ԼԻՆԵԼ ՕՐԻՆԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ
Ես կարծում եմ, հայրենիքին ծառայելու գաղափարն այնքան էլ ամուր չէ մեր հոգեբանության մեջ։ Հայրենիքին ծառայելը միայն զինվորական համազգեստ հագնելն ու հայրենիքի համար զոհվելը չէ։ Հայրենիքին ծառայելը նախ և առաջ օրինավոր քաղաքացի լինելն է։