Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԲԱՆԱԿԸ



Ծնողներիցս, մեր մեծերից լսել եմ, որ իրենց ժամանակներում բանակից վերադարձող զինվորը դեռ երկար համազգեստը հագից չէր հանում եւ հպարտ-հպարտ շրջում էր թաղում ու քաղաքում, որպեսզի բոլորը տեսնեին ու իմանային, որ ինքը ծառայել է, հայրենիք է պաշտպանել… Ես մի ամիս էլ չկա, ինչ զորացրվել, տուն եմ եկել, իհարկե, համազգեստով դրսում ման չեմ գալիս, բայց մտքով դեռ այնտեղ եմ՝ իմ զորամասում, տղաների հետ։

Երկու տարին, ինչ խոսք, մեծ ժամանակ չէ մարդու կյանքում, բայց զինվորի համար մի ամբողջ դարաշրջանի արժեք ու նշանակություն ունի։ Այլեւս նրա կյանքը բաժանվում է երկու մասի՝ բանակից առաջ ու բանակից հետո։ Երկու տարին, իրոք, մեծ ժամանակահատված չէ մարդու կյանքում, եւ 20 տարին էլ զինված ուժերի համար մեծ տարիք չէ։ Բայց երբ մտքով ետ եմ դառնում ու փորձում եմ հիշել, համեմատել իմ տեսածը զորակոչից-զորացրում ժամանակահատվածում, ինձ համար ակնհայտ է դառնում մեր զինված ուժերի զարգացումը, առաջընթացը։ Այս միտքը ես կարող եմ հիմնավորել հենց իմ՝ զինվորիս օրինակով, իմ ստացած զինվորական գիտելիքներով, պատրաստվածությամբ։

2010թ. հունիսի 11-ին զորակոչվելով բանակ՝ առաջին հինգ ամիսների ընթացքում ուսանել եմ մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական մոտոհրաձգային գումարտակում որպես ՀՄՄ-1-ի ապագա հրամանատար։ Սկզբնական շրջանում մեծ ուշադրություն էր դարձվում ֆիզիկական, բարոյական եւ հայրենասիրական պատրաստվածության վրա։ Այնուհետեւ աշխատում էինք խոր մասնագիտական՝ տեսական ու գործնական գիտելիքներ ձեռք բերելու, տարբեր տիպի ու տրամաչափի զենքերին տիրապետելու, ինչպես նաեւ արդեն իսկ ձեռք բերած հմտությունները կատարելագործելու ուղղությամբ։ Մշտական հսկողության տակ էին մեր զորամասի բոլոր ստորաբաժանումները։

Նոյեմբերի 4-ին, որպես ՀՄՄ-1-ի հրամանատար, ուսումնական բրիգադից տեղափոխվել եմ զրահատանկային գումարտակ։ Ավագ ընկերներիս եւ սպայական կազմի աջակցությամբ ամրապնդվեցին ուսումնական զորամասում ձեռք բերված գիտելիքներս, եւ երեք ամիս անց՝ ստանալով ավագի զինվորական կոչում, նշանակվեցի ՀՄՄ-1-ի դասակի հրամանատար։ Այս ամբողջ ընթացքում ես տեսնում էի, որ օր օրի ավելի եմ կայանում եւ իմ տեղը գտնում շարքում։ Ուսումնական փուլի ընթացքում անցկացվում էին տարբեր միջոցառումներ, հայտարարվում էր մարտական տագնապ եւ ստուգվում, ճշտվում էր զորքի պատրաստականության աստիճանը։ Արհեստավարժ սպաների ներկայությունը ավելի արդյունավետ էր դարձնում ռազմական ուսուցման գործընթացը։ Նշում էինք համապետական, եկեղեցական եւ ազգային տոները, հանգստյան օրերին անցկացվում էին սպորտային միջոցառումներ, մասնակցում էինք ժամանցային ծրագրերի, ինչի շնորհիվ բանակի առօրյան հետաքրքիր, հագեցած էր դառնում։

Ծառայության մեջ աչքի ընկնելու եւ ծառայողական պարտականությունները ջանասիրությամբ կատարելու, դրական նախաձեռնություն ցուցաբերելու համար բարձր հրամանատարության կողմից արժանացա արժեքավոր նվերի՝ զորամիավորման հրամանատարի ստորագրությամբ ժամացույցի եւ շնորհակալագրի։

Մեր հրամանատարությունը ամեն առիթով շեշտել է, որ Հայաստանի զինված ուժերի գերխնդիրը մարտունակությամբ հակառակորդի զինված ուժերի նկատմամբ մեր գերազանցության ապահովումն է։ Իսկ զինված ուժերի մարտունակության ապահովման գրավականներից մեկն էլ, ինչպես բացատրվել է մեզ, հենց անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության բարձր վիճակն է։

Կարող եմ միանշանակ պնդել, որ իմ աչքի առաջ մեր բանակն օր օրի փոխվել, առաջադիմել է։ Իմ աչքի առաջ քչացել են զինվորների միջեւ կանոնադրային փոխհարաբերությունների խախտման դեպքերը։ Գոնե մեր զորամասի օրինակով կարող եմ պնդել, որ կարգապահական հարցերը մշտապես եղել են հրամանատարության ուշադրության կենտրոնում եւ դիտվել են որպես առաջնային։ Ամեն օր ավելի է ամրապնդվել փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության, դժվարին պահերին զինակից ընկերոջն օգնության հասնելու յուրաքանչյուր զինվորի պատրաստակամությունը, կոլեկտիվում ընդհանուր շահի գիտակցումը։ Հատկապես կարեւորվել է սպա-զինվոր փոխհարաբերությունը։ Մենք մեր սպաներին ընդունել ենք որպես ավագ ընկեր ու անվերապահորեն կատարել ենք առաջադրվող հրամանները։

Ահա իմ տեսածն ու ապրածը բանակում։ Իսկ իմ ճանաչած զինվորը իր գիտելիքներով, խիզախությամբ, մարտական ոգով անպայման մի քանի անգամ գերազանցում է մեր հարեւան-հակառակորդ զինվորին։

Մենք այսօր ունենք ուժեղ, մարտնչող, թշնամուց չվախեցող զինվոր. ահա այսպիսին է այսօր մեր բանակը։

ՍԱՐԳԻՍ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Բանակ և հասարակություն


01/08/2012