ՎԵՐՄԱԽՏԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ինչպես գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը, Ռեգինա Մյուլհոյզերի մասնագիտական գործունեության ոլորտը ռազմական հակամարտությունների ժամանակ տեղի ունեցող սեռական բռնությունների ուսումնասիրությունն է: Նա ուսումնասիրել է զավթված տարածքներում (այդ թվում նաև ԽՍՀՄ) կանանց նկատմամբ վերմախտի զինվորների կատարած բռնության դեպքերը: 2010 թվականին լույս տեսավ նրա` «Զավթումներ. 1941-1945 թթ. Խորհրդային Միությունում գերմանացի զինվորների սեռական բռնություններն ու սեռական կապերը» գիրքը:
Հրետանավոր սպա Յուրգեն Վ.-ն իր օրագրում ի միջի այլոց նկարագրում է 1941 թ. հոկտեմբերի 7-ի դեպքերը, երբ իրենց դիվիզիան «սանրում» և «արագ մաքրազերծման գործողություններ էր կատարում» Ռուսաստանի արևմուտքում գտնվող Սալթանովկա գյուղում (Բրյանսկի մարզ): Ի թիվս այլ հանգամանքների, նա հիշում է. «Մենք գերեցինք մի բեռնատար` «տիկնանցով» լեցուն, որոնք նախատեսված էին աչքի ընկած խորհրդային զինվորներին «խրախուսելու» համար: Նրանք մի քիչ տուժել էին հրետակոծությունից, բայց ինչ արած` պատերազմ է: Վրա հասած մեր զինվորները նրանց «ախորժալի» համարեցին…»: Սա Մյուլհոյզերի գրքում բերված պատմություններից մեկն է: «Նրա ուսումնասիրության հիմնարար սկզբունքներից է այն կարծիքի տարածումը, թե զինվորը` տղամարդը, ոչ միայն հողն է զավթում, այլ նաև դրա վրա ապրող կանանց»: Գրքում հիմնավորապես հերքվում է «վերմախտի անապականության մասին առասպելը». բռնաբարությունները, զանգվածային գնդակահարություններին նախորդող սեռական բնույթի ստորացումները Արևելք ուղարկված գերմանացի զինվորների առօրյան են եղել: Սրան զուգահեռ, զինվորներից շատերը զավթյալ տարածքներում սկիզբ առած սեռական կապերում մարդկային ջերմության, իսկական սիրո և հոգևոր միասնության որոնումների մեջ էին:
Ռեգինա Մյուլհոյզերը բացահայտել է դիտարկվող երևույթի բոլոր շերտերը: «Պատերազմի ժամանակ ռազմական ու գաղափարական խնդիրները և մյուս կողմից՝ զինվորների ու սպայակազմի մարդկային կարիքներն ամենօրյա հակասություններ էին ապահովում»,-գրում է նա: Այնուհետև հեղինակը շարունակում է. «Հասարակական գիտակցության մեջ մարտնչող զինվորը նախապայմանավորում է սեռական ակտիվություն»: Երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունը գիտակցում էր, որ զավթյալ տարածքներում զինվորների կապերը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ անկարելի է բացառել: Եվ հրամանատարությունը հաճախ ստիպված էր աչք փակել սեռական կապերի և սեռական բռնությունների վրա: Այստեղ առկա էր նաև վերլուծական հաշվարկը. ի վերջո բռնաբարությունն ու տեղաբնակ կանանց պատվազրկումը թշնամու հասարակությանը վնաս հասցնելու վստահելի միջոցներից էր»: Ընդսմին զինվորներից շատերի համար իրավիճակն «անորոշ» էր: Ինչպես նշված է Մյուլհոյզերի գրքում, հրահանգները, որոնցով գերմանացի զինվորը պիտի առաջնորդվեր իր սեռական կյանքում, փոփոխվում էին՝ կախված ժամանակից, տեղից և «հրամանատարության նախասիրություններից»:
Թե զավթյալ տարածքներում զինվորներն ինչպես էին հոգում իրենց սեռական կարիքները, կարելի է պատկերացնել բազմաթիվ աղբյուրներից: Իսկ թե պատերազմի ժամանակ ինչպես էին բավարարվում կանայք, հատուկենտ վկայություններ են պահպանվել. այս նյութը մշտապես սոցիալական տաբու էր: Թե՛ սեռական բռնության զոհ դարձած կանայք, թե՛ այս հարցում նախահարձակ եղածները հազվագյուտ դեպքերում են արտահայտվում: Բացի այդ, զավթիչների հետ կապեր ունենալը ոչ միայն հասարակական արհամարհանքի հիմք կարող էր դառնալ, այլ նաև համարվում էր «դավաճանություն հայրենիքի նկատմամբ»:
Ռուսերենից թարգմանեց
ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆԸ
մայոր