Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐԺԱՆԻ՛ ԶԻՆՎՈՐԻՆ՝ ԱՐԺԱՆԻ՛ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ



Հայտնի բան է՝ բանակի մարտունակությունն ու հզորությունը պայմանավորված է ամենից առաջ յուրաքանչյուր զինվորի որակական տվյալներով՝ կրթությամբ, դաստիարակությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ, բարոյակամային հատկանիշներով։ Եվ համոզված եմ՝ ապագա զինվորը նախ դաստիարակվում է տանը, դպրոցում, փողոցում և նոր միայն՝ զորամասում։ Մի պահ պատկերացրեք, որքան դժվար կլինի հրամանատարի աշխատանքը, եթե զորակոչային տարիքի պատանին հայրենիք հասկացողությունն ընկալի լոկ որպես ծննդավայր և ոչ ավելին, երբ պատկերացում չունի ազգային բանակի դերի, նշանակության մասին։ Հրամանատարի խնդիրը, տաղանդը իր զինվորի որակական հատկանիշները բացահայտելու, բազմապատկելու և անհրաժեշտ հուն ուղղորդելու մեջ է։

Վերն ասվածը փաստելու բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, բայց ես կմատնանշեմ դրանցից ընդամենը մեկը։

2010թ. նոյեմբերին Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչներ Էդվարդ և Արփենիկ Խաչատրյանների որդին՝ Վիրաբ Խաչատրյանը, ինչպես յուրաքանչյուր չափահաս պատանի, զորակոչվեց ազգային բանակի N զորամասի ուսումնական գումարտակ՝ պարտադիր զինվորական ծառայության։ Դեռ մի քանի օր էր ծառայել, երբ նրա ծնողները զորամասի հրամանատարի կողմից շնորհակալական նամակ ստացան՝ «Հրամանատարը ծնող է, ծնողը՝ հրամանատար» լայնիմաստ վերտառությամբ։ Ինչ խոսք, մեծ էր նրանց ոգևորությունը և հասկանալի։ Ոմանք տարակուսանքով էին նայում այդ շնորհակալագրին՝ թե ինչպես կարող է զինվորը մի քանի օրվա ընթացքում այդպես առանձնանալ, իրեն դրսևորել։ Իսկ ոմանք էլ, շատ թե քիչ ծանոթ լինելով այդ ընտանիքին, Վիրաբի ուսուցիչներին ու շրջապատին, անկեղծորեն շնորհավորում էին Խաչատրյաններին՝ լավ իմանալով այդ նամակի արժեքն ու նշանակությունը։ Բարեբախտաբար, զինվորն ու հրամանատարը տարբեր ազգանուններ ունեին, թե չէ այլ կարծիքներ արտահայտողների պակաս էլ չէր զգացվի…

Իսկ ահա ինչ էր տեղի ունեցել։

Սա այն դեպքն է, երբ զորամասի հրամանատարը՝ գնդապետ Հարությունյանը, բանակի և պետության ապագայով մտահոգ մարդ, կարճ ժամանակում նկատել է նորակոչիկի դրական հատկանիշները և դրանք խորացնելու, ապա նաև ուղղորդելու համար կատարել է առաջին խրախուսական քայլը՝ գրավոր շնորհակալություն է հայտնել ծնողներին։ Հրամանատարի այս քայլը ուրիշ կերպ, քան խոհեմություն, փորձառություն և ծառայական ճկունություն չես անվանի…

Շուտով ուսումնական շրջանն ավարտելուց հետո, շարքային Վ. Խաչատրյանը տեղափոխվում է այլ զորամաս, որտեղ դարձյալ իրեն դրսևորում է բացարձակապես լավագույն կողմերով։ Եվ չի ուշանում երկրորդ շնորհակալական նամակը։ Այս անգամ արդեն «Հանուն հայրենիքի» ազդեցիկ վերնագրով։ Ես անձամբ ճանաչելով զորամասի հարգարժան հրամանատարին, վստահաբար կարող եմ ասել, որ նա հենց այնպես, չեղած տեղը շնորհակալություն չի հայտնի։ Երկրորդ շնորհակալագիրը դարձյալ գալիս է փաստելու զորամասի հրամանատարի անվրեպ աչքն ու ճիշտ աշխատանքը։ Ահա միայն այսպես է չորը զատվում թացից, պարտաճանաչ ու կարգապահ զինվորը՝ մյուսներից, բանիմաց, հոգատար հրամանատարը՝ անտարբերից…

Ահա ընտանիք, դպրոց, փողոց, զորամաս աներևույթ շղթայի մի փայլուն օրինակ, որ, կարծում եմ, ուսանելի է յուրաքանչյուրի համար՝ սկսած ընտանիքից մինչև զորամասի հրամանատար։

Վերն ասված իմ դատողությունների ճշմարտության մասին լավագույն վկայություններից մեկն էլ ահա ազգային բանակի զինվոր Վիրաբ Խաչատրյանի մեծադիր լուսանկարն է՝ տպագրված «Հայ զինվոր» պաշտոնաթերթի անցյալ տարվա համարներից մեկում։

Սիրով՝
Ս. ՆԱԶԱՐՅԱՆ
Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ազգային բանակ


25/07/2012