Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՍՏԵՂԾՎԻ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԴ



ՌԴ պետդուման հավանություն է տվել հեռանկարային հետազոտությունների ֆոնդ ստեղծելու մասին օրինագծին: Նոր ֆոնդը կգործի ինչպես ամերիկյան հետազոտական նախագծումների գործակալությունը (DARPA) և կզբաղվի բարձր ռիսկայնության նորարարական մշակումներով: Ներկայացնելով նոր ֆոնդի ստեղծման անհրաժեշտությունը՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը նշել է, որ վերջին քսան տարվա ընթացքում ռազմարդյունաբերական բնագավառում տիրող ոչ բարվոք իրավիճակի պատճառով իրենց շատ դժվար կլինի հասնել արևմտյան գործընկերներին, որոնք առաջավոր տեխնոլոգիաների հարցում չափազանց առաջ են գնացել: Դրա համար էլ անհրաժեշտ է ոչ սովորական լուծումներ փնտրել: Այսուհետ նոր կառույցը կձևավորի Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող հավանական վտանգների մասին գիտական մոտեցումներ, կփնտրի հեռանկարային հետազոտությունների հիմնական ուղղությունները, ռազմական, հատուկ և երկակի նշանակության առաջավոր տեխնոլոգիաների պատվերներ կկատարի: Մասնավորապես՝ գործունեության ոլորտը կներառի դիտարկման համակարգերը, բարձր ճշգրտության զինատեսակները, ատոմային ռազմավարական ուժերը, օդատիեզերական պաշտպանությունը, ռոբոտացված տեխնիկան, վերձայնային տեխնոլոգիաները և այլն: Մասնագետները նշում են, որ բազմաթիվ հաջողված օրինակներ կան, երբ ռազմական տեխնիկայի նոր նմուշների մշակումը և սպառազինության ընդունումը տևել է ընդհուպ մինչև մի քանի տասնամյակ: Այդ պատճառով էլ նմանատիպ ֆոնդերում երկարաժամկետ պլանավորումը, հեռանկարային ուղղությունների որոշումը միանգամայն նպատակահարմար է: Ռուսական ֆոնդը առայժմ կֆինանսավորվի մինչև 2020թ. Ռուսաստանի վերազինման պետական ծրագրի շրջանակներում:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ռազմաքաղաքական


18/07/2012