Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆՍ ԵՐԲԵՔ ՉԻ ԴԱՎԱՃԱՆԵԼ



Ով գեթ մեկ անգամ եղել է իմ ծննդավայր՝ Բերդավանում ու շփվել այնտեղի պարզ ու շիտակ բնակիչների հետ, համոզված եմ՝ մեր կողմերից հեռացել է անչափ տպավորված նրա գեղեցիկ բնությամբ, մարդկանց անսահման բարությամբ, հյուրասիրությամբ եւ աշխատասիրությամբ՝ սրտում միշտ փայփայելով մեկ անգամ էլ այդ հրաշք վայրում լինելու ցանկությունը։
Բերդավանն իր մեծությամբ Նոյեմբերյանի շրջանի 18 գյուղերից երկրորդն է, զիջում է միայն մայրիկիս ծննդավայր Կողբին, եւ ունի մոտ 700 տնտեսություն։ Պատերազմն անգամ անզոր եղավ ստիպել բերդավանցուն լքել իր բնօրրանը։ Պատերազմի զրկանքներն ու դառնությունը տեսած բերդավանցին ոսկեպարցու, կոթեցու, բարեկամավանցու նման կառչած մնաց իր տուն ու տեղին, իր հողին։
Ես մեր տան փոքրն եմ, ինձնից մեծ երկու քույր ունեմ։ Դպրոցն ավարտել եմ լավ առաջադիմությամբ եւ որպեսզի նախաբանակային մեկ տարին հենց այնպես, անօգուտ չանցնի, վարձակալեցի մեր գյուղի նորաբաց ինտերնետ ակումբն ու սկսեցի աշխատել։ Եթե դպրոցում «Ինֆորմատիկա» առարկան լավ չսովորեի, թերեւս աշխատանք էլ չէի գտնի։ Աշխատանքովս կարողանում էի իմ անձնական հոգսերը հոգալ, մեկ-մեկ էլ տնեցիներին օգնել։ Թեեւ օգնությունը չնչին էր, սակայն մայրիկիս այն մեծ բավականություն էր պատճառում։
-Ապրե՛ս, տղա՛ս,- մի օր ասաց մայրս։ -Առաջինը տանդ կողմը նայիր, հետո՝ դուրսը։ Միայն այդ դեպքում կյանքում կհասնես հաջողության։
Այդպես աշխատեցի մինչեւ զորակոչվելս։ Գարնանային մի առավոտ էլ մեր տան դուռը թակում է զինկոմիսարիատի աշխատակիցը եւ, բարի օր մաղթելով, մայրիկիս է փոխանցում ծանուցագիրը։ Սկզբում մայրս անակնկալի է եկել, ծանուցագիրը ձեռքին՝ շփոթված կանգնել-մնացել է շեմին, ապա զանգահարել է հայրիկիս։ Հայրս էլ իրեն բնորոշ սառնասրտությամբ, հանգստացրել է նրան, ասելով, որ դա ոչ թե ծանուցագիր է, այլ «հասունության վկայական»։
Հունիսի 14-ին զորակոչվեցի, իսկ հունիսի 13-ին՝ ծննդյանս օրը, կենդանի երաժշտությամբ մինչեւ լուսաբաց լավ քեֆ արեցինք, ուրախացանք։
-Բանակի քեֆը այսպես պետք է լինի, տղա՛ ջան,- ասաց հայրս։ -Քեֆ-ուրախությամբ քեզ բանակ ենք ճանապարհում, այդպես էլ կդիմավորենք։ Վստահ եմ, ուր էլ գնաս՝ պատվով կծառայես, այնպես, որ ամբողջ շրջանի, Բերդավանի ու մեր պատիվը բարձր պահես։
Այդ օրվա հայրական բարեմաղթանքներն ինձ ուղեկցեցին ողջ ծառայությանս ընթացքում՝ մշտապես զգոնության կոչելով ինձ։
Այսօր արդեն, որպես ավագ հրաձիգ, ծառայում եմ մեր հայրենիքի հարավարեւելյան սահմանը պաշտպանող զորամասերից մեկում, որի հրամանատարը փոխգնդապետ Ա. Սարգսյանն է։ Շատ կուզեի զորամասի հրամանատարի եւ էլի մի քանի սպաների հասցեին, որոնց հետ ծառայության բերումով շփվել եմ, սրտիցս բխած ջերմ խոսքեր ասել։ Սակայն այդպես չեմ վարվում մեկ պարզ պատճառով, որ իմ անկեղծությունը հանկարծ այլ կերպ չընկալվի։ Նրանց մասին սրտիս խոսքը կասեմ զորացրվելուց հետո։ Այդպես ավելի ճիշտ կլինի։
Հետեւում են մնացել ծառայությանս երկար ու ձիգ տասնհինգ ամիսները, ամիսներ, որոնք շաղախված են դժվարությամբ ու հպարտությամբ, ուրախությամբ ու կարոտով։
Ամենադժվարը ծառայությանս առաջին օրն էր, մանավանդ առավոտյան վերկացը։ Մի կերպ զարթնեցի ու սկսեցի հագնվել։ Կարծես հաջողվեց, հետո զորանոցից դուրս եկա եւ անմիջապես ծխախոտ վառեցի։ Այդ պահին թիկունքիցս ինչ-որ մեկը թփթփացրեց ուսս՝ «Այստեղ չեն ծխում, զինվոր»։ Եվ այդ դիտողությունն առայսօր միակն է իմ ծառայության ընթացքում։
Հիշում եմ, թե ինչպես շարքով գնացինք լվացարան, հետո՝ ճաշարան, որտեղից էլ մեզ ուղեկցեցին գնդի իրային պահեստ՝ զինվորական համազգեստ ստանալու։
-Հը, ո՞նց է, սազո՞ւմ է,- հարցնում էինք մեկմեկու։
-Լավ է, կարծես դրանով ծնված լինես։
Զինվորական հանդերձանքով բոլորս իրար էինք նմանվել։ Իրային պահեստից մեզ հագած-կապած ուղեկցեցին շարային հրապարակ, որտեղ սպասում էր գնդի հրամանատարը։ Հիշում եմ՝ նա մոտեցավ, մեկ առ մեկ ծանոթացավ բոլոր նորակոչիկների հետ, հետաքրքրվեց, թե ով ինչ մասնագիտություն ունի, ապա հորդորեց ծառայել այնպես, ինչպես վայել է տղամարդուն։
-Ձեզնից յուրաքանչյուրի համար գլխավորը պետք է լինի զինվորական պարտքի անթերի կատարումը,- դիմելով մեզ՝ ասաց զորամասի հրամանատարը։
Առաջին անգամ դիրքեր բարձրացել եմ հունիսի 22-ին։ Անգամ հունիս ամսին այնտեղ այնքան ձյուն կար, որ մեքենան չկարողացավ բարձրանալ, եւ մենք հարկադրված մոտ երեք կիլոմետր ոտքով գնացինք։ Այսպես առաջին անգամ ես ստացա սահմանապահի իմ մարտական մկրտությունը մեր զորամասին վստահված պետական սահմանի ամենից հեռավոր ու ծովի մակերեւույթից 2500 մ բարձրության վրա գտնվող հենակետում։
Հունիսի 23-ին՝ ողջ օրը զբաղվեցի տեղանքի դիտարկումով։ Առաջին անգամ հակառակ կողմում տեսա թշնամական դիրքերը, նրանց զինվորների շարժը դիրքից դիրք, հերթափոխը, տեսա ադրբեջանցի զինվորի ջրի գնալը։ Ինչ տեսնում էի, անմիջապես հեռախոսակապով զեկուցում էի հենակետի ավագին եւ գրանցում դիտարկման մատյանում։ Գիշերը ժամը 23-ից հակառակորդը ակտիվացավ եւ մի քանի կարճատեւ կրակահերթեր արձակեց մեր դիրքերի ուղղությամբ։ Իրադրության մասին կրկին զեկուցեցի հենակետի ավագին եւ հերթական գրանցումը կատարեցի մատյանում։ Հետագայում էլ զգոնությունս ինձ երբեք չի դավաճանել։
Որպես ավագ հրաձիգ՝ շատ լավ գիտեմ իմ պարտականությունները, որոնց անթերի կատարման, կարգապահության եւ օրինակելի վարքի համար տասնօրյա արձակուրդով եմ խրախուսվել, որը կարծում եմ զինվորի համար ամենացանկալի պարգեւն է։
Մինչեւ զորակոչվելս փորձեցի ընդունվել Երեւանի գյուղատնտեսական ակադեմիայի Բնապահպանության ֆակուլտետ, սակայն ձախողվեցի. կտրվեցի երրորդ քննությունից։ Զորացրվելուց հետո մտադիր եմ կրկին փորձել ուժերս։ Իսկ մինչ այդ ուզում եմ ծառայությանս անչափ պատասխանատու ութ ամիսները պատվով հասցնել ավարտին։ Չէ՞ որ հայրս է պատվիրել։
Ավագ հրաձիգ, շարքային

ԱՐՍԵՆ ԲԱՅՐԱՄՅԱՆ

Խորագիր՝ #39 (854) 6.10.2010 – 13.10. 2010, Ազգային բանակ


15/02/2011