Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՈՐ ՍԱՐՔԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԼԱՆԵԼ ԱՆՕԴԱՉՈՒ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ



ԱՄՆ Տեխասի համալսարանի հետազոտողները մոտ հազար դոլար արժողությամբ սարք են ստեղծել, որը հնարավորություն է տալիս կալանել անօդաչու թռչող ապարատների կառավարումը: Սարքը խառնվում է GPS նավագնացության համակարգի աշխատանքին և փոխում է թռիչքի ուղղությունը կամ հանգեցնում է դրա կործանմանը: Ամբողջ «գաղտնիքն» այն է, որ սարքը անօդաչու ապարատին ուղարկում է ավելի հզոր ազդանշան, քան այն ստանում է արբանյակից: Ընդ որում, այն պատրաստված է էլեկտրոնիկայի սովորական խանութներում վաճառվող բաղադրամասերից: Միակ դժվարությունը համապատասխան ծրագրային ապահովումն է, որը առայժմ հասանելի չէ բոլորին, թեև, մասնագետների կարծիքով՝ ցանկության դեպքում հնարավոր է նման ծրագիր ինքնուրույն գրել:

Նոր սարքը առավել արդյունավետ է քաղաքացիական նշանակության անօդաչուների կալանման համար, որոնց GPS կապուղին գաղտնագրված չէ: Սակայն ռազմական անօդաչուները նույնպես հնարավոր է «կոտրել»` լրամշակելով ծրագրային ապահովումը:

2015թ. ԱՄՆ-ում նախատեսվում է բացել օդային տարածքը արագ արձագանքման քաղաքացիական ծառայությունների և այլ ընկերությունների համար: Դա նշանակում է, որ պետությանը կարող է սպառնալ նոր տեսակի ահաբեկչություն, արդեն անօդաչու ապարատների կիրառմամբ: Այժմ ԱՄՆ-ում մի քանի հետազոտական նախագծեր են իրականացվում անօդաչուների կապուղիների անվտանգությունը բարձրացնելու նպատակով: Այդ նախագծերին առավել մեծ ուշադրություն է դարձվում այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ իրաքցիները արբանյակային վահանակների և համացանցով գնված 25,95 դոլար արժողությամբ ռուսական ծրագրային ապահովման միջոցով բազմիցս կալանել են ամերիկյան անօդաչուի տեսաազդանշանները: Նմանատիպ ամենախոշոր կորուստը ամերիկացիներն ունեցան 2011թ. դեկտեմբերին, երբ իրանցի զինվորականները կալանեցին ամերիկյան RQ-170 Sentinel հետախուզական ապարատը` ստիպելով վայրէջք կատարել իրենց տարածքում: Այս դեպքում հավանաբար օգտագործվել են ռուսական «Автобаза» ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրի հնարավորությունները: Անվնաս ապարատը ուսումնասիրելուց հետո իրանցիները հայտարարեցին, որ կրկնօրինակելու են այն:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ռազմաքաղաքական


11/07/2012