10 ՓԱՍՏ, ՈՐ ՉԳԻՏԵՆՔ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ
1. ԱՌԱՋԻՆ ԱԹՍ-Ը՝ ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻՆ ԲՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
1998թ. ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմը դադարեցրեց ալ Քաիդայի ղեկավարին Աֆղանստանում թևավոր հրթիռներով ոչնչացնելու նպատակ հետապնդող ռազմագործողությունը, որի կողմնակի վնասը գնահատվում էր շուրջ 300 զոհ՝ ձեռք բերված տեղեկությունների ընդամենը 50% արժանահավատության դիմաց:
2000-2001թթ. ԱՄՆ ՌՕՈՒ-ն փորձեց հակատանկային «Hellfire» («Դժոխային կրակ») հրթիռները հարմարեցնել զուտ դիտարկման համար նախատեսված «Predator» («գիշատիչ») անօդաչու թռչող սարքին (ԱԹՍ): Սպառազինված ԱԹՍ-ի միջոցով մարդ սպանելու առաջին դեպքն արձանագրվեց 2001թ. նոյեմբերին, երբ «Predator»-ը Աֆղանստանում խոցեց Մոհամմեդ Ատեֆին՝ ալ Քաիդայի պարագլուխներից մեկին:
2. ԱՌԱՅԺՄ ՀԱՃԱԽԱԿԻ ԵՆ ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ
2011թ. դեկտեմբերի 4-ին դիտարկման համար նախատեսված «RQ-170 Sentinel» ԱԹՍ-ը Իրանում վթարի ենթարկվեց: ԱԹՍ-ի մշակման ծրագրին մասնակցող ամերիկացի պաշտոնյան որպես պատճառ նշեց տվյալների փոխանակման կապուղու խափանումը և այլ ընդհանուր անսարքություններ: Երկու շաբաթ անց մեկ այլ ԱԹՍ՝ չսպառազինված «Reaper»-ը, Սեյշելյան կղզիներում վթարի ենթարկվեց թռիչքուղու վերջում:
2010թ. հուլիսի դրությամբ՝ ԱՄՆ ՌՕՈՒ արձանագրել էին ԱԹՍ-երի 79 վթար, որոնցից յուրաքանչյուրի պատճառած նյութական վնասն առնվազն 1 մլն դոլար էր: ՌՕՈՒ-ի տվյալների համաձայն՝ վթարների նախնական պատճառներն էին՝ վատ եղանակը, կապուղիների խափանումը և «մարդկային գործոնը»: ԱՄՆ ՌՕՈՒ շտաբի պետի՝ հետախուզության գծով նախկին տեղակալ գեներալ-լեյտենանտ Դավիդ Դեպտուլան ցնցող անկեղծությամբ ասում է. «Մեր ունեցած որոշ ԱԹՍ-եր դուք ուղարկում եք մեծ սպառնալիքներով լի միջավայր, և նրանք սկսում են անձրևի նման թափվել երկնքից»:
3. ԱՄԵՐԻԿԱՆ ԼՑՎՈՒՄ Է ԴՐԱՆՑՈՎ
Տեղին է մտահոգությունը, թե ԱՄՆ-ի օդային տարածությունը ռազմականացվում է անօդաչու թռչող սարքերով: ԱՄՆ Ավիացիայի դաշնային վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ անցյալ տարվա հոկտեմբերի դրությամբ 85 օգտատերերի տրվել էր 285 գործող արտոնագիր (սերտիֆիկատ)՝ 82 տեսակի ԱԹՍ-երի շահագործման համար: ԱԴՎ-ն հրաժարվել էր հրապարակել այն անձանց կամ կազմակերպությունների անունները, որոնք վարձակալել են օդային տարածությունը, սակայն մոտ մեկ տարի առաջ կատարված փորձագիտական գնահատականի համաձայն՝ դրա 35 տոկոսն օգտագործում է Պենտագոնը, 11 տոկոսը՝ ՆԱՍԱ-ն (աստղագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային գործակալությունը) և 5 տոկոսը՝ ազգային անվտանգության դեպարտամենտը:
ԱԹՍ-երի կիրառման ոլորտները շարունակում են ընդլայնվել: ԱՄՆ մաքսային և սահմանային վերահսկողության ծառայությունն արդեն օգտագործում է «Predator» տեսակի 8 ԱԹՍ:
Անցած տարվա հունիսին ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին պարեկային ծառայության մեջ ընդգրկված «Predator» ԱԹՍ-ը Հյուսիսային Դակոտայում օգնեց հայտնաբերել երեք մարդու, որոնք կասկածվում էին անասնագողության մեջ, և դա առաջին հաղորդագրությունն էր այն մասին, որ ԱԹՍ-ն օգտագործվել է ԱՄՆ քաղաքացիների ձերբակալելու համար:
4. ՌԱԶՄԱԿԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է…
Հարվածային ռազմագործողություններում կիրառվելու համար ԱԹՍ-երն անցել են զարգացման երկար ճանապարհ: Մարտավարական դիտարկման համար նախատեսված 5 ֆունտանոց (2.265 կգ-անոց) ԱԹՍ-երն այժմ իրենց ուսապարկերում կրում են նաև հետևակայինները: Շուտով դրանք կարող են կիրառվել նաև այնպիսի ռազմագործողություններում, որոնցում նախատեսված են ինքնաոչնչացման համար («կամիկաձե»), ուստի այդ ԱԹՍ-երի նախագծողները դրանք անվանում են «մոգական փամփուշտ»:
Հատուկ գործողություններ իրականացնող ուժերի համար մշակվել է «Predator» ԱԹՍ-ից արձակվող մարտագլխիկ, որն ունակ է դռներ ջարդելու: «K-Max» ուղղաթիռ-ԱԹՍ-երը բեռնափոխադրումներ են ապահովում այն զորքերի համար, որոնք Աֆղանստանում գտնվում են առաջին գծում: Օդապարիկներից արձակվում են «Tempest» («Փոթորիկ») կոչվող ԱԹՍ-եր, որոնք, իրենց հերթին, արձակում են դիտարկման ավելի փոքր «Cicadas» («Կնճիթավոր ճպուռ») ԱԹՍ-եր. սրանք «սահում են» գետնի մակերևույթով և տվյալներ հավաքում:
5. … ԲԱՅՑ ՈՉ ԱՅՆՔԱՆ ԱՐԱԳ, ՈՐՔԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
Անցյալ տարվա ցունամիից կործանված ճապոնական Ֆուկուսիմա Դաիչի ատոմային էլեկտրակայանի վնասվածքի աստիճանը պարզելու համար անվտանգության տեսուչները դիմեցին ԱԹՍ-երի օգնությանը: Ռուսաստանում հնագետները ինֆրակարմիր տիրույթում աշխատող տեսախցիկներով փոքր ԱԹՍ-երն օգտագործում են հին դամբանաթմբերի եռաչափ մոդելը կառուցելու համար: Բնապահպան ակտիվիստները «Osprey» («ջրարծիվ») ԱԹՍ-ի միջոցով հետևում և հսկում են ճապոնական կետորսական նավերին: Անցած ամռանը Սաութհեմթոնի համալսարանի ճարտարագետները, օգտագործելով լազերային եռաչափ տպիչ, ստեղծեցին համարյա անձայն աշխատող ԱԹՍ, որը րոպեների ընթացքում կարող է ձեռքով հավաքվել:
6. ԱԹՍ-ԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՉԻ ՌՄԲԱՀԱՐՈՒՄ
