Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ



Կենսաբանական զենքի գործողության սկզբունքը հիմնված է մարդկանց, կենդանիների և բույսերի հիվանդությունների հարուցիչների` միկրոօրգանիզմների (բակտերիաներ, վիրուսներ, սնկեր և այլն) կործանարար հատկությունների վրա: «Կենսաբանական զենք» հասկացությանը զուգընթաց, երբեմն որպես հոմանիշ, կիրառվում է նաև «բակտերիոլոգիական զենք» տերմինը: Կենսաբանական զենքը, սակայն, ավելի լայն կիրառություն ունի, քանի որ, բակտերիաներից բացի, կարող են կիրառվել նաև վիրուսները, սնկերը և այլն:

Ռազմաքաղաքական հակամարտությունների պայմաններում կարևորվում է հակառակորդի զինված ուժերի՝ հատկապես զանգվածային ոչնչացման զենքի վերաբերյալ հավաստի տեղեկությունների առկայությունը: Սույն վերլուծությունը նպատակ ունի պարզելու Ադրբեջանի՝ կենսաբանական զենքի տնօրինման և հնարավոր կիրառման մասնակի հարցերը:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉՈՒՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ

Զանազան պաշտոնական հայտարարություններում հաճախ հատուկ շեշտադրվում է. «Ադրբեջանը չունի կենսաբանական զենք» (Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ), կամ` «Չկան ապացույցներ, որոնք վկայեին, թե Բաքուն ունի կենսաբանական զենք», կամ` «ձգտում է նման զենքի արտադրության հնարավորությունների ստեղծմանը» («Միջուկային սպառնալիքի դեմ նախաձեռնություն» կազմակերպություն):

Երբեմն, վերն ասվածին զուգընթաց, նաև հաստատվում է այն իրողությունը, որ Ադրբեջանի տրամադրության տակ եղած մահաբեր միկրոօրգանիզմները «կարող են օգտագործվել կենսաբանական զենք արտադրելու համար» (Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչ): Դրա հետ մեկտեղ ընդունվում է նաև այն փաստը, որ դեռևս Խորհրդային Միության ժամանակաշրջանում հակաժանտախտային համակարգի շրջանակներում պատվաստանյութեր արտադրող լաբորատորիաներն Ադրբեջանում ունեին կենսաբանական նյութերի երկակի (խաղաղ և ռազմական) օգտագործման հնարավորություններ («Ջեյնի տեղեկատվական խումբ»): Սրան պետք է ավելացնել նաև այն, որ ադրբեջանցի մասնագետները վերջին տարիներին ստաժավորում են անցնում ամերիկյան վիրուսաբանական բարձրակարգ հաստատություններում:

Ոմանք հաշվի են առնում նաև այն հանգամանքը, որ «ռազմական ունեցվածքի բաժանումը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել խառնակ ժամանակներում» (Միջազգային սոցիալ-էկոլոգիական միություն), և որ այդ պայմաններում գործնականում հնարավոր էր ստանալ կամ պահպանել ունեցած ամեն բան, ներառյալ զանգվածային ոչնչացման զինատեսակները:

Բոլոր դեպքերում, այն փաստը, որ Ադրբեջանն իր տրամադրության տակ ունի առնվազն 62 մահաբեր միկրոօրգանիզմների նմուշներ, անժխտելի փաստ է:

Այժմ փորձենք հասկանալ այն անձանց տրամաբանությունը, որոնք միաժամանակ ընդունում են, որ Ադրբեջանն ունի կենսաբանական զենքի միջուկը կազմող միկրոօրգանիզմներ, բայց և պնդում են, թե այդ երկիրը չունի կենսաբանական զենք: Տրամաբանությունը, ամենայն հավանականությամբ, հետևյալն է. կենսաբանական զենքը տարածվում է հատուկ մարտագլխիկներով հրթիռների, հրետանային արկերի և ավիացիոն ռումբերի միջոցով, և եթե դրանք չեն հայտնաբերվել Ադրբեջանում, ուրեմն Ադրբեջանը կենսաբանական զենք չունի:

Մինչդեռ զինված հակամարտություններում կիրառվող միջոցների վերաբերյալ նման դասական մոտեցման կողմնակիցներն անտեսում են այն հանգամանքը, որ վերը թվարկվածով ամենևին էլ չեն սպառվում կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունները: Իրականում նաև այլ միջոցներ` վարակի հարուցիչներ պարունակող ծրարներ, պարկեր, տուփեր օդանավից վայր նետելը, վարակակիր միջատներ տարածելը, դիվերսիոն մեթոդները և այլն: Բառացի մեջբերենք համացանցում հրապարակված օրինակներից մի քանիսը. «Որոշ դեպքերում մահացու հիվանդություններ տարածելու համար հակառակորդը կարող է նահանջի ժամանակ թողնել հարուցիչներով ախտահարված վարակված կենցաղային իրեր ու առարկաներ` հագուստ, սննդամթերք, ծխախոտ և այլն: Հնարավոր է նաև նահանջի դեպքում վարակակիր հիվանդներին կանխամտածված մարտի դաշտում թողնելը, որպեսզի հենց նրանք զորքի և բնակչության համար դառնան վարակի աղբյուր»:

