Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

29 «ԻՆՉՈՒ»



Օրերս լրագրերում կարդացի, որ կառավարությունն օրենք է ընդունել զինվորական ծառայության մասին։ Ես ու իմ հասակակիցները առանց խանդավառության կարդացինք մեր պրեզիդենտի այդ հոգատար որոշումը։ Եվ ինչպես կարելի է ուրախանալ, երբ մի քանի շաբաթից հարյուր հազարավոր երիտասարդ քաղաքացիներ դուրս են շպրտվելու իրենց տներից ու բնակեցվելու են վրաններում ու զորանոցներում։ Հանուն ինչի՞։ Այնտեղ ինչ-որ մեկն ուզում է կռվել, իսկ մենք պիտի տառապե՞նք նրա քմահաճույքի պատճառով։ Չգիտեմ՝ ինչ են անելու ուրիշները, բայց ինչ վերաբերում է ինձ, ապա ես չեմ կարող բավարարել «սիրելի» կառավարությանս՝ ինձ թնդանոթի մսի կտոր դարձնելու ցանկությունը… Թեկուզեւ այն պատճառով, որ բուսակեր եմ… այսինքն, ներեցեք, ուզում էի ասել՝ պացիֆիստ…

Ֆիզիկական եւ բարոյական վիճակիս մանրազնին ուսումնասիրությունից հետո ես գտա քսանինը պատճառ, որոնցով ինձ հակացուցված է զինվորական ծառայությունը հանուն Աստծո ու մնացած միլիարդատերերի.

1. Ենթակա եմ քրոնիկական ճաղատացման։

2. «Զինվորական ծառայություն» բառերը լսելուց անգամ ձախ աչքիս տեսողությունը լրիվ կորչում է, բորբոքվում է աջ աչքս։

3. Ատամներս շարժվում են։

4. Մշտական ցավեր թիկունքումս։

5. Կույրաղիս բորբոքված է(տեսել եք արդյո՞ք երբեւէ թեկուզ մի կարգին սիմուլյանտի առանց կույրաղիի բորբոքման, շարժվող ատամների ու թիկունքի ցավերի)։

6. Կողքս ծակում է։

7. Տասը տեղից ճողվածք ունեմ (բոլոր տասը ճողվածքները հաշվում եմ մեկ հատ)։

8. Քիմքս ընդարմացել է, ու համի զգացողությունս կորել է։

9. Հոտառությունս կորել է (ինչպե՞ս կարող եմ կռահել հրամանատարների ցանկությունները)։

10. Ականջներս ապստամբում են (նման ականջներով ո՞նց գնամ հետախուզության)։

11. Ունեմ մեկ հազվագյուտ շնչարգելություն(իր յուրօրինակությամբ միակը ամբողջ Միչիգանի նահանգում)։

12. Տեղեկանք, որում ասվում է, որ կուրծքս փոս է ընկած։

13. Առաջին աստիճանի դիպլոմ (որ գնել եմ դրամանենգների բորսայում), որն ինձ շնորհվել է ռեկորդային հարթաթաթության համար։

14. Կոշտուկներ ոտքերիս ու ձեռքերիս բոլոր մատներին (հատուկ նրա համար, որ անճոռնի երթաքայլեմ ու վատ պատիվ տամ)։

15. Հավերժական հարբուխ (տատիկիս նվերը մանկությունից)։

16. Շատ դյուրագրգիռ եմ։

17. Սնվում եմ միայն արգանակներով (բժիշկները դիետա են նշանակել)։

18. Հա, քիչ մնաց մոռանայի, մի ոտքս կարճ է մյուսից, եւ մեծ վարպետություն էր պահանջվում, որպեսզի մինչեւ հիմա ոչ ոք դա չնկատեր)։

19. Աջ ձեռքիս արմունկը չի ծալվում, չնայած ողջ կյանքումս ցույց եմ տվել, թե այն կարգին վիճակում է։

20. Ձախ ձեռքս հետ չի մնում աջից (ընդհանրապես՝ տարօրինակ է, թե ինչպես եմ հասել զորակոչային տարիքի։

21. Հաճախակի գլխացավեր (հատկապես, երբ մտածում եմ մեր արտաքին քաղաքականության մասին)։

22. Ընդունում եմ այնքան շատ դեղորայք, դեղափոշիներ, դեղահաբեր ու հեղուկ դեղանյութեր, որ կսնանկացնեմ պետական գանձարանը (իսկ եթե համարենք, որ վիսկին էլ է դեղ,- ախր ոչ ոք չի համարձակվի ասել, որ սպիրտը դեղ չէ,- ապա պետական գանձարանի սնանկացման տեմպերը է՛լ ավելի կարագանան)։

23. Ես նույնիսկ առաջին կնոջս թույլ չեմ տվել հրամայելու ինձ։

24. Ձմռանն ու ամռանը հագնում եմ երկու զույգ տաք սպիտակեղեն։

25. Չեմ կարող քնել առանց ջեռակի։

26. Վախենում եմ շներից։

27. Չեմ կարողանում քայլել շարքով, երբ փողոցում գեղեցիկ աղջիկ եմ տեսնում։

28. Բայց ամենահուսալի պատճառը քսանիններորդն է, որը լիովին կարող է երկուսի փոխարեն անցնել, այն է՝

29. (Հու՛յժ գաղտնի։ Չմատնե՛ք ինձ եւ մարդու չասե՛ք)։ Մեկին տվել եմ երեք հարյուր դոլար, եւ նա ինձ համար զինվորական ծառայության ազատական է ճարել՝ առողջական վիճակի պատճառով։

Ահա, առայժմ այսքանը։ Քի՞չ է։ Հասկանալի է, ես չշարադրեցի քաղաքական հայացքներս, որոնք, միեւնույն է, չեն հետաքրքրում մեր կառավարությանը։ Ես միայն ուզում էի ցույց տալ, թե ինչպիսի խանդավառությամբ է երիտասարդությունը գնում զորակոչային տեղամասեր… Եվ իրոք՝ ինչու՞ պիտի ուրախանանք։ Ու՞մ են պետք պատերազմները։ Բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են զինվորական ծառայությամբ, թող իրենք էլ գնան… Վախենամ, որ այդժամ հարկ կլինի փոխել օրենքը, քանի որ պատերազմով շահագրգռված են ընդամենը հազար կամ երկու հազար մարդ, իսկ նրանք չեն ներկայանա զորակոչային տեղամաս. նրանք առանց այդ էլ շատ գործեր ունեն Ուոլ-ստրիթում…

ՄԱՐՏԻՆ ԲԱՔՍՏԵՐ
Թարգմանեց Մ.ՀՐԱՉՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Հոգևոր-մշակութային


18/07/2012