Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ. ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՇՐՋԱՆ



Շրջանից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 4100 հոգի, զոհվել կամ անհետ կորել է 2300-ը:
Հայրենականի տարիներին շրջանը պաշտպանության ֆոնդին է մուծել 4,5 մլն. ռուբլի կանխիկ դրամ: Ռազմաճակատ է ուղարկվել շուրջ 11 հազար ծանրոց: 1942թ. նոր տարվա առթիվ շրջանի աշխատավորները Արեւմտյան ռազմաճակատ ուղարկեցին մեծ քանակությամբ ծանրոցներ` շնորհավորական բացիկներով: Ռազմաճակատի ռազմական խորհրդի պատասխան շնորհավորական նամակում մասնավորապես նշվում էր. «Ձեր նոր տարվա սրտագին խոսքերը մեզ ոգեշնչում են նորանոր սխրագործությունների եւ հնչում իբրեւ մի կոչ` է՛լ ավելի ուժգին հարվածել ֆաշիստական ճիվաղներին: Հավաստիացնում ենք ձեզ, թանկագին ընկերներ, մենք պարտքի տակ չենք մնա, մարտիկի մեր պարտքը կկատարենք` մինչեւ վերջ ոչնչացնելով բոլոր զավթիչներին»: 1944թ. Լենինգրադի վերականգնման համար պետական բանկ մուծվեց 480 հազար ռուբլի: 1941թ. հունիսի վերջին արդեն 3800 նոյեմբերյանցի էր մարտնչում Կարմիր բանակի շարքերում: 1941թ. սեպտեմբերի 19-ին Նոյեմբերյանում տեղի ունեցավ «Հայրենիքի կոչով դեպի ռազմաճակատ» նշանաբանով երիտասարդական հավաք, որին ներկա էր նաեւ ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Արամ Փիրուզյանը: Հավաքի հենց հաջորդ օրը երիտասարդների մի խումբ կամավոր մեկնեց գործող բանակ:
Շրջանից ռազմաճակատ մեկնած 160 ուսուցիչներից 70-ը չվերադարձան: Կողբ գյուղից էր Ջահան Կարախանյանը, որ 1943թ. Նովորոսիյսկի համար մղվող մարտերում ցուցաբերած քաջագործությունների համար 1944թ. մայիսի 16-ին հետմահու արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: 1945թ. մարտի 24-ին ոսկեվանցի Իշխան Սարիբեկյանն այդ կոչմանն արժանացավ 1944թ. մայիսի 7-ին Սեւաստոպոլի մոտ Սապուն գորայի գրավման մարտերում ցուցաբերած հերոսության համար: Նոյեմբերյանցի մարտիկներն իրենց հայրենասիրական պարտքը պատվով կատարեցին նաեւ Լենինգրադի շրջափակման տարիներին: 115-րդ դիվիզիայի կազմում մարտնչում էր 75 նոյեմբերյանցի` վաշտի հրամանատար Օնիկ Ամիրաղյանը, հրետանային մարտկոցի դասակի հրամանատար Արամայիս Մալխասյանը, Վախթանգ Միրզոյանը, Եղիշե Մուսայելյանը, փոխգնդապետ Հովհաննես Աբովյանը, գնդապետ Սարգիս Խաչիկյանը: Մոսկվայի պաշտպանությանը մասնակցեցին Լեւոն եւ Գեորգի Չիլինգարյանները, հրետանավորներ Գրիգոր Բայրամյանը, Աշոտ Զուրաբյանը:
Շատ նոյեմբերյանցիներ մարտնչել են պարտիզանական ջոկատներում: Խորհրդային ռազմագերիներից կազմված 814-րդ հայկական ֆելդ գումարտակի 2-րդ վաշտի գերմանացի հրամանատարի տեղակալն էր լեյտենանտ Արամայիս Հովսեփյանը, որը գաղտնի կապ է հաստատում դասակների հրամանատարների` այդ թվում Կոթիի դպրոցի նախկին սան Վահան Աբովյանի հետ, եւ միասին ծրագրում են անցնել խորհրդային բանակի կողմը: 1943թ. աշնան սկզբին վաշտը Լեհաստանից փոխադրվում է Ուկրաինա` Ժիտոմիրի մարզի Չասրովիչի շրջան, որտեղ սեպտեմբերի 16-ին 248 հոգի զենքով եւ հանդերձանքով անցնում է պարտիզանների կողմը: Անաստաս Միկոյանի անվան այդ ջոկատը դառնում է Ուկրաինական պարտիզանական միավորման աչքի ընկնող ջոկատներից մեկը:
138-րդ դիվիզիայի կազմում Ստալինգրադի մարտերում աչքի ընկավ կողբեցի ավագ լեյտենանտ Աշոտ Բարսեղյանը, որը պարգեւատրվեց Կարմիր աստղի շքանշանով եւ Մարտական ծառայությունների համար մեդալով:
Իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերեցին Ջուջեւանից եղբայրներ` Մեխակ, Վասիլ, Հմայակ եւ Լեւոն Չիլինգարյանները, Բերդավանից Սմբատ, Նիկոլ, Արտաշ եւ Ռուբեն Բայրամյանները, Շավարշավանից` Ղազար Աբովյանի 4 որդիները:
Հերոս նոյեմբերյանցիների հիշատակը հավերժացնելու համար շրջանի գյուղերում կառուցվեցին հուշարձան կոթողներ, որոնց մոտ ամեն տարի մայիսի 9-ին իրենց հարգանքի տուրքն են մատուցում մեր հայրենակիցները` հիշելով հերոսներին անուն առ անուն:

ԼԻԼՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ
մայոր
«Մայր Հայաստան» զինվորական թանգարանի
գլխավոր ֆոնդապահ

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Պատմության էջերից


15/02/2011