Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆՐԱՆՔ ԴԱՎԱՃԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆԸ



Վերջին տասնամյակի ժամանակագրություն

ՌԴ քրեական օրենսգրքում լրտեսության համար պատիժ են սահմանում 275-րդ եւ 276-րդ հոդվածները: Առաջինով հօգուտ օտարերկրյա որեւէ պետության ՌԴ քաղաքացու իրականացրած լրտեսությունը համարվում է պետական դավաճանություն եւ պատժվում 12-ից 20 տարի ազատազրկմամբ: Իսկ այլ պետությունների քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, ըստ քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի, դատապարտվում են 10-ից 20 տարվա ազատազրկման:

Այս հոդվածներով դատապարտվածները, որպես կանոն, պատիժը կրում են խիստ ռեժիմի գաղութում, զինվորականները եւ պահեստի սպաները` զրկվում զինվորական կոչումներից ու բոլոր պետական, գերատեսչական ու հոբելյանական պարգեւներից:

2002 թվական. հունիսի 26-ին հեռակա 15 տարվա ազատազրկման դատապարտվեց ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի առաջին գլխավոր վարչության` արտաքին հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Օլեգ Կալուգինը, որ վաղուց բնակվում էր ԱՄՆ-ում եւ աշխատում էր որպես խորհրդատու: Դատարանը որոշեց, որ նախկին գեներալն իր հրատարակած գրքում բացահայտել է խորհրդային հետախուզության աշխատանքի կազմակերպման ձեւերն ու մեթոդները, ինչպես նաեւ մի շարք տվյալներ Կանադայում, Ավստրալիայում ու Ֆրանսիայում գործող ռուսաստանյան առավել արժեքավոր հետախույզների մասին:

Աշնանը ձերբակալվեց ԱԴԾ սահմանապահ դաշնային ծառայության փոխգնդապետ Իգոր Վյալկովը: Նա 2001-2002 թվականներին մի քանի անգամ անլեգալ անցել էր Էստոնիա եւ այդ երկրի հետախուզությանը տեղեկություններ փոխանցել «ԱԴԾ սահմանապահ դաշնային ծառայության հետախուզական գործունեության որոշ ասպեկտների մասին»: Վյալկովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման:

2003 թվականի հունիսին Մոսկվայի զինվորական օկրուգային դատարանը 18 տարվա ազատազրկման դատապարտեց արտաքին հետախուզության ծառայության հակահետախուզության վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Զապորոժսկուն, որը ծառայակիցների մասին տեղեկություններ էր հայտնել ամերիկյան կողմին, ինչպես նաեւ մատնել երեք գործակալի, որոնք ԱՄՆ քաղաքացիներ էին: 2010 թվականի հուլիսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Զապորոժսկուն ու եւս երեք դավաճանի ներում շնորհեց: Նրանք փոխանակվեցին լրտեսության մեղադրանքով ԱՄՆ-ում ձերբակալված 10 ռուսաստանցիների հետ:

2004 թվական. Պրիմորիեում ավարտվեց լրտեսների 11 հոգանոց խմբի դատավարությունը, որոնք պարբերաբար չինական կողմին էին փոխանցել գաղտնի փաստաթղթեր, ինչպես նաեւ «հց-27» կործանիչի մասեր: Խմբի անդամներից երկուսը` կապիտան Իգոր Լուկինն ու մայոր Ալեքսանդր Արտյուխովը, կադրային զինվորականներ էին: Նրանք դատապարտվեցին համապատասխանաբար 10 եւ 8 տարվա ազատազրկման:

Ապրիլին Մոսկվայի քաղաքային դատարանը 15 տարվա ազատազրկման դատապարտեց ՌԴ գիտությունների ակադեմիայի ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի ռազմատեխնիկական ու ռազմատնտեսական սեկտորի պետի տեղակալ Իգոր Սուտյագինին, որը պետական գաղտնիքներ էր փոխանցել բրիտանական «ԾՌ-6»-ին: Վեց տարի անց նա եւս փոխանակվեց ԱՄՆ-ում ձերբակալված ռուսաստանյան հետախույզների հետ:

2006 թվական. հունիսին ձերբակալվեց ՌԴ ՊՆ ենթակայության գիտահետազոտական ինստիտուտներից մեկում բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող պահեստի փոխգնդապետ Իգոր Արսենտեւը։ Նա 2002-2004 թվականներին արտասահմանյան գործուղումների ընթացքում օտարերկրյա հատուկ ծառայություններին էր փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի գաղտնի տեղեկություններ: Արսենտեւը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման, որը սակայն, շուտով մեղմացվեց՝ դառնալով 7 տարի: Բացի այդ, նախկին փոխգնդապետին հարկադիր բուժում նշանակեցին, քանի որ, ըստ բժշկական եզրակացության, նա տառապում էր «հոգեկան շիզոտիպիկ շեղումներով»:

Օգոստոսին 13 տարվա ազատազրկման դատապարտվեց պահեստի գնդապետ Սերգեյ Սկրիպալը: Վերջինս, ծառայելով ՌԴ զինված ուժերում, 90-ականների կեսերին հավաքագրվել էր բրիտանական հետախուզության կողմից, եւ մինչ բացահայտվելը նա հասցրել էր փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

2007 թվական. մարտին Մոսկվայի օկրուգային զինվորական դատարանը 12 տարվա ազատազրկման դատապարտեց պահեստի գնդապետ Վալենտին Շաբատուրովին, որին հավաքագրել էր եվրոպական պետություններից մեկի հետախուզությունը: ՌԴ ազգային անվտանգությանը զգալի վնաս հասցրած ակտիվ համագործակցությունը ձգվել էր յոթ տարի:

Հոկտեմբերին յոթ տարվա ազատազրկման դատապարտվեց Կենտրոնական զինվորական օկրուգի զորամասերից մեկի զինծառայող Սերգեյ Յուրենիան, որին 2005 թվականին հավաքագրել էին Լեհաստանի հատուկ ծառայությունները, եւ որը վարձավճարի դիմաց գաղտնի տվյալներ էր հաղորդել օկրուգի մի շարք զորամասերի տեղակայման վայրի, ենթակայության եւ ունեցած սպառազինության մասին:

2008 թվականի հունվարին ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության Կալինինգրադի վարչության նախկին սպա Վալերի Խիտրյուկը Բալթիական նավատորմի վերաբերյալ լիտվական կողմին տարաբնույթ տեղեկություններ հաղորդելու համար դատապարտվեց 7,5 տարվա ազատազրկման:

2009 թվական. օգոստոսին Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Միխայիլ Խաչիձեն դատապարտվեց ութ տարվա ազատազրկման: Հավաքագրվելով Թբիլիսիի կողմից, հրամանատարի տեղակալը 2007 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին սկսել էր վրացական գործակալներին հաղորդել զորամասի մասին ծառայության բերումով իրեն հայտնի եւ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Հոկտեմբերին Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգային դատարանը ավագ Ջեմալ Նակիձեին դատապարտեց 9 տարվա ազատազրկման: 2008-ի փետրվարից նա Վրաստանի հատուկ ծառայություններին էր փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

Դեկտեմբերին Հյուսիսային Օսիայի գլխավոր դատարանը պետական դավաճանության համար ութ տարվա ազատազրկման դատապարտեց Բադրի Կուշաշվիլուն, որը 2007-2008 թվականներին գաղտնագրված SMS հաղորդագրությունների միջոցով Վրաստանի հատուկ ծառայություններին տեղեկություններ էր հաղորդել Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորամասերի ու զինվորական օբյեկտների մասին:

2010 թվական. մարտի 25-ին Վրաստանի քաղաքացի, Վրաստանի հետախուզության ռեզիդենտ Խվիչի Իմերլիշվիլին եւ փոխգնդապետ Մառլեն Բոգդանովը համապատասխանաբար դատապարտվեցին 11 եւ 15 տարվա ազատազրկման: Դատարանն ապացուցված համարեց, որ Զազա Խերկելաձեն գործակալական ցանց հիմնելու եւ Հյուսիսային Կովկասում տեղակայված ռուսաստանյան զորամասերի ու նրանց զինծառայողների մասին տվյալներ հավաքելու նպատակով 2007 թվականին անլեգալ այցելել էր Հյուսիսային Օսիա, որտեղ նրա օգնական, փոխգնդապետ Իմերլիշվիլին հավաքում էր ռազմական բնույթի տեղեկություններ եւ հետագա հավաքագրման համար ընտրում ռուսաստանցի զինծառայողների թեկնածություններ: Բոգդանովն իրականացնում էր Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների, Հարավային դաշնային օկրուգում տեղակայված ՌԴ ՊՆ զորամասերի զինծառայողների եւ ռազմական օբյեկտների մասին տեղեկության հավաքումն ու փոխանցումը Թբիլիսի:

Ռուսաստանյան հակահետախույզները նրանց բացահայտեցին 2008-2009 թվականներին:

Մայիսին չորս տարվա ազատազրկման դատապարտվեց Գենադի Սիպաչեւը, որը ձերբակալվել էր 2008 թվականին: Նա հավաքել ու համացանցի միջոցով արտասահման էր փոխանցել ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզագրական նյութեր:

Սեպտեմբերին Հյուսիսային Օսեթիայի զինված ուժերի զորքերի ծառայության եւ անվտանգության բաժնի պետ Էդուարդ Գոբոզովը դատապարտվեց տասը տարվա ազատազրկման: 2004-2009 թվականների ընթացքում նա դրամական պարգեւատրման դիմաց Վրաստանի հատուկ ծառայություններին էր տրամադրել գաղտնի տեղեկություններ Հարավային Օսիայում գտնվող ռուսաստանյան զորքերի եւ ԱԴԾ սահմանապահ ծառայության ստորաբաժանումների քանակական ու որակական կազմի, տեղակայման վայրի ու տեղաշարժի երթուղիների մասին:

2011 թվական. հունիսի 27-ին Մոսկվայի օկրուգային զինվորական դատարանը արտաքին հետախուզական ծառայության նախկին սպա, գնդապետ Ալեքսանդր Պոտեեւին ռուսական հետախուզության գործակալներին Միացյալ Նահանգներին մատնելու եւ դասալքության համար հեռակա դատապարտեց 25 տարվա ազատազրկման, աստիճանազրկեց, ինչպես նաեւ զրկեց «Կարմիր դրոշի» շքանշանից ու հոբելյանական մեդալներից:

Հոկտեմբերի 19-ին նույն դատարանը Հարավային զինվորական օկրուգի զորամասերից մեկի զինծառայող, ավագ լեյտենանտ Դավիթ Ալիեւին եւ նրա մորը` Իրինա Ալիեւային մեղավոր ճանաչեց Վրաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար եւ դատապարտեց համապատասխանաբար 10 եւ 8 տարվա ազատազրկման: Սպան 5.000 ԱՄՆ դոլարի դիմաց հավաքել ու մոր միջոցով վրացական հատուկ ծառայություններին էր հանձնել օկրուգի զորամասերի մարտական գործունեության մասին գաղտնի տեղեկություններ:

Դեկտեմբերի 7-ին Հարավային զինվորական օկրուգի զորամասերից մեկի զինծառայող, պահեստի մայոր Վլադիմիր Կլենկովը մեղավոր ճանաչվեց Վրաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար եւ դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Կլենկովը վրացական հատուկ ծառայություններին էր փոխանցել օկրուգի զորքերի մասին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ:

2012 թվական. փետրվարի 10-ին «Պլեսեցկ» տիեզերակայանի ավագ ինժեներ -փորձարկող, փոխգնդապետ Վլադիմիր Նեստերցը 13 տարվա ազատազրկման դատապարտվեց ԿՀՎ-ին ռուսաստանյան ռազմավարական նշանակության հրթիռային համալիրների փորձարկումների մասին տեղեկություններ հաղորդելու համար:

Մայիսին Մոսկվայի քաղաքային դատարանը պահեստի գնդապետ Վլադիմիր Լազարին Միացյալ Նահանգների օգտին լրտեսության համար դատապարտեց 12 տարվա ազատազրկման: Նախկին գնդապետը, որ ժամանակին ծառայել էր զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեխնիկական վարչությունում, իր համակուրսեցու՝ այժմ ամերիկյան զինվորական հետախուզության գործակալ Լեսմենտի հանձնարարությամբ ձեռք էր բերել ու նրան հանձնել պետական գաղտնիք պարունակող բազմաթիվ էլեկտրոնային քարտեզներ:

Մայիսի 18-ին Սվերդլովի մարզային դատարանը ութ տարվա ազատազրկման դատապարտեց պաշտպանական արդյունաբերության փակ գիտահետազոտական ինստիտուտի աշխատակից Ալեքսանդր Գնիտեեւին, որ օտարերկրյա հետախուզությանն էր փոխանցել ռուսական հրթիռաշինության վերաբերյալ գաղտնի տվյալներ:

Պատրաստեց Տ. ԴԵՎՐԻԿՅԱՆԸ

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


18/07/2012