Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ… …ՇԱՐԼ ԴԸ ԳՈԼԸ



«Ես համոզված էի, որ կյանքի իմաստը հանուն Ֆրանսիայի ակնառու սխրանք գործելն է: Կգա այն օրը, երբ ինձ նման հնարավորություն կընձեռվի»:

ՇԱՐԼ ԴԸ ԳՈԼ

Շարլ դը Գոլը (1890-1970) ծնվել է ֆրանսիացի հայրենասեր կաթոլիկների ընտանիքում: Հայրենիքի հանդեպ անսահման սերը ծնողներից փոխանցվել է նրանց հինգ զավակներին: Ահա թե ինչպես է դը Գոլը իր հուշագրության մեջ ներկայացնում իրենց ընտանիքում տիրող մթնոլորտը. «Հայրս, որ կիրթ և մտածող մարդ էր, համակված էր Ֆրանսիայի հույժ կարևոր առաքելության հավատով: Իսկ հայրենիքի հանդեպ մորս տածած անբեկանելի սիրո զգացումը կարելի էր համեմատել միայն աստվածացման հետ: Իմ երեք եղբայրները, քույրս և ես ինքս հպարտանում էինք մեր հայրենիքով: Այդ հպարտությունը, որին զուգորդվում էր նրա ճակատագրի հանդեպ անհանգստության զգացումը, դարձավ մեր երկրորդ բնավորությունը»:

Բնավ պատահական չէր, որ դը Գոլն ընտրեց զինվորականի մասնագիտությունը: Հատկանշական է, որ ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո նա ծառայության անցավ 33-րդ հետևակային գնդում, քանզի հետևազորը համարում էր բոլոր զորատեսակներից առավել «ռազմականը»:

Շարլ դը Գոլը մասնակցում է Առաջին աշխարհամարտին, երեք անգամ վիրավորվում է: Վերջին անգամ` 1916թ. Վերդենի ճակատամարտում վիրավորվելուց հետո անգիտակից վիճակում գերի է ընկնում: Չհաշտվելով գերության մտքին` դը Գոլը վեց անգամ փախուստի անհաջող փորձ է կատարում: Շատ շատերի հետ նա էլ գերությունից ազատվում է պատերազմի ավարտից հետո միայն:

Պատերազմից հետո դը Գոլը երկու տարի մարտավարության տեսություն է դասավանդում Լեհաստանում` Ռեմբերտովի ռազմական դպրոցում, ապա տեղափոխվում է հայրենիք` Բարձրագույն ռազմական դպրոց: Շուտով նա լայն ճանաչում է ստանում նաև իբրև ռազմական տեսության վերաբերյալ գրքերի հեղինակ` «Հանուն արհեստավարժ բանակի», «Թրի սայրին», «Ֆրանսիան և իր բանակը» և այլն:

1932-1936թթ. Շարլ դը Գոլը Պաշտպանության բարձրագույն խորհրդի գլխավոր քարտուղարն էր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նշանակվեց տանկային գնդի հրամանատար: Նա անչափ կարևորում էր և իր մենագրություններում տեսականորեն հիմնավորում ու կոչ անում զարկ տալ մեքենայացված, մասնավորապես՝ տանկային զորամիավորումների զարգացմանը` դրանք համարելով ապագա պատերազմների հիմնական հարվածային ուժը:

1940թ. հունիսին` Ֆրանսիայի պարտությունից հետո գեներալ դը Գոլը, որ պաշտպանության փոխնախարարն էր, չցանկանալով մասնակցել վարչապետ Ֆիլիպ Պետենի` Գերմանիայի հետ սկսած ստորացուցիչ հաշտության բանակցություններին, մեկնեց Լոնդոն: Ու.Չերչիլի դիպուկ արտահայտությամբ` «դը Գոլը իր հետ տարավ Ֆրանսիայի պատիվը»: Հունիսի 18-ին ռադիոյով սփռվեց դը Գոլի նշանավոր ելույթը` զավթիչների դեմ համընդհանուր դիմադրության շարժում սկսելու կոչով. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում: Ոչինչ կորած չէ, քանի որ այս պատերազմը համաշխարհային է: Կգա այն օրը, երբ Ֆրանսիան կվերադարձնի իր ազատությունն ու մեծությունը: Ահա թե ինչու ես դիմում եմ բոլոր ֆրանսիացիներին` միավորվելու ինձ հետ` հանուն գործելու, հանուն ինքնազոհաբերման և հույսի»:

Գեներալ դը Գոլի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ազատ Ֆրանսիա» կազմակերպությունը, որը, ըստ էության, դարձավ դիմադրության շարժման ղեկավար օղակը: Դաշնակից երկրների կողմից դը Գոլը պաշտոնապես ճանաչվեց իբրև Ֆրանսիայի վտարանդի կառավարության ղեկավար: 1943թ. նա դարձավ Ալժիրում կազմավորված Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտեի նախագահը: 1944թ. ամռանը` Ֆրանսիայի ազատագրումից հետո, կոմիտեն վերակազմավորվեց Ֆրանսիայի Հանրապետության ժամանակավոր կառավարության, որի ղեկավար դարձավ դը Գոլը:

1947թ. դը Գոլը հիմնադրեց «Ֆրանսիացի ժողովրդի միավորում» կուսակցությունը և շարունակեց ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև 1953թ.: Որոշ ժամանակ հեռանալով քաղաքական ասպարեզից` 1959թ. դը Գոլը վերստին գլխավորեց կառավարությունը, ապա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ: Նրա նախաձեռնությամբ կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնք սահմանափակում էին խորհրդարանի լիազորությունները` հօգուտ նախագահի:

Դը Գոլի վարած տնտեսական քաղաքականությունը ոչ միայն մեղմեց երկրում տիրող սոցիալական լարվածությունը, այլև բարձրացրեց նրա միջազգային հեղինակությունը: Դրան նպաստում էին նաև արտաքին քաղաքականության ասպարեզում դը Գոլի հավասարակշռված և խելամիտ քայլերը: Նրա ղեկավարությամբ Ֆրանսիան բարելավեց փոխհարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, դատապարտեց ԱՄՆ-ի սկսած ռազմական գործողությունները Վիետնամում, երկիրը դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից և այլն:

Դը Գոլի քաղաքական գործունեությունն ավարտվեց 1969թ., երբ սենատի վերակառուցման և երկրի վարչատարածքային կառուցվածքի բարեփոխման համար իր իսկ նախաձեռնած հանրաքվեում ձախողվեց: Դը Գոլը առանց վարանելու հրաժարական տվեց և ընդմիշտ հեռացավ քաղաքականության ասպարեզից:

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, բայց չի պարտվել պատերազմում:

Այս արտահայտությունը վերցված է Շ. դը Գոլի` 1940թ. հունիսի 18-ին Լոնդոնի ռադիոելույթից` ուղղված ֆրանսիացի ժողովրդին:

♦♦♦

Ֆրանսիական դիմադրության կրակը չպետք է մարի և չի մարի:

Շ. դը Գոլը «դիմադրության շարունակումը» համարում էր «բոլոր այն ֆրանսիացիների պարտքը, որոնք դեռևս զենք են կրում»: Այստեղից առաջացավ և տարածում ստացավ «դիմադրություն» եզրը` բռնազավթված Եվրոպայում ֆաշիզմի դեմ պայքարի նշանակությամբ:

♦♦♦

Քաղաքականությունը չափազանց կարևոր գործ է, որ այն վստահվի քաղաքական գործիչներին:

Ասույթը հիշատակում է Մեծ Բրիտանիայի վարչապես Քլիմենթ Էտլին իր «Վարչապետի հուշերը» գրքում: Այսպես է դը Գոլը հակադարձել Էտլիի հետևյալ արտահայտությանը. «Դը Գոլը լավ զինվոր է, սակայն վատ քաղաքական գործիչ»:

♦♦♦

Ֆրանսիան ես եմ:

Այս արտահայտությունը դը Գոլը բազմիցս օգտագործել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին` Ու. Չերչիլի և Ֆ. Ռուզվելտի հետ զրույցների ժամանակ: Դը Գոլը նկատի ուներ այն, որ ինքն ազատ Ֆրանսիայի ներկայացուցիչն է գերմանական բռնազավթման տարիներին: Այս առումով հետաքրքրական է դը Գոլի մի արտահայտությունը, որ ներառված է Ժ.Տուրնոյի «Ֆրանսիայի որդիները» գրքում. «Երբ ես ցանկանում էի իմանալ, թե ինչ է մտածում Ֆրանսիան, հարցնում էի ինքս ինձ»:

♦♦♦

Բոլոր ֆրանսիացիների նախագահ:

Շ. դը Գոլի 1959թ. նախագահական ընտրարշավի գլխավոր կարգախոսն էր:

♦♦♦

Եվրոպան` Ատլանտյան օվկիանոսից մինչև Ուրալ:

Այս արտահայտությունը դը Գոլը օգտագործել է բազմիցս` տարբեր մեկնաբանությամբ: «Աշխարհի բախտը, անկասկած, որոշում է Եվրոպան, ողջ Եվրոպան` Ատլանտիկայից մինչև Ուրալ» (Ստրասբուրգ 1959թ.): «Երբևիցե Եվրոպան կդառնա միասնական` Ատլանտիկայից մինչև Ուրալ» (Շարտրե 1965թ.):

♦♦♦

Որևէ երկիր, որ ատոմային ռումբ չունի, չի կարող իրեն լիովին անկախ համարել:

«Նյու Յորք թայմս» օրաթերթի 1968թ. մայիսի 12-ի համարից:

♦♦♦

Ինձնից հետո կտիրի քաոսը (Ես կամ քաոսը):

Դը Գոլի կարգախոսն էր 1965թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ընտրությունների երկրորդ փուլից առաջ նա մեկնաբանել է իր կարգախոսը. «Ես չեմ ասել` ես, նաև չեմ ասել` քաոսը: Ես միայն ասել եմ և կրկնում եմ` եթե դեկտեմբերի 19-ին ֆրանսիացի ժողովուրդը որոշի պաշտոնանկ անել դը Գոլին, ապա հսկայական դժբախտություն կլինի երկրի համար»:

♦♦♦

Կեցցե ազատ Քվեբեկը:

Արտահայտությունը արվել է Մոնրեալի քաղաքապետարանի պատշգամբից հրապարակային ելույթի ժամանակ` 1967թ. հունիսի 24-ին:

♦♦♦

Այո` բարեփոխումներին, ոչ` խառնաշփոթին:

Այսպես է արտահայտվել դը Գոլը կառավարության նիստում` Փարիզում ուսանողական հուզումների տարածման ընթացքում` 1968թ. մայիսին:

♦♦♦

Հնարավոր չէ կառավարել մի երկիր, որտեղ 246 տեսակի պանիր կա:

Արտահայտությունն ունի նաև տարբերակներ, ինչպես օրինակ` «Հնարավոր չէ միավորել մի երկիր, որում 365 տեսակի պանիր կա»:

Պատրաստեց ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ռազմաքաղաքական


18/07/2012