ԿԻՄ ՉԵՆ ԻՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՄԱՐՇԱԼԻ ԿՈՉՈՒՄ
Առողջական վիճակի պատճառով ԿԺԴՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Լի Են Խոյին զբաղեցրած բոլոր պաշտոններից ազատելուց հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին շնորհվել է ԿԺԴՀ մարշալի, իսկ գնդապետ Խեն Են Չխոյին` փոխմարշալի կոչում:
Հյուսիսային Կորեայում կա նաև ԿԺԴՀ բանակի մարշալի կոչում, որը բոլորովին այլ կոչում է: Երկրում կան չորս զինվորական բարձրագույն կոչումներ` Կորեայի ժողովրդական բանակի փոխմարշալ, Կորեայի ժողովրդական բանակի մարշալ, ԿԺԴՀ մարշալ և գեներալիսիմուս: ԿԺԴՀ մարշալը համարժեք է Խորհրդային Միության մարշալի կոչմանը:
Հյուսիսային Կորեայի ողջ պատմության ընթացքում այս կոչմանն են արժանացել 1953 թվականին` Կորեական պատերազմի ժամանակ Կիմ Իր Սենը, իսկ 1992 թվականին` նրա որդին` Կիմ Չեն Իրը, այսինքն՝ նորընծա մարշալի պապն ու հայրը, որոնք արժանացել են նաև գեներալիսիմուսի կոչման (Կիմ Չեն Իրը` հետմահու):
Այսպիսով, ԿԺԴՀ երիտասարդ առաջնորդն այժմ ունի ամենաբարձր զինվորական կոչումը երկրում:
Խորագիր՝ Նորություններ