Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՕՐ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ



Զորամիավորման ենթակա զորամասերից մեկի բազայի վրա պլանավորվել էր զորամիավորման մակարդակով անցկացնել կիրակնօրյա միջոցառումների ցուցադրական պարապմունք, երբ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարի միանգամայն վերջերս արձակած հրամանի համաձայն, այսուհետև յուրաքանչյուր ուսումնական տարվա հունիսի 24-ը ԶՈՒ-ում նշվելու է որպես ռազմական սպորտի օր: Ելնելով առկա մարտահրավերներից, այն կոչված է` բանակում է՛լ ավելի բարձրացնելու ֆիզպատրաստության դերը, զորամասերում մասսայականացնելու ռազմակիրառական մարզաձևերը, կատարելագործելու առկա մարզաբազաները, մրցումներում ստեղծելու մրցակցային առողջ մթնոլորտ, ի հայտ բերելու և խրախուսելու խելքի, ուժի, ճարպկության ու հնարամտության ցուցադրման մրցումներում լավագույն արդյունքներ արձանագրած շնորհալիներին:

Նպատակն է` զորքերի մարզական միջոցառումները վերածել համանման շարժման, որտեղ զինծառայողները կզգան առողջ ապրելակերպի կարևորությունն ու ջանքեր կգործադրեն ֆիզպատրաստության բարձր մակարդակ ունենալու համար:

Ռազմական սպորտի օրվա առթիվ անցկացվող միջոցառումներում մեծ թվով զինծառայողների ներգրավվածությունը վկայում է, որ յուրաքանչյուրը քաջ գիտակցում է. մեր երկրին սպառնացող իրական վտանգի դեպքում բոլոր մարտական խնդիրների հաջող կատարումը զինվորի բարոյահոգեբանական բարձր պատրաստվածությունից, կարգապահությունից բացի, պայմանավորված է նաև նրանց կոփվածությամբ, ֆիզիկական կարողություններով, ռազմակիրառական մարզաձևերի փայլուն տիրապետմամբ:

Կիրակնօրյա միջոցառումների ցուցադրական պարապմունքներում անցկացվեց շարային պատրաստության ու շարային երգի մրցույթ, ինչպես նաև` սպորտային տարբեր միջոցառումներ` պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, ռազմականացված փոխանցումավազք, աքլորախաղ, ֆուտբոլ, վոլեյբոլ:

Գնդապետ Ա. Համբարձումյանը ստուգեց կիրակնօրյա միջոցառումներում ընդգրկված անձնակազմի առկայությունը, արտաքին տեսքը, ուսումնական տեղամասերի ապահովվածությունը, ինչպես զորամասի հրամանատարությանն ու ստորաբաժանումների հրամանատարներին, այնպես էլ փորձի փոխանակման նպատակով ժամանած ենթակա զորամասերի հրամանատարների ԱՀՏԱ գծով տեղակալներին հայտարարեց թեման, պարզաբանեց ուսումնական հարցերի բովանդակությունն ու հաղորդեց միջոցառումների մեթոդապես ճիշտ ու արդյունավետ անցկացման կարգը:

Զորամասի շարահրապարակում և սպորտհրապարակում բացազատված առանձին ուսումնական կետերում իշխողը տոնական բարձր տրամադրությունն էր:

Զինվորների գաղափարադաստիարակչական պատրաստությունն ամրապնդելու նպատակով տեղի ունեցան հայոց ազգային գաղափարախոսությանը նվիրված ընթերցումներ` «Փառավոր է հայոց պատմությունն և անկոտրում հայոց ոգին», «Հայ ռազմիկի ձևավորման նախահիմքը», «Գարեգին Նժդեհ» և այլ թեմաներով:

Գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում Ռազմական սպորտի օրվա զուգադիպումը կիրակնօրյա միջոցառումների ցուցադրական պարապմունքի հետ և դրանց բարձր մակարդակով անցկացումը լավագույն առիթ էր` մեկ անգամ ևս համոզվելու, որ մեր բանակը չափազանց մարտունակ է և ի վիճակի է լուծել ու ցանկացած մարտական խնդիր:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ազգային բանակ


25/07/2012