Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ԽԱՓԱՆԵՑԻՆՔ ԵԼՑԻՆԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՉԻՆԱՍՏԱՆ»



ՊԱԿ-ի գեներալ-մայորը կարողանում է կարդալ քաղաքական գործիչների մտքերը

Գեներալ-մայոր Բորիս Ռատնիկովը անվտանգության մարմինների ամենաառեղծվածային և «ամենափակ» մարդկանցից մեկն է եղել: Դեռևս խորհրդային ժամանակներից նա ՊԱԿ-ի գաղտնի ստորաբաժանման ղեկավարն էր, որն զբաղվում էր մարդկային ենթագիտակցության գաղտնիքներով և հոգեկանի վրա հեռազդեցության մեթոդների մշակմամբ: Նրա խոսքով, արտակարգ հանձնաժողովի ծառայողների (չեկիստների) ջանքերի շնորհիվ է 1990-ական թվականներին կանխվել պատերազմը Ռուսաստանի և Չինաստանի միջև:

– Բորի՛ս Կոնստանտինովիչ, ինչու՞ էր ձեր ծառայությունը պարուրված գաղտնիության քողով:

– Երևի նրա համար, որ մենք զբաղվում էինք ինչպես հասարակական, այնպես էլ կոնկրետ մարդկանց գիտակցության հսկողության խնդիրներով, ինչպես նաև հնարավորություններ էինք փնտրում պաշտպանելու «կարևոր» մարդկանց գիտակցությունը վտանգավոր ներխուժումից:

– Ուրեմն մեր չեկիստները օկուլտիզմո՞վ էլ էին զբաղվում…

– Դրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Վաղնջական ժամանակներից աշխարհի ուժեղները բազմապիսի մեթոդներ ու հնարքներ էին կիրառում մարդու հոգեկանի վրա ազդելու համար: 20-րդ դարում հին քրմերի մոգական պրակտիկան դրվեց գիտական հետազոտությունների հիմքում և հայտնվեց գաղտնի ծառայությունների տեսադաշտում: Այդ խնդրի վրա հատուկ ուշադրություն էին դարձնում հատկապես Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Խորհրդային Միությունում: Մեր երկրում, օրինակ, գերբնական ընդունակություններով օժտված բոլոր մարդիկ գործնականում գտնվում էին պետական անվտանգության մարմինների հսկողության տակ: Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչպիսի «ուղեղային պատերազմ» ծավալվեց անցյալ դարի առաջին կեսերին: Ես չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ երբեմն մղվում էին իսկական «աստրալ» ճակատամարտեր: Եվ այդ ամենը պահվում էր խիստ գաղտնի և հավանաբար՝ ոչ պակաս, քան միջուկային նախագիծը:

– Այսինքն, գիտությունը հրապարակայնորեն խարանում էր այդ հետազոտությունները` որպես խավարամտություն, իսկ գիտնականները գաղտնի կերպով լրջորեն զբաղվում էին «փակ» ինստիտուտներու՞մ:

– Դուք ճիշտ եք, 1980-ական թվականների կեսերին հոգեգեներատորի ստեղծմամբ և մարդու հոգեկանի վրա դրանց ազդեցությամբ զբաղվում էին գրեթե բոլոր զարգացած երկրներում, անցկացվում էին լուրջ գիտափորձեր: Մարդու հոգեկանի վրա հեռազդեցության հնարավորությունը մեր երկրում ուսումնասիրում էին շուրջ 50 ինստիտուտներում: Այդ նպատակի համար հարյուր միլիոնավոր գումար է ծախսվել: Ու թեեւ ներդրումներն իրենց մասամբ արդարացնում էին, բայց արդյունքները գոհացուցիչ չէր կարելի համարել: Միության փլուզումից հետո բոլոր աշխատանքները դադարեցին, նուրբ հոգեֆիզիկական դաշտն ուսումնասիրող բնագավառի մասնագետները ցրվեցին աշխարհով մեկ և սկսեցին զբաղվել այլ գործերով: Իմ տվյալներով, այսօր մեր երկրում այդ թեմայով նպատակային հետազոտություններ չեն կատարվում:

– Ճի՞շտ է արդյոք, որ հետազոտությունների դադարելուց հետո դուք հայտնվեցիք Ռուսաստանի առաջին նախագահի պահպանության դաշնային ծառայությունում (ՊԴԾ):

