Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԻՇՔԵԿԸ 201-ՐԴ ՌԱԶՄԱԲԱԶԱՅԻ ԴԻՄԱՑ ՓՈՂ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ



Ղրղզստանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Տալայբեկ Օմուրալիևը հայտարարել է ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի տեղակայման դիմաց վարձավճարի մեծացման մտադրության մասին:

201-րդ ռազմաբազան տեղակայված է երկրի չորս վայրերում, սակայն «Կանտ» ավիաբազան հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանում և, որպես ՀԱՊԿ անդամ պետություն, Ղրղզստանն ինքն է հոգում վերջինիս կոմունալ ծախսերը՝ տարեկան վճարելով ավելի քան 300 միլիոն սոմ` շուրջ 400 միլիոն ՌԴ ռուբլի:

Այս տարվա մարտին Ռուսաստանը վճարեց վարձավճարի մոտ 15,5 միլիոն ԱՄՆ դոլար կազմող պարտքը, երբ գործը հասավ միջպետական սկանդալի ու Ղրղզստանի նորընտիր նախագահ Աթամբեկ Աթամբաևը հրապարակավ հայտարարեց, որ Մոսկվան արդեն չորս տարի չի կատարում իր վճարային պարտավորությունները` պահանջելով մարել գոյացած պարտքը:

Ռուսաստանյան ռազմական փորձագետների կարծիքով, 2014 թվականից վարձավճարի մեծացումն առաջին հերթին հարվածելու է Ղրղզստանի շահերին: ՌԴ ՊՆ հանրային խորհրդի նախագահ Իգոր Կորոտչենյան մատնացույց է արել այն հանգամանքը, որ ներքին անկայունությունը տևական ժամանակ հաղթահարել չկարողացող Բիշքեկին իրար հաջորդող իշխանափոխությունների պայմաններում անհամեմատ ձեռնտու է զարգացնել Մոսկվայի հետ ռազմական համագործակցությունը, ինչպես նաև օգտագործել ՀԱՊԿ միացյալ ուժերով կազմակերպության անդամ պետությունում անհրաժեշտության դեպքում իրավիճակի կայունացման մասին նոր համաձայնագրի ընձեռած հնարավորությունները, այլ ոչ թե միայնակ մնալ սեփական խնդիրների դեմ հանդիման:

Ի դեպ, Ղրղզստանի միջազգային «Մանաս» օդանավակայանում էլ տեղակայված է ամերիկյան ռազմաբազան, որի գոյությունը ևս ժամանակ առ ժամանակ դառնում է Մոսկվայի ու Բիշքեկի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


12/07/2012