Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ



ԱՄՆ ռազմաօդային ուժերը գերգաղտնի հետախուզական արբանյակ են դուրս բերել ուղեծիր: Որոշ աղբյուրներ նշում են, որ դա անտեսանելիության տեխնոլոգիայով պատրաստված արբանյակ է, որը գրեթե անհնար կլինի հայտնաբերել, իսկ մեկ այլ ուղեծրով կթռչի արբանյակի նմանակը` շեղելով ուշադրությունը իրական օբյեկտից: Նշվում է նաև, որ այն նախատեսված է բալիստիկ հրթիռների փորձարկումների ժամանակ ռադիոտվյալների կալանման համար:

Բացի այս ծրագրից, ամերիկացիները նախապատրաստում են X-37B փորձարարական կոսմոպլանի նոր թռիչքը: Մերձերկրային ուղեծրում 469 օր գտնվելուց հետո անօդաչու ապարատը հունիսի 16-ին ավտոմատ ռեժիմով վայրէջք է կատարել ամերիկյան ավիաբազայում: X-37B-ն նախատեսված է 200-750կմ բարձրության վրա գործելու համար, կարող է արագ տեղաշարժվել և փոխել ուղեծիրը: Կարող է հետախուզական խնդիրներ կատարել, ոչ մեծ բեռներ տեղափոխել տիեզերք: Ապարատը կարելի է կիրառել նաև նոր սարքավորումների փորձարկման համար: Որոշ փորձագետներ X-37B-ն համարում են ապագայի հետախույզ-արբանյակ, որը կկարողանա շարքից հանել հակառակորդի արբանյակները և ուղեծրից հրթիռային հարվածներ հասցնել: Պենտագոնն էլ հավաստիացնում է, որ այն ընդամենը նոր տեխնոլոգիաների փորձարկման հարթակ է:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ
Մայոր

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ռազմաքաղաքական


18/07/2012