Այսպիսով, ստացվում է մի անհեթեթ իրավիճակ. Ադրբեջանը կենսաբանական զենք իրականում չունի, սակայն փաստացի ի վիճակի է այն կիրառել` առանց հատուկ ռազմական սարքավորումների (հատուկ մարտագլխիկներով հրթիռների, հրետանային արկերի և ավիացիոն ռումբերի) ձեռքբերման:

Քննարկվող խնդրի առումով հետաքրքրություն կարող է ներկայացնել BBC-ի կողմից 2001թ. հոկտեմբերի 30-ին հեռարձակված հետևյալ տեղեկությունը, որը ներկայացնում ենք ըստ «Ազգ» օրաթերթի հրապարակման. «Երեկ BBC հեռուստակայանը հաղորդեց, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչ և 2001թ. Նյու Յորքի և Վաշինգտոնի ահաբեկչությունների կազմակերպման համար մեղադրվող սաուդցի Ուսամա բեն Լադենն իր գլխավորած «Ալ Ղաիդա» կազմակերպության էմիսարների միջոցով փորձել է Հեյդար Ալիևից ձեռք բերել քիմիական և կենսաբանական զենք: BBC-ն չմասնավորեցրեց, թե համագործակցության արդյունքում հաջողվե՞լ է արդյոք բեն Լադենին ձեռք բերել քիմիական և կենսաբանական զենք»: Ինչպես տեսնում ենք, առևտրի կողմերն ու առարկան հայտնի են, գործարքի իսկությունը` ոչ:

Ուշագրավ կարող է լինել նաև այլ աղբյուրներից հանրությանը հայտնի դարձած հետևյալ փաստը. «1998 թվականին դեսպանատների պայթյուններից հետո իր տարածքում իսլամիստ ծայրահեղական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու հետևանքով Ադրբեջանը ենթարկվեց ԱՄՆ աճող ճնշումներին: Այնուհանդերձ, Ադրբեջանը հրաժարվեց կասկածյալ ահաբեկիչներին ԱՄՆ-ին հանձնել` «չարժանանալու համար իսլամարար արմատականների ցասմանը»: Դրա փոխարեն Ադրբեջանը նրանց վերադարձրեց իրենց երկրներին: Կասկածյալ ահաբեկիչներից մեկը` Ահմադ Սալամ Մաբրուքը, որն այդ ժամանակ գլխավորում էր «Ալ Ղաիդայի» տեղական բաժանմունքը, ձերբակալվել էր Ադրբեջանում քիմիական և կենսաբանական զենք ձեռք բերելու ջանքերի ընթացքում» (Քենիայում և Տանզանիայում 1998թ. ԱՄՆ դեսպանատներում կատարված պայթյունների հետաքննությամբ բացահայտվեց, որ այդ հանցագործությունների հետքերը տանում են Բաքու):

Երբեմն միջազգային հանրության սեփականությունն են դառնում այնպիսի տեղեկություններ, որոնք վերաբերում են սովորական զինատեսակներից տարբերվող այլ զենքերի միջպետական առևտրի դեպքերին: Թեև արևմտյան երկրների կառավարությունները հարաբերական զգուշավորություն են ցուցաբերում այլ պետություններին նորագույն զինատեսակներ վաճառելու հարցում, այդուհանդերձ այդպիսի խոչընդոտները չեն կարող անհաղթահարելի դիտվել հավանական գնորդների համար: Մեջբերենք սույն հարցին անմիջականորեն առնչվող «Wikileaks» հրապարակած Բաքվում ԱՄՆ դեսպանի զեկույցը իր ղեկավարությանը. «Իսրայելի հետ սերտ հարաբերությունների շնորհիվ Ադրբեջանի համար մատչելի են դարձել իր բանակի կատարելագործմանն ուղղված այնպիսի բարձրակարգ զենքերի համակարգեր, որոնք զանազան իրավական սահմանափակումների պատճառով Ադրբեջանը չի կարող ձեռք բերել ո՛չ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, ո՛չ էլ նախկին խորհրդային մատակարարներից` Բելառուսից և Ուկրաինայից»: Նույն աղբյուրում նշվում է, որ Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերում հրետանի, զինամթերք, ռադիոսարքավորումներ, ինչպես նաև հրթիռային հրետանու տարբեր տեսակներ: Սա թերևս Ադրբեջանի՝ այլ պետություններից ներկրման գործարքի վերաբերյալ ընդամենը առանձին տեղեկություն է, որն ինքնին բավարար հիմք չէ ձեռք բերվող զենքերի ողջ տեսականու մասին լիարժեք պատկերացում կազմելու համար, սակայն լիովին բավարար է գործընթացի տրամաբանությունը հասկանալու համար:

Քննարկվող հարցերի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի կենսաբանական զենք չկիրառելու վերաբերյալ կնքած միջազգային և երկկողմ համաձայնագրերը չեն կարող բավարար երաշխիք ծառայել հարևան երկրների համար: Նման զգայուն և խոցելի հարցերում արդարացված չի լինի հավատ ընծայելը մի երկրի, որը ազգայնամոլական և ծավալապաշտական մղումներով մշտապես խախտել և խախտում է բոլոր հնարավոր միջազգային նորմերն ու պարտավորությունները:

«ԱՎԱԳ ԵՂԲՈՐ» ԳՈՐԾՈՆԸ

Հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական սերտաճման ներկայիս վիճակը Հայաստանին (այսինքն` Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը) վերաբերող հարցերում՝ արդարացի չի լինի այդ երկրների ռազմական կարողությունները միմյանցից անջատ քննարկելը: Այս նկատառումից ելնելով` համառոտ անդրադարձ կատարենք նաև Թուրքիայի զանգվածային ոչնչացման զենք ունենալու խնդրին:

Բազմաթիվ աղբյուրներ բազմիցս անդրադարձել են Թուրքիայում զանգվածային ոչնչացման զենքերի առկայության և դրանց առանձին տեսակների կիրառման փաստերին: Այսպես, Գլոբալիզացիայի ուսումնասիրության կենտրոնի կայքը տեղեկացնում է, որ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը հաստատել է, որ Թուրքիան իր տրամադրության տակ ունի ամերիկյան արտադրության միջուկային զենք: Թուրքիան, որը Իրանի դեմ ամերիկյան կոալիցիայի կազմում է, Ինջիրլիք ռազմակայանում ունի B61 տիպի մոտ 90 ջերմամիջուկային ռումբ և դրանք նպատակակետին հասցնելու կարողություններ:

Դրա հետ մեկտեղ, Թուրքիայում բացահայտ կոչեր են հնչում այդ երկրում միջուկային զենքի սեփական արտադրություն սկսելու անհրաժեշտության մասին: Օրինակ՝ թուրքական մեջլիսի (Ազգային մեծ ժողովի) պատգամավոր Հալուկ Օզդալգան հրապարակավ խոսում է այն մասին, որ Թուրքիան ներկայումս պետք է «նախաձեռնի միջուկային տեխնոլոգիաների գծով լավ մտածված և համապարփակ ծրագիր»: Այդ ծրագիրը, ըստ պատգամավորի, պետք է ուղղված լինի սեփական միջուկային արտադրության համար անհրաժեշտ կարողությունների մշակմանը: «Թուրքիան,- ըստ նույն պետական գործչի,- պետք է նաև մեծացնի իր կառավարվող հրթիռների գործողության շառավիղը»:

Միջուկային զինատեսակներին փաստացի տիրապետելու և դրանց հետագա կատարելագործման բացահայտ ծրագրերի կողքին Թուրքիան նաև սպառնալիք է ներկայացնում այդ զենքերի տարածման հարցում: «Միջուկային պատասխանատվության կոալիցիա» կանադական կազմակերպությունը բացահայտում է Թուրքիայի՝ Պակիստանին միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ նյութեր մատակարարելու փաստերը:

Տարբեր ժամանակներում տարբեր լրատվամիջոցներով բազմիցս հաղորդումներ են եղել նաև քրդերի դեմ թուրքական կողմի քիմիական զենք կիրառելու փաստի մասին: Ուշագրավ է նաև այն տեղեկատվությունը, որ մաքսանենգությամբ Թուրքիա բերված քիմիական և կենսաբանական զենքերը կարող են օգտագործվել Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանությունների դեմ:

Թուրքիայում զանգվածային ոչնչացման զենքի առկայության, օգտագործման և տարածման շուրջ տիրող անվերահսկելի իրավիճակը հարկադրում է մտահոգվել նաև Թուրքիա-Ադրբեջան համատեղ գործողությունների (բացահայտ կամ քողարկված) հեռանկարի մասին:

ԱՐԾՐՈՒՆ ԱՆՋՅԱՆ
«Գլոբուս» վերլուծական հանդես,
թիվ 4, 2012
Տպագրվում է կրճատումներով

Խորագիր՝ #27 (943) 12.07.2012 – 18.07.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


18/07/2012