաշխիքներից մեկը:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական, Ռազմաքաղաքական