ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՐԵՆ ՆԵՂԵՑԻՆ
Շուրջ 1,5 տարի շահարկվող Ստեփանակերտի օդանավակայանի բացման հարցը, ի վերջո, ստացավ իր լուծումը: Պաշտոնական Բաքուն հավաստիացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ուժ չի կիրառի քաղաքացիական օդանավերի հանդեպ: Ամփոփելով հունիսի 10-13-ը տարածաշրջան կատարած այցը` համանախագահները մասնավորապես ասել են. «Ստեփանակերտում օդանավակայանի բացման ծրագրի առթիվ մենք կողմերից հավաստիացումներ ենք ստացել, որ խնդրին անդրադարձ կկատարվի միայն դիվանագիտական քայլերի տեսքով, և հարցը չի քաղաքականացվի: Օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու համար, և կոչ ենք անում թռիչքներն իրականացնել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան»։ Սա այն իդեալական տեքստն է, որն ի չիք է դարձնում Բաքվի` հանձին այդ երկրի նախագահի ամբողջ աշխատակազմի 1,5 տարվա «քրտնաջան» աշխատանքը` Հայաստանի և Արցախի հասարակությանը վախեցնելու միջոցով միջազգային հանրությանը վերջնագիր ներկայացնելուն միտված:
Շատ պարզ է և հասկանալի, որ «կողմեր» ասելով՝ համանախագահները կրկին տարրական դիվանագիտական զգուշավորությամբ և տակտով են հանդես եկել` փորձելով խնդրին լուծում տալ առանց որևէ կոնկրետ կողմի «զայրացնելու»: Բոլորի համար պարզից էլ պարզ է, որ միակ կողմը, որ ատամները կրճտացնում է «օդանավակայան» բառը լսելիս, Ադրբեջանն է, և կրկին միակ կողմը, որ խնդիրը քաղաքականացնում է` անընդհատ տարածքների օկուպացման մասին նույն երգը երգելով և խոչընդոտելով խնդրի խաղաղ կարգավորմանը, դարձյալ Ադրբեջանն է:
Երբ համանախագահներն ասում են, թե իբր օդանավակայանի բացման հարցը չի կարող օգտագործվել Արցախի կարգավիճակը փոխելու համար, ամենևին էլ տարօրինակ բան չկա: Իհարկե, չի կարող օգտագործվել: Ինչպես, օրինակ, չի կարող օգտագործվել այն հանգամանքը, որ համանախագահները շարունակաբար պնդում են, որ Արցախը ուշ թե շուտ պետք է ուղղակի մասնակցություն ունենա բանակցային գործընթացին: Բոլոր այցերը Արցախ և հանդիպումները ԼՂՀ իշխանությունների հետ ևս չեն կարող օգտագործվել Արցախի կարգավիճակը փոխելու համար: Համանախագահների բազմիցս հնչեցրած հայտարարությունները, թե իրենք հանդիպումներ են ունենում պաշտոնական Ստեփանակերտի հետ` լսում ԼՂՀ ժողովրդի առաջարկները, ինչպես և ներկայացնում բանակցային գործընթացի մանրամասները, նույնպես չեն կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու նպատակով: Փաստորեն, ըստ համանախագահների ներկայացրածի, անկախ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից, ոչինչ էլ չի կարող ազդել հակամարտության լուծման իրենց «նախագծած» ուղու վրա: Այսինքն՝ ընթանում են բանակցություններ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ, և բացառվում է խնդրի կարգավորման ուժային տարբերակը: Նշենք նաև համանախագահների հայտարարության մի կարևոր շեշտադրում ևս. «Կոչ ենք անում թռիչքներն իրականացնել միջազգային իրավունքի պահանջներին համապատասխան»:
Այսպիսով, համարենք օդանավակայանի հարցը լուծված, ինչը, անշուշտ, համանախագահների կատարած աշխատանքի արդյունք է։ Այնուամենայնիվ, մի բան շատ հստակ է։ Պաշտոնական Բաքվին իր տեղը ցույց տվեցին ու հասկացրին, որ քաղաքացիական օդանավեր ոչնչացնելու հիստերիկ հայտարարություններով միջազգային հանրության համակրանքը չես շահի։ Ամփոփելով իրադարձությունների շուրջ մեր համեստ վերլուծությունը` եղածը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ «Ադրբեջանին դիվանագիտորեն նեղեցին»:
ԷՐԻԿ ԵՐԻՑՅԱՆ
Խորագիր՝ #28 (944) 19.07.2012 – 25.07.2012, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական