ԵՐԿՐԻԴ ՏԵՐԸ ԼԻՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԵՂԻՐ ԵՐԿՐԻԴ ԶԻՆՎՈՐԸ
Գուլյանների ընտանիքում մեծ ուրախություն է. զինվոր որդին՝ Գոռը, բանակից տուն է վերադարձել։ Ծնողների ուրախությունը, կյանքի իմաստը իրենց զավակներն են. երջանիկ են այն ծնողները, որոնք արժանավոր զավակներ ունեն։ Իսկ Գոռի ծնողները, իրոք, հպարտանալու առիթ ունեն. որդին նվիրված ծառայել է հայրենիքին եւ բարեխիղճ ծառայության համար արժանացել «Բանակի գերազանցիկ» կրծքանշանի, զորամասում եղել է «Դասակի լավագույն հրամանատար», «Ջոկի լավագույն հրամանատար», «ՀՕՊ-ի լավագույն հերթապահ»։
-Գո՛ռ, ամենավերջին օրվանից պատմիր, երբ արդեն պիտի զորացրվեիր։
-Որքան էլ հեշտ կամ դժվար անցնի ծառայությունը, միեւնույնն է, բոլոր զինվորներն էլ հոգու խորքում անհամբեր սպասում են այդ օրվան։ Շատ էի կարոտել մերոնց։ Ողջ գիշեր անհանգիստ շուռումուռ էի գալիս եւ սպասում լույսը բացվելուն։ Լուսացավ, կարծում էի՝ հրաշք է լինելու, բայց սովորական օր էր. զորամասում նույն եռուզեռն էր, միայն ես արդեն զինվոր չէի… Կարծում էի՝ աշխարհի չափ ուրախ եմ լինելու, բայց տարօրինակ զգացողություն էր՝ ե՛ւ ուրախ էի, ե՛ւ տխուր։
-Դժվա՞ր էր ծառայությունը։
-Իսկ կյանքում ի՞նչն է հեշտ։ Սկզբում, ինչ խոսք, դժվար էր, երբ քաղաքացիական անհոգ կյանքից միանգամից անցնում ես զինվորական կարգուկանոնի, բայց հետո հարմարվում ես։ Մեր զորամասում շատ էին բուհավարտ տղաները՝ կիրթ, կարգապահ, մի խոսքով՝ ամեն ինչ սահուն անցավ։ Օգտվելով առիթից, կցանկանայի Ձեր թերթի միջոցով ջերմորեն բարեւել զինվոր ընկերներիս՝ Պողոս Թոսունյանին, Արծրուն Գեւորգյանին, Արմեն Քոլյանին, Անդրանիկ Ղուկասյանին, վաշտի հրամանատար կապիտան Է. Ավանիսյանին, բոլորի՛ն, ում հետ կիսել եմ զինվորական կյանքի դժվարություններն ու հաջողությունները, ում հետ ձմեռվա ցրտին, ամառվա տապին հսկել եւ պահպանել եմ հայրենիքը։
-Դիրքերից պատմիր, ծառայավայրիդ բնությունից։
-Դիրքերում է՛լ ավելի է մեծանում պատասխանատվությունդ։ Հպարտ ես զգում, որ հողիդ մի մասնիկի համար այդ պահին ամենաշատը դու ես պատասխանատու, իսկ թիկունքում քեզ այնքան հարազատ մարդիկ են։ Հայրս մասնակցել է Արցախյան պատերազմին, ու ես ավելի եմ կարեւորում իմ ծառայությունը. ես պաշտպանել եմ հորս եւ նրա մարտական ընկերների արյուն-քրտինքով ազատագրված հողը՝ մե՛ր հողը։ Իսկ ծառայավայրիս բնությունն իրոք շքեղ էր, սակայն ես արմատներով Դիլիջանից եմ ու ինձ համար անկրկնելին, ամենագեղեցիկը Դիլիջանն է՝ իր հրաշք բնապատկերներով։ Պատահական չէ, որ ասում են՝ Դիլիջանը հայոց բնության մարգարիտն է։
-Երկու տարի ապրել ես զինվորական կյանքով։ Եթե հրամանատար լինեիր…
-Կաշխատեի ճանաչել բոլոր զինվորներիս, խրախուսել եւ ոգեւորել նրանց, կանեի հնարավորը, որ զինվորի ազատ ժամանակը ճիշտ օգտագործվի. սպորտը կրթում է մարմինը, գիրքը՝ հոգին։ Չեք հավատա, եթե ասեմ, որ բանակում ընթերցել չսիրող զինվորն անգամ դառնում է ընթերցասեր։ Կաշխատեի ինքս հայրենասիրության օրինակ ցույց տալ։
-Ի՞նչ նպատակներ ունես։ Գիտեմ, որ ավարտել ես Երեւանի ճարտարագիտական համալսարանը։
-Ուզում եմ մասնագիտությամբ աշխատել։ Ընտրած աղջիկ ունեմ՝ Լուսինեն՝ պարզ ու հրաշալի աղջիկ է։ Ընտանիք կկազմեմ ու զավակներ կունենամ։
-Անձնական մեծ երջանկություն եմ մաղթում քեզ։ Միայն անկեղծ պատասխանիր՝ կուզենայի՞ր, որ տղադ ծառայեր բանակում։
-Ծնողի անհանգստությունը բնական է՝ «թող որդիս ոչ մի դժվարություն չտեսնի», բայց ամեն երիտասարդ էլ պետք է ծառայի։ Բանակն ինքնուրույնության դպրոց է։ Այստեղ ինքդ քեզ ես բացահայտում, սովորում ճանաչել դիմացինիդ, այստեղ ավելի ես կարեւորում մարդկային արժեքները, գնահատում իսկական ընկերությունը (հիմա Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում էլ ընկերներ ունեմ՝ բանակային ընկերներ, որոնք եղբոր պես հարազատ են)։ Բանակը խիստ ուսուցիչ է, որի տված դասերը ողջ կյանքի համար են։ Տղաս ծառայելու է մեր բանակում, եւ շատ եմ ուզում հավատալ, որ այնժամ մեր բանակն է՛լ ավելի կատարյալ է լինելու, զերծ այսօրվա թերություններից։ Կցանկանայի նաեւ, որ բոլորն էլ անխտիր ծառայեն. երկրի տերը լինելուց առաջ պետք է երկրիդ զինվորը լինես։ Ուզում եմ նաեւ, որ հայրենիքին արժանիորեն ծառայած զինվորը քաղաքացիական կյանքում եւս ունենա իր արժանի տեղը։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր