Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆՀԱՅՏ «ՔՈՒՅՐԵՐԸ»



Իսկական աղետ են այսօր սրընթաց արագությամբ աճող աղանդները: Նրանք իրենց որջերը ունեն աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայաստանում նույնպես շարունակում են ակտիվ գործել աղանդավորական շարժումները: Դրա վառ ապացույցն է այն, որ Եհովայի վկաները մեզ միշտ են հանդիպում ցանկացած ժամի և ամեն տեղ: Եհովականներից ոչ պակաս ակտիվություն են ցուցաբերում հոգեգալստականները կամ հիսնականները: Հայաստանում զանազան անուններով գործում են սրանց բազմաթիվ խմբեր: Այդ խմբերից մեկն էլ «Կյանքի խոսք» աղանդավորական շարժումն է:

Այս շարժման հիմնադիրը Ուլֆ Էկմանն է, որ «Կյանքի խոսք» աղանդը ստեղծել է 1970-ական թվականներին: Այս աղանդը ունի մի կարևոր առանձնահատկություն. սրանց առաջնորդներն ու համակիրները միշտ փորձում են համոզել, որ իրենք Հայ Առաքելական եկեղեցու «քույր» եկեղեցի են և առաջնորդվում են Ավետարանով: Սակայն պետք է հստակ գիտակցել, որ եկեղեցին իր բնույթով այնպիսի կառույց է, որ չի կարող ունենալ դուստր ձեռնարկություն: Այսինքն՝ մարդը կա՛մ պետք է լինի եկեղեցու մեջ, կա՛մ եկեղեցուց դուրս: Հետևաբար, եկեղեցուց դուրս կրոնական գործունեությամբ զբաղվող կառույցը, որը շեղված է տվյալ եկեղեցու ուսմունքից ու դավանանքից, համարվում է աղանդ: Սա ընդամենը պարզ տրամաբանություն է, որին, ցավոք, միշտ չէ, որ հետևում ենք:

«Կյանքի խոսք» աղանդը մոլորեցնելու ուղի է ընտրել հիմնականում Սուրբ Երրորդության գաղափարի «օգտագործումը»: Նրանք ընդունում են Սուրբ Երրորդությունը, սակայն միշտ ասում են, որ իրենք Ավետարանով են առաջնորդվում, իսկ Ավետարանում «Սուրբ Երրորդություն» անվանումը կամ հասկացությունը բառացիորեն գրված չէ: Այսինքն` եթե առաջնորդվում են բացառապես Ավետարանով, ապա ինչո՞ւ են ընդունում Սուրբ Երրորդությունը:

Ինչպես գիտենք, Սուրբ Երրորդության գաղափարը վերջնականապես ձևավորվել է եկեղեցական սրբազան ավանդության մեջ, իսկ աղանդավորները չեն ընդունում եկեղեցական սրբազան ավանդությունը, հետևաբար, չեն էլ կարող ընդունել Սուրբ Երրորդությունը: «Կյանքի խոսք» աղանդի հետևորդները մերժում են խաչ կրելը, սրբապատկերները, եկեղեցին իբրև շինություն, եկեղեցի այցելելը: Ասում են` տաճարը` իբրև Աստծո տուն, մեզ պետք չէ, մենք երբ, որտեղ ուզենք, Աստված մեզ կլսի: Բայց իրականում նրանք հսկայական ծախսեր են անում և իրենց կազմակերպության համար շինություններ են կառուցում, որոնցում հավաքվում և հայտնի չէ, թե ինչով են զբաղվում: «Աղոթում» են իրենց բնորոշ բլբլոցով, որը լսելիս ոչինչ չես հասկանում, այդ կերպ նրանք իրենց գցում են մտահափշտակության կամ էքստազի մեջ, որն իրենք համեմատում են լեզվախոսության կամ գլոսսոլալիայի հետ (հունարենում glossa բառը նշանակում է լեզու): Սուրբգրային պատմությունները ցույց են տալիս, որ լեզվախոսությունը որպես նշան երևաց հեթանոսների մեջ` ապացուցելու առաքյալների տիեզերական առաքելությունը և այն, որ Սուրբ Հոգին կարող է գործել նաև հեթանոսների մեջ: Սակայն Սուրբ Հոգու միջոցով երբեք էքստազի մեջ չեն ընկնում:

Թվարկված և մի շարք այլ հակասությունները վկայում են, որ «Կյանքի խոսք» աղանդավորական շարժման «ջանասեր» հետևորդները եռանդ չեն խնայում սուրբգրային աղբյուրների նենգափոխման համար, ինչը հետո ծառայեցնում են իրենց իսկ շահերին: Այս և նմանօրինակ աղանդների գործունեությունն ուղղված է քայքայելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հիմքերը: Ընդ որում, աղանդները կարող են հանդես գալ տարբեր անուններով` «Նոր կյանք», «Նոր սերունդ» և այլն: Պետք է կարողանանք տարբերել ճշմարտությունը մոլորությունից, իսկ դրա համար անհրաժեշտ է լինել տեղեկացված ու համախմբված` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ:

ՍՏԱԼ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Հոգևոր-մշակութային


11/07/2012