ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ
Գաղտնիք չէ, որ ժամանակակից նորագույն տեխնոլոգիաները զգալիորեն հեշտացրել են մեր կյանքը։ Սակայն շատերը չգիտեն, որ մեզ շատ հարցերում օգնող, ուղղակի անհրաժեշտություն համարվող այս սարքավորումները նաև իրենց վնասակար կողմն ունեն։ Օրինակ` բջջային հեռախոսը, որը դարձել է շատերիս կյանքի անբաժան մասնիկը։ Նախկին պարզունակ բջջային հեռախոսներին այսօր փոխարինելու են եկել կատարելագործված, գերժամանակակից, բազմաֆունկցիոնալ տարբերակները։ Բջջային հեռախոսներն արդեն վաղուց միայն զանգելու համար չեն, դրանցով կարող ես նամակներ (SMS) ուղարկել, նկարել, տեսագրել, հեռուստահաղորդում նայել… Մի՛ շտապեք ուրախանալ և պարծենալ ձեր հեռախոսի հազարումի հնարավորություններով։ Պարզվում է՝ ինչքան բջջային հեռախոսն առավելություն ունի, այդքան ավելի շատ է ազդում առողջության վրա։ Կանադական անկախ փորձագետները նշում են, որ հատկապես նոր մոդելները՝ իրենց շուրջն առաջացնող մագնիսական ու ճառագայթային դաշտերով, նպաստում են քաղցկեղի զարգացմանն ու տարածմանը, իսկ նրանց վահանակի լուսարձակումը աչքի հիվանդության` կատարակտի առաջացման պատճառ է դառնում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնաճյուղերից մեկը 14 երկրներում հետազոտություն անցկացնելուց հետո պարզել է, որ բջջային հեռախոսի ճառագայթահարումը վտանգավոր է այնքան, ինչքան որ քաղցկեղածին նյութերը, DDT թույները, մեքենայի արտանետած գազերը։
Չինական անկախ փորձագիտական խումբն էլ կատարած հետազոտության արդյունքներից եզրահանգել է, որ այդ ճառագայթումը միանշանակ վնասում է մարդու ԴՆԹ-ի կոդը։ Իսկ մեկ այլ հետազոտության արդյունքի համաձայն` ճառագայթումն այլափոխում է լյարդի արտադրած լեղին՝ դարձնելով է՛լ ավելի թունավոր։ Նշվում է նաև, որ այս ճառագայթումները նպաստում են հորմոնալ խախտումների առաջացմանը, ազդում են հորմոնների բաղադրության վրա։ Բջջային հեռախոսի ճառագայթումներն «օգնում են» վարակահարույց մանրէների զարգացմանը։ Մասնագետները նախազգուշացնում են, որ բջջային հեռախոսները թուլացնում են մարդու դիմադրողականությունը, մեծացնում նրա կենսաբանական տարիքը, բացասաբար ազդում սեռական ոլորտի ֆունկցիաների վրա, առաջացնում նևրոզներ, դեպրեսիվ վիճակներ, հոգնածություն, անքնություն։
Շվեյցարացի գիտնականներն էլ ստեղծել են բջջային խոսակցության ընթացքում էլեկտրամագնիսական բարձր չափաբաժիններից գլխուղեղի փոփոխության մաթեմատիկական մոդելը։ Պարզվում է, որ այդ ընթացքում տուժում են ուղեղի ճակատային և քունքային հատվածները, որոնք կապված են կարճաժամկետ հիշողության հետ։ Դեռևս 2003թ. առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում էր, որ էլեկտրամագնիսական ճառագայթահարումն ազդում է գլխուղեղի կեղևի կենսաէլեկտրական ակտիվության, ուղեղում արյան շրջանառության, ճանաչողական գործընթացների, հնչյունների ընկալման և լսողության վրա։ Պետք է նշել, որ կարճատև ճառագայթահարումը նշանակալից ազդեցություն չի գործում առողջության վրա։ Բայց հեռախոսն ավելի հաճախակի գործածելու դեպքում ճառագայթահարումն ազդում է ուղեղի հիմնական ֆունկցիաների՝ մտածողության, հիշողության և ուշադրության վրա։
Շվեդիայում, որտեղ բնակչությունն ավելի վաղուց է գործածում բջջային հեռախոս, դրանից երկար տարիներ օգտվող մարդիկ, պարզվում է, որ երկու անգամ ավելի շատ են ենթարկվել ուղեղի քաղցկեղի (գլիոմա) զարգացման վտանգին, քան մյուսները։
Որոշ փորձագիտական խմբեր էլ պնդում են, որ այս ամենը բջջային հեռախոսների շուրջ ստեղծված հիստերիա է, և որ ոչ մի իրական վտանգ էլ չկա. բջջային հեռախոսները ո՛չ քաղցկեղ են առաջացնում, ո՛չ էլ օրգան են ախտահարում (հիշենք, որ ժամանակին հերքում էին ծխախոտի վնասները, մինչև պարզվեց, որ իրոք` ծխախոտը մարդկային օրգանիզմի վրա բացասական մեծ ազդեցություն է գործում)։
Հետազոտությունները շարունակվում են։ Բջջային հեռախոս արտադրող ընկերությունները ջանում են ամեն կերպ խոչընդոտել հեռախոսի վտանգների վերաբերյալ գիտահետազոտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքների հրապարակումը` փորձելով կաշառել նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ը, Կարմիր խաչը…
Ամեն դեպքում, ավելորդ չէ հետևել կապի այս միջոցից օգտվելու անվտանգության կանոններին։
Մեքենա վարելիս աշխատեք չխոսել. բացի նրանից, որ փակ տարածքում ճառագայթվում եք, մեծանում է նաև ավտոճանապարհային պատահարի հավանականությունը (ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը վկայում է, որ ճանապարհին բջջայինով խոսող վարորդները հաճախակի են վթարի ենթարկվում։ Եթե վարորդը գերազանցում է ալկոհոլի թույլատրելի սահմանը, նրա ուշադրությունը նվազում է 30%-ով, իսկ հեռախոսով զրուցելիս ուշադրությունը նվազում է 50%-ով)։
Խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսից օգտվել մետրոյում և այնպիսի վայրերում, որտեղ կապի որակը թույլ է, քանի որ հեռախոսն այդ դեպքում սովորականից ավելի ուժգին է ճառագայթում։ Հեռախոսը դրեք որքան հնարավոր է հեռու։ Քնելիս մի՛ դրեք գլխի մոտ կամ բարձի տակ։ Արգելվում է պահել սրտի մոտ (ասենք՝ ծոցագրպանում), քանի որ արձակած ճառագայթները ազդում են սրտի աշխատանքի վրա։ Հեռախոսը մի՛ պահեք գոտուն ամրացված պատյանում. որոշ ուսումնասիրություններ պարզել են, որ դա հատկապես վնասում է տղամարդկանց առողջությանը, առաջացնում ամլություն։ Ամենամեծ վնասը կրում է ականջը. գիտնականներն ապացուցել են, որ բջջային հեռախոսով շատ խոսելը վատ լսողության պատճառ է դառնում։ Երբ զանգը դեռ հնչում է, հեռախոսը մի՛ պահեք ականջի մոտ (կարող եք բարձրախոսը միացնել), հատկապես զանգի ընդունման պահին ճառագայթումն այնքան ուժգին է, որ ազդում է արյունատար անոթների վրա՝ նվազեցնում արյան մատակարարումը ուղեղին։ Աշխատեք զանգն ուղարկելու և ստանալու ժամանակ հեռախոսը գլխից 30-40 սմ հեռու պահել։ Մի՛ զլացեք, զանգելու փոխարեն հաղորդագրություն ուղարկեք։ Խոսակցությունը 2-3 րոպեից ավելի չպետք է տևի, իսկ օրվա ընթացքում 15-20 րոպեն մի՛ գերազանցեք։ Բջջային հեռախոսով մի՛ խոսեք ամպրոպի և կայծակի ժամանակ, շատ երկրներում անգամ պաշտոնապես է արգելվել այդ ժամանակ խոսելը, քանզի եղել են մահացության դեպքեր։ Գնեք կլանման ցածր գործակից` SAR (specific absorption rate) ունեցող հեռախոս։ Այդ գործակցին վերաբերող տեղեկություններ կարող եք գտնել հեռախոս արտադրող ընկերությունների կայքերում։ Որքան ցածր է SAR ցուցանիշը, այնքան փոքր է հեռախոսի վնասակար ազդեցությունը։
Իսկ ամենապարզ խորհուրդը հեռախոսով քիչ խոսելն է: Ֆրանսիայում, օրինակ, աշխատում են սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը, իսկ մինչև 12 տարեկան երեխաներին խստիվ արգելել բջջայինից օգտվելը։ Գիտնականները փաստում են, որ բջջային հեռախոսների վնասակար ազդեցությունը որոշ ժամանակ անց է՛լ ավելի կդրսևորվի, ինչպես դանդաղ գործող ռումբինը։
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ
մայոր