Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐՆ ԷԻՆ



Արդեն մեկ տասնամյակից ավելի է, ինչ մեր հանրապետությունում հիշարժան օրերի շարքում հունիսի 29-ը նշվում է որպես Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր։ Ամեն տարի նույն օրը չմարող ցավն ու վիշտը հարազատներին, ընկերներին, բարեկամներին, ինչպես նաև հանրապետության ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը դարձյալ բերում է Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անհայտ կորած ազատամարտիկների հուշակոթողին։

Այս անգամ ևս ՊՆ ղեկավարությունը` նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ հայրենակիցներ մայրաքաղաքից ու հանրապետության տարբեր շրջաններից Եռաբլուրում էին, որտեղ ծաղիկներ դրեցին և խնկարկեցին անհայտության մեջ գտնվող հերոսների հիշատակին։

-Հայրենի կառավարությունն իր բոլոր հնարավորություններն ու կարողությունները օգտագործում է անհայտ կորած մեր ընկերների մասին որևէ տեղեկություն ստանալու, յուրաքանչյուր հայրենակցի գտնվելու վայրը ճշտելու համար։ Այդ նպատակով ստեղծված պետական հանձնաժողովն աշխատում է խիստ ծանրաբեռնված,- անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պարգևները հանձնելուց հետո կամերային երաժշտության տանը Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվան նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը։

-Այսօր այստեղ ներկա յուրաքանչյուր ոք օրվա խորհրդի հետ կապված ունի իր մտորումները։ Արդեն երկու տասնամյակ մեր որդիներից ոչ մի լուր չկա։ Նրանք իրենց կյանքը նվիրաբերեցին ազգի փրկության սուրբ գործին, և ազգն այսօր նրանց ճանաչում է որպես հերոսների։ Տեսնելով հաղթական ու կայացած մեր բանակը, բարգավաճող մեր երկիրը, երջանիկ մանուկների ժպիտները` հպարտանում ենք, որովհետև այդ ամենը նաև մեր որդիների ձեռքբերումն է։ Մեր ժողովուրդը հիշում և ձեզ գնահատում է, ձեր կատարած սրբազան գործը և ձեր անունով նոր սերնդի սրտերում կառուցում է սիրո և հերոսության նոր հուշարձաններ, որոնք կդառնան նոր հաղթանակների ու սխրանքների արգասիքը,- ասաց «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների» հասարակական խորհրդի նախագահ տիկին Ռիմա Առաքելյանը։

Անչափ հուզիչ էր Արմավիրի Երկրապահ կամավորական ջոկատի հրամանատար Ռուբեն Եղոյանի մոր՝ տիկին Թամարայի խոսքը՝ ուղղված հուշ-ցերեկույթի մասնակիցներին։

-Այսօր լրացավ մեր սիրասուն որդիների, ամուսինների անհետ կորելու 20 տարին, բայց մենք էլի աչքներս ճամփին, հույսով նրանց սպասում ենք։ Օգտվելով Արցախի և միացյալ Հայաստանի համար իր կյանքը զոհաբերած հերոսի մայր լինելու իրավունքից՝ ուզում եմ խոսք ասել մեր զավակների պայքարի, նրանց նվիրվածության մասին։ Երբ վիճակն օրհասական էր, վտանգված էր Հայաստան աշխարհը, մեր հայրենիքը, մեր ծննդավայրը, մեր զավակներն ու ամուսինները բռունցքվեցին, կամավոր գրվեցին, և նրանց հնարավոր չէր կանգնեցնել։ Որդիս իր քսան քաջերով Արցախ հասավ, մասնակցեց տասնյակ բնակավայրերի ազատագրմանը: Մեր տղաները հաղթանակ ու պատմություն կերտող հերոսներ են։ Նրանք մեր գալիք հաղթանակի արշալույսներն էին, Երկրապահի սերուցքն էին, խաղաղության սերմնացաններն էին…

Պակաս հուզիչ չէր անհայտ կորած ազատամարտիկ Նորիկ Մուրադյանի որդու՝ Արտաշ Մուրադյանի խոսքը.

-Մեզ պարտադրված Արցախյան ազատամարտը հային տվեց ամենանվիրականը՝ անկախությունը, բայց և մեզնից խլեց ամենաթանկը՝ մեր հարազատներին, մորը դարձրեց որդեկորույս, կնոջը՝ որբևայրի, իսկ զավակը ճաշակեց անհայրության դառնությունը։ Ես չէ, որ պետք է ձեզ ասեմ, թե ինչ ես զգում, երբ 20 տարի սպասում ես հորդ, զավակիդ կամ ամուսնուդ։ Զոհվածների հարազատները ունեն իրենց համար սրբատեղի դարձած գերեզման, շիրմաքար, որտեղ կարող են գոնե մխիթարություն գտնել… ուր այցելում են ու դժվար պահերին այն դառնում է սփոփիչ ու ամոքող միջոց։ Մենք դատապարտված ենք միայն մեր հոգում կրելու նրանց հիշատակը և երևակայական հանդիպման վայրը պատկերացնելու։

Մեր հայրերը գիտակցված գնացին սուրացող գնդակներին, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ՝ կանգնեցնելու պատերազմի մահաբեր ընթացքը, ինչի համար շատ թանկ գին վճարեցին։ Բայց փոխարենը նրանք իրենց զավակներին անկախ ու պաշտպանված Հայրենիք ավանդեցին, իսկ նրանց անձնուրաց նվիրումն օրինակ դարձավ ներկա և գալիք սերունդների, մեր զինվորների ու սպաների համար։ Մենք մխիթարվում ենք նաև նրանով, որ չի մոռացվել նրանց գործը, և անմահ է նրանց կատարած ամեն սխրանքը։

Ես՝ որպես անհայտ կորած ազատամարտիկի զավակ, մաղթում եմ, որ էլ ոչ մի սերունդ չտեսնի պատերազմի արհավիրքը, էլ ոչ մի մայր մի ամբողջ կյանք չնվիրի իրեն որդուն սպասելուն։

Ելույթներից հետո հայտարարվեց հուշ-ցերեկույթի հանդիսավոր մասի մեկնարկը։ Առաջինը բեմ հրավիրվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արական երգչախումբը (գլխ. խմբավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան, դաշնակահարուհի՝ Սոնա Գևորգյան), որի կատարմամբ հնչեցին «Մեր հայրենիքը», Մակար Եկմալյանի «Կեցցե Զեյթունը», հատված Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից, հատված Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերայից և Յան Ֆրենկելի «Կռունկները»՝ Միքայել Մամիկոնյանի կատարմամբ։ Ելույթներ ունեցան նաև երիտասարդ մեներգչուհիներ Արմինե Սեյրանյանը, Անի Հայրապետյանը, Շուշան Մովսիսյանը։ Հուշ-ցերեկույթը գեղեցիկ և անզուգական ելույթով եզրափակեց ՊՆ «Զորական» երգի համույթը (մեներգչուհի՝ Լուսինե Գալստյան, երաժշտական ղեկավար՝ մայոր Արամ Գալստյան)։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #26 (942) 5.07.2012 - 11.07. 2012, Ճակատագրեր, Ուշադրության կենտրոնում


11/07/2012