– Մենք հրաշալի հասկանում էինք, որ նոր պետական կազմավորումը ցավոտ փուլում է: Իսկ այդ ժամանակ պետական օրգանիզմը, ինչպես և մարդկայինը, չափազանց խոցելի է: Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել երկրի առաջին դեմքի գիտակցական ոլորտը սպառնացող մեքենայություններից:

– Ինքներդ չէի՞ք փորձում նույն բանն անել Ելցինի նկատմամբ:

– Ո՛չ մի դեպքում: Մեր կառույցի նպատակն առաջին դեմքերին արտաքին ազդեցությունից պաշտպանելն էր: Ձեռքս խղճիս վրա դնելով կասեմ, որ մենք երբեք չենք փորձել ազդել ո՛չ Ելցինի, ո՛չ Կոզիրևի, ո՛չ էլ Գայդարի գիտակցության վրա:

– Այդ դեպքում կասե՞ք, թե ինչից էիք պաշտպանում Ռուսաստանը և Ելցինին:

– Չինաստանի դեմ հնարավոր պատերազմից: Մենք խափանեցինք Ելցինի առաջին այցը Չինաստան, որը պետք է կայանար 1992 թվին: Ինչպես մեզ հայտնի դարձավ, նախագահին ստիպողաբար «ծրագրավորել» էին, որ նա Ճապոնիային զիջի Կուրիլյան կղզիների մի մասը: Սա համաշխարհային հեգեմոնիայի ձգտող ուժերի մշակած բազմաստիճան կոմբինացիայի դեռևս առաջին քայլն էր, քանի որ կղզիները Ճապոնիային վերադարձնելուն կհաջորդեր Չինաստանի պահանջը վիճելի տարածքների նկատմամբ, որը նույնպես ծրագրավորված էր: Գործը կարող էր հասնել զինված ընդհարման: Բնավ չէր բացառվում, որ Ռուսաստանը, հրահրված լինելով արտաքին ուժերի կողմից, կարող էր պատերազմ հայտարարել Չինաստանին: Այսօր նմանատիպ զարգացումը քիչ հավանական է, քանի որ բոլոր սահմանային վեճերը Չինաստանի և Ռուսաստանի միջև արդեն կարգավորված են, իսկ 14 տարի առաջ ամեն ինչ հնարավոր էր: Քանի որ ՊԴԾ-ն նախագահի անվտանգությանը երաշխիք չէր տալիս, անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց, որ նրա այցը Ճապոնիա հետաձգվի ավելի բարեհաջող ժամանակների համար: Ելցինը սաստիկ վրդովված էր, բայց ստիպված էր ենթարկվել պետական կանոնակարգին:

– Իսկ ձեր մտավախությունները չափազանցված չէի՞ն: Որքանո՞վ էին հավաստի ձեր տեղեկությունները:

– Մեր ինֆորմատորները, իրենց իսկ կամքից անկախ, Արևմտյան Եվրոպայի և ԱՄՆ առաջին դեմքերն էին դարձել:

– Կատակու՞մ եք…

– Ամենևի՛ն: Ասել էի, չէ՞, որ ԽՍՀՄ-ում բավականին հաջողությամբ էին զբաղվում ուրիշի գիտակցության վրա ներազդելու տեխնոլոգիայի մշակմամբ: Եվ մենք այդ հարցում լուրջ առաջընթաց ունեինք: 90-ականների սկզբին ես հանդիպում ունեցա ԿՀՎ-ի մի յուրահատուկ աշխատակցի հետ: Մենք նրան շատ լավ ընդունեցինք, որի արդյունքում ամերիկացին հայտարարեց, որ ԱՄՆ-ին ամեն ինչ հայտնի է մեր հրթիռակիր ատոմային սուզանավերի մասին: Եվ իբր, իրենց հատուկ պատրաստված էքստրասենսներն ամեն րոպե հետևում են մեր սուզանավերի անձնակազմի աշխատանքներին և լիովին տեղյակ են մեր ռազմավարական զենքի վիճակից: Ի դեպ, նա ներկայացրեց այնպիսի ապացույցներ, որոնք համապատասխանում էին իրականությանը: Այդ ժամանակ մենք նրան ասացինք, որ սուզանավի մեջ «ներթափանցելը», իրոք որ, շատ տպավորիչ է, բայց դրա փոխարեն մենք կարող ենք հանգիստ «զբոսնել» ԱՄՆ-ի նախագահի և նրա մերձավոր շրջապատի ուղեղների մեջ: Որից հետո հայտնեցինք այնպիսի տեղեկություններ, որոնք կարող էին հայտնի լինել միայն պետության առաջին դեմքին: ԿՀՎ-ի աշխատակիցն անմիջապես կապվեց «իր մարդկանց» հետ, որից հետո ասաց` ի՞նչ ունենք մեկս մյուսից թաքցնելու, մենք բաց հասարակություն ենք, եկեք բարեկամանանք և փոխանակենք մեր տեղեկությունները: Մենք տվեցինք մեր համաձայնությունը, բայց դրանից հետո ամերիկյան հատուկ ծառայությունները դադարեցրին հարաբերությունները պայծառատեսության ոլորտում:

– Իսկ կարո՞ղ եք օրինակներ բերել ԱՄՆ-ի առաջին դեմքերից տեղեկություններ «կորզելու» վերաբերյալ:

– Կարծում եմ, որ այսօր արդեն հնարավոր է: ԱՄՆ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումից երկու շաբաթ առաջ մենք սեանս անցկացրինք` «միանալով» պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ենթագիտակցությանը: Մանրամասնությունների հետևից չեմ ընկնի, կնշեմ միայն ամենակարևորը:

Նախ` մադամ Օլբրայթի ուղեղում մենք հայտնաբերեցինք հիվանդագին ատելություն սլավոնների նկատմամբ: Այնուհետև` նրան խիստ վրդովում էր այն հանգամանքը, որ աշխարհի օգտակար հանածոների ամենամեծ պաշարը Ռուսաստանի տրամադրության տակ է: Նրա կարծիքով, ընդերքի հարստությունը պետք է լինի ոչ թե մի երկրի, այլ ամբողջ մարդկության սեփականությունը… ԱՄՆ-ի հսկողության ներքո: Կոսովոյի պատերազմը Ռուսաստանին «աչքի առաջ պահելու», նրան վերահսկելու սոսկ առաջին քայլն էր: ԱՄՆ պետքարտուղարի մտքերից ենթադրվում էր նաև, որ ամերիկյան բանակը պատրաստվում է Հարավսլավիայում կիրառել քիմիական և կենսաբանական զենքերի մի խառնուրդ` ռադիոակտիվ տարրեր պարունակող մարտագլխիկների հետ համատեղ: Հետագայում պարզվեց, որ ռազմական գործողությունների ընթացքում ամերիկացիները քիմիական միացություններ են օգտագործել, որոնք մի րոպեում փոխում են արյան բջջի կառուցվածքը: Այդ միացության ազդեցությանը ենթարկված մարդիկ որոշ ժամանակ անց կորցնում են դիմադրողականությունը և կարող են մահանալ ցանկացած թեթև հիվանդությունից:

– Եվ դուք անմիջապես զեկուցեցի՞ք ձեռք բերված տեղեկությունների մասին:

– Իհարկե ոչ: Այդ տեղեկությունը հիմք էր դառնում մեր վերլուծական կենտրոնների հետագա աշխատանքի համար: Եվ երբ դրան ավելանում էր արտաքին հետախուզական ծառայության, հետախուզության գլխավոր վարչության և դիվանագիտական խողովակներով ստացվածը, այդժամ ձևավորվում էր ընդհանուր պատկերը, որն արդեն դրվում էր վերլուծական զեկույցների հիմքում:

– Ինչո՞վ եք զբաղվում այժմ դուք և ձեր գործընկերները:

– Շատերը թոշակի են անցել: Ինչ-որ մեկը շարունակում է զբաղվել նուրբ ֆիզիկական դաշտերով, թեեւ ֆինանսական օժանդակություն պետության կողմից այլևս չի ստանում: Երբեմն խորհրդատվական ծառայություններ ենք մատուցում, երբեմն էլ պարզապես շրջապատին մասնագիտական աչքով ես նայում, ինչը շատ հետաքրքիր է: Օրինակ՝ հայտնի նմանակող և հասարակության շատ սիրելի Մաքսիմ Գալկինը: Այդ մարդը եզակի և բացառիկ էքստրասենսորային ընդունակություններ ունի, որի մասին, համոզված եմ, ինքը բացարձակապես գաղափար չունի: Նախկինում նա անմիջապես կհայտնվեր հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և աշխատելու առաջարկից հազիվ թե հրաժարվեր: Իսկ հիմա լիովին ազատ մարդ է և զբաղվում է իր սիրած գործով` էստրադայով:

«Новое дело», 01.03.2011
Ռուսերենից թարգմանեց
ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆԸ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


11/07/2012