Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ



ԱՄՆ իշխանությունները տուգանել են ամերիկյան United Technologies Corp. (UTC) ընկերությանը 75 միլիոն դոլարով` Չինաստան ավիացիոն շարժիչների անօրինական մատակարարումների համար: Մասնավորապես, Չինաստանը շարժիչներ է ստացել Z-10 հարվածային ուղղաթիռների համար: Ներկայումս Չինաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները, որ մտցվել են 1989թ. Պեկինում բողոքի ցույց անցկացնող ուսանողների գնդակահարությունից հետո, արգելում են այդ երկրին մատակարարել ռազմական նշանակության ցանկացած արտադրանք: Ռազմական կամ երկակի նշանակության արտադրանք մատակարարելու անհրաժեշտության դեպքում ամերիկյան ընկերությունները պարտավոր են համապատասխան արտոնագիր ստանալ:

UTC ընկերությունը ուղղաթիռներ և ավիացիոն համակարգեր արտադրող խոշորագույն ընկերություններից է: Հունիսի 28-ին UTC-ը խոստովանել է, որ նման մատակարարումներ է կատարել` պնդելով, որ դրանց ռազմական կիրառման մասին իմացել է միայն 2003-2004թթ.: Սակայն, պաշտոնական տվյալներով, ընկերությունն այդ մասին տեղյակ է եղել դրանից մի քանի տարի առաջ և չի դադարեցրել գործարքը:

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Չինաստանը սկզբնական շրջանում թաքցրել է Z-10 նախագծի ռազմական բնույթը: Ամերիկյան ընկերությունն էլ շարունակել է հատկացնել ըստ հայտարարության սովորական քաղաքացիական շարժիչներից միայն ծրագրային ապահովմամբ տարբերվող շարժիչներ: Այդ քայլով UTC-ն ցանկացել է խորացնել համագործակցությունը չինական կողմի հետ` հետագա խոշոր գործարքների ակնկալիքով:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ռազմաքաղաքական


11/07/2012