Թեպետ զանգվածային լրատվամիջոցներն առանձնակի ոգևորությամբ են լուսաբանում ԱԹՍ-երի հասցրած օդային այն հարվածները, որոնց արդյունքում զինյալներ են ոչնչացվում, իրենց թռիչքի մեծ մասի ընթացքում ԱԹՍ-երը կատարում են հետախուզում, դիտարկում և տեղազննում: ԱՄՆ ՌԾՈՒ առաջին բարձրաթռիչ ԱԹՍ-ն ունակ է երկիր փոխանցել Պարսից ծոցի մոտավորապես կեսին հավասար տարածքի սևուսպիտակ լուսանկարներ: «Global Hawk» ԱԹՍ-ի ռադիոլոկացիոն կայանները տալիս են երկրի մակերևույթի մանրամասն պատկերը և փորձում «հոտոտելով» հայտնաբերել քիմիական կամ կենսաբանական նյութերի այն մնացորդները, որոնք մատնում են զանգվածային ոչնչացման զենքի տեղը: Գեներալ-մայոր Ջեյմս Փոսի խոսքով, «Gorgon Stare» («Գորգոնի հայացք») անունը կրող ԱԹՍ-ը շուտով հետևելու է ամբողջ քաղաքների, այնպես, որ թիրախը, ինչպիսին էլ այն լինի, որևէ կերպ չի կարողանալու պարզել, թե ԱԹՍ-ն ինչ է փնտրում, և զինվորականները «կարողանալու են տեսնել ամեն ինչ»:
7.ԳՐՈՀԱՅԻՆ ԱԹՍ-Ն ԵՐԿՐԻՑ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
ԱՄՆ զինվորականների տրամադրության տակ եղած անօդաչու սարքերի մեծ մասի շահագործման համար անհրաժեշտ է ոչ միայն երկրի վրա տեղակայված «օդաչու», այլ նաև դիտարկման տվյալները մշակող վերլուծաբաններից, տվիչների օպերատորներից և սպասարկող անձնակազմից բաղկացած դասակ, յուրաքանչյուր ԱԹՍ-ի համար՝ մոտ 19 հոգի: «Predator» ԱԹՍ-ը օդում «պահելու» համար պահանջվում է մոտ 168 մարդ, իսկ նրա՝ չափերով ավելի մեծ ազգականը՝ «Reaper»-ը պահելու համար՝ 180: Համեմատության համար նշենք, որ «F-16» կործանիչի համար պահանջվում է մոտ 100 մարդուց բաղկացած անձնակազմ՝ երկրի վրա:
Վերջին երկու տարիներին ԱՄՆ ՌՕՈՒ-ը մասնագետների պահանջարկը բավարարելու նպատակով պատրաստել է ավելի շատ ԱԹՍ-երի օպերատորներ, քան ինքնաթիռի օդաչուներ:
8. ԴՐԱՆՔ ՎԵՐԱԾՎՈՒՄ ԵՆ ՄԱՀԱՑՈՒ ԶԻՆԱՏԵՍԱԿԻ, ՈՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՈՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ
Անցած տասնամյակի ընթացքում ԱԹՍ-երը շուրջ 300 հարված են հասցրել Իրաքի, Աֆղանստանի և Լիբիայի մարտադաշտերից դուրս: Այս գրոհների 95 տոկոսը տեղի է ունեցել Պակիստանում, մնացածը՝ Եմենում և Սոմալիում: Ընդհանուր առմամբ, դրանց հետևանքով սպանվել են ավելի քան 2000 ենթադրելի զինյալ և անհայտ թվով քաղաքացիական անձինք:
Ինչպես ենթադրվում է, պետական հաստատություններն ունեն բազմաթիվ «սև ցուցակներ», որոնցում ընդգրկված անձինք ենթակա են ոչնչացման ԱԹՍ-երի միջոցով: 2011թ. «Հույժ գաղտնի Ամերիկա» գրքում հրապարակվեց երեք «սև ցուցակ», որոնք առանձին-առանձին կազմել էին ազգային անվտանգության խորհուրդը, կենտրոնական հետախուզական վարչությունը և ռազմական հատուկ օպերացիաների միասնական հրամանատարությունը:
