Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ Է ԳՆՈՒՄ



Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը ռուսական «Рособоронэкспорт» ընկերության հետ պայմանագիր է ստորագրել ցամաքային զորքերի համար տարբեր տեսակի զինամթերք գնելու վերաբերյալ: Հնդիկ զինվորականները ցանկանում են լրացնել առկա զինամթերքի պակասը, որ չի կարողանում անել երկրի ռազմարդյունաբերական համալիրը:

Պայմանագրի համաձայն` Ռուսաստանը պետք է մատակարարի տանկային և հրետանային արկեր, հակատանկային հրթիռներ և այլն: Այս գործարքը չափազանց կարևոր է ռուսական ընկերությունների համար, քանի որ ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է առաջիկա տարիներին մեծ քանակով զինամթերք չգնել մինչև կավարտվի ժամկետանց հրթիռների ու արկերի ոչնչացումը:

Ներկայումս Հնդկաստանը ռուսական ռազմական արտադրանքի խոշորագույն գնորդն է 10,8 միլիարդ դոլարի ընդհանուր պատվերով: 2007-2011թթ. Հնդկաստանը 12,65 միլիարդ դոլարի արտասահմանյան ռազմական տեխնիկա և սպառազինություն է գնել, որից 10,6 միլիարդը` ռուսական արտադրության:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ռազմաքաղաքական


11/07/2012