ԳԵՆԵՐԱԼ ԲԵՀԲՈՒԹՈՎԸ
1850-ական թվերի սկզբին եվրոպական հզոր տերությունների միջև դիվանագիտական սուր առճակատում էր առաջացել: Բուն շարժառիթը Մերձավոր Արևելքում իրենց քաղաքական ազդեցությունը հաստատելու ձգտումն էր: Այս հողի վրա, ոչ առանց Անգլիայի և Ֆրանսիայի հրահրման, կտրուկ սրվեցին Ռուսաստանի և Օսմանյան Կայսրության փոխհարաբերությունները: Թուրքիան մերժեց Ռուսաստանի վերջնագրային պահանջը, որ վերաբերում էր Օսմանյան Կայսրության տարածքում բնակվող ուղղափառ ժողովուրդների ծանր կացության բարելավմանը: Սա, ի վերջո, հանգեցրեց ռուս-թուրքական նոր պատերազմի (1853-1856) սանձազերծման, որը պատմության մեջ առավել հայտնի է Ղրիմի կամ Արևելյան պատերազմ անունով:
Կովկասյան ճակատում Թուրքիան կենտրոնացրել էր մոտ 100-հազարանոց բանակ` Աբդի փաշայի հրամանատարությամբ, որը ծրագրել էր երեք` Ախալցխայի, Ալեքսանդրապոլի ու Երևանի ուղղություններով ներխուժել Անդրկովկաս, գրավել Թիֆլիսը և ապա զավթել ողջ Կովկասը: Հյուսիսից նրան պետք է օժանդակեին ապստամբ լեռնականների ջոկատները` Շամիլի գլխավորությամբ:
Թուրքական ստվարաթիվ բանակին պետք է դիմակայեր Կովկասյան ճակատում գործող ռուսական կորպուսը: Վերջինիս հրամանատար նշանակվեց գեներալ-լեյտենանտ Բարսեղ Բեհբութովը՝ հայազգի ականավոր զորավարը, որն իր հմտությամբ ու փորձառությամբ արդեն մեծ հեղինակություն էր վայելում ռուսական բանակում: Ահա թե ինչպես են բնորոշում նրան իր ծառայակիցները.
«Թուրքիայի սահմանին կենտրոնացված զորքերը քաջ ծանոթ էին իշխան Բեհբութովին. նա բազմիցս առաջնորդել էր նրանց ոչ միայն Կովկասյան լեռներում, իսկ վետերանները նրան հիշում էին դեռևս 1828-1829 թթ. պատերազմից: Նրանց հայտնի էր իշխանի անձնական քաջությունը, գիտեին, որ վտանգի պահին նա կարող է ոգևորել իրենց և անձամբ առաջնորդել մարտի: Եվ իրոք, նա ռազմական գործը հիանալի էր հասկանում, քանի որ ի ծնե խելամիտ էր ու նաև շատ էր կարդում: Նրա բոլոր հրամանները ողջամիտ էին և կշռադատված»: ( Գեներալ Մ. Օլշևսկի) :
«Իշխան Բեհբութովի դիմագծերում գերակշռում են հային բնորոշ գծերը. չափազանց մեծ քթի հետ աչքերը մեծ չեն, սակայն խելացի են, շարժուն և խորաթափանց, երբեմնի սև մազերը այժմ զգալիորեն ճերմակել են: Պահվածքը և դիմելաձևը չափազանց հաճելի են, շրջապատի նկատմամբ գրեթե մշտապես բարյացակամ է և քաղաքավարի: Ստորադասների հետ սիրալիր է և օժտված է զինվորների հետ վարվելու, մասնավորապես` բարի խոսքերով նրանց ոգևորելու շնորհով: Լինելով խելացի, հաջողակ և էությամբ քաջարի` նա այնպիսի զորավարի տիպար է, որի հրամանատարության տակ ծառայելը ենթակաների համար դյուրին է և հաճելի» (Պ. Ռուդակով):
Գեներալ Բեհբութովի առաջնահերթ խնդիրը թշնամու` այս ճակատում կենտրոնացրած մեծաքանակ զորաբանակի համեմատությամբ իր անհամեմատ փոքրաթիվ ուժերի շուտափույթ համալրումն էր: Սևծովյան շրջանից շտապ Կովկասյան ճակատ փոխադրվեց 16-հազարանոց հետևակային մի դիվիզիա, նաև մի քանի այլ զորամասեր, և, ի վերջո, իշխան Բեհբութովի հրամանատարության տակ ձևավորվեց 30-հազարանոց զորաբանակ, որը նա հիմնականում կենտրոնացրեց գլխավոր` Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ:
Պատերազմի նախօրեին և ընթացքում լայն թափ ստացավ տեղի ազգաբնակչությունից, առավելապես հայերից աշխարհազորային ջոկատների կազմավորումը:
Կամավորական ուժերի կազմավորման գործում զգալի ներդրում ունեցավ հայազգի երիտասարդ գնդապետ, ապագա նշանավոր զորավար և քաղաքական ու պետական խոշոր գործիչ Միքայել Լոռիս-Մելիքովը: Հենց նա ստանձնեց կամավորականների մի խոշոր խմբավորման հրամանատարությունը, որոնք այդպես էլ կոչվում էին` «Լոռիս-Մելիքովի կամավորներ»:
1853թ. հոկտեմբերի վերջին թշնամու կենտրոնական` 40-հազարանոց զորաբանակը Աբդի փաշայի գլխավորությամբ Կարսից շարժվեց դեպի Ալեքսանդրապոլ` ասպատակելով ճանապարհին հանդիպող հայկական բնակավայրերը: Թշնամին անցավ Արփաչայի աջ ափը և բանակեց Ալեքսանդրապոլից 15 կմ հեռու գտնվող Բաշ-Շորագյալ գյուղում:
Թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար գեներալ Բեհբութովը նոյեմբերի 2-ին նրան ընդառաջ ուղարկեց գեներալ-մայոր, իշխան Օրբելիանու գլխավորած 7000-անոց առաջապահ զորախումբը` սպառազինված 28 հրանոթով` հրամայելով հնարավորության դեպքում հարձակում գործել, իսկ գերակշռող ուժերի հանդիպելով` կանգ առնել և դիմակայել` սպասելով օժանդակ ուժերի, սակայն ոչ մի դեպքում չնահանջել և թույլ չտալ թշնամուն առաջանալ դեպի Ալեքսանդրապոլ:
Շարունակելի
ՎԱՀԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ճակատագրեր