Ինչ վերաբերում է նախագահ Օբամայի վարչակարգի հայտարարությանը՝ ԱՄՆ քաղաքացիներին ԱԹՍ-երի միջոցով ոչնչացնելու իրավունքի մասին, ինչպես եմենա-ամերիկացի հոգևորական Անվար ալ Ավլակի դեպքում, ապա Արդարադատության նախարարությունը հրաժարվում է գաղտնազերծել այն փաստաթուղթը, որն իրավական հիմք է ապահովել նրան ԱԹՍ-ի միջոցով սպանելու համար: Այսպիսով, թեպետ ԱԹՍ-երի՝ մարտադաշտերից դուրս հասցված հարվածների 85%-ը տեղի է ունեցել նախագահ Օբամայի իշխանության օրոք, դրանց կիրառման մասին մեզ քիչ բան է հայտնի:
9. ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԸ ԿՐՆԿԱԿՈԽ ՀԵՏԵՒՈՒՄ ԵՆ ԱՄՆ-ԻՆ
ԱԹՍ-երի տեխնոլոգիայի զարգացման ոլորտում Միացյալ Նահանգները, անկասկած, առաջատար է, և առաջիկա տասնամյակում, ըստ գնահատականների, նրան է բաժին ընկնելու ԱԹՍ-երի հետազոտման և կատարելագործման (R&D) ոլորտի 77%-ը և ԱԹՍ-երի արտադրման 69%-ը: Այդուամենայնիվ, այն երկրների քանակը, որոնք ԱԹՍ կիրառելու գոնե ինչ-որ հնարավորություն ունեն, ըստ գնահատականների, այժմ տատանվում է 44-ից 70-ի միջակայքում, և այսօր աշխարհում իրականացվում է ԱԹՍ-երի նախագծման ու կիրառման մոտավորապես 680 ծրագիր: Չինաստանն ընդլայնում է ԱԹՍ-երի ոլորտի իր ծրագրերը. մշակվում է առնվազն 25 տեսակի համակարգ: Իրանը նույնպես գովազդում է իր ծրագրերը, ներառյալ «Մահվան դեսպան» անունը կրող սպառազինված ԱԹՍ-ը, որը նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ներկայացրել է՝ ասելով. «Դրա հիմքում ընկած գլխավոր գաղափարը խաղաղությունն ու բարեկամությունն է»:
10. «ԱԹՍ-ԱՅԻՆ ԱՊԱԳԱՆ» ԱՐԴԵՆ ԱՅՍՏԵՂ Է
Պենտագոնն այսօր հպարտանում է շուրջ 7500 ԱԹՍ-երից բաղկացած իր օդանավատորմիղով, որում մեկ տասնամյակ առաջ կար ընդամենը 50 ԱԹՍ: Կոնգրեսին ներկայացված զեկույցի համաձայն՝ «օդաչու ունեցող թռչող սարքերը 2005թ. կազմում էին բոլոր (պաշտպանության նախարարության) թռչող սարքերի 95%-ը, իսկ այսօր՝ 69%-ը»: Պենտագոնն ակնկալում է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում բազմաֆունկցիոնալ ԱԹՍ-երի (որոնք կարող են և՛ լրտեսել, և՛ հարվածել) քանակը մոտավորապես կքառապատկվի՝ հասնելով 536-ի: 2011թ. «Teal Group» խորհրդատվական ընկերությունը հաշվեց, որ անօդաչու թռչող սարքերի վրա ամբողջ աշխարհում կատարվող ծախսերը գալիք տասնամյակի ընթացքում մոտավորապես կկրկնապատկվեն՝ տարեկան 5.9 մլրդ դոլարից հասնելով 11.3 մլրդ դոլարի:
«Foreign Policy», մարտ-ապրիլ, 2012թ.
Անգլերենից թարգմանեց
ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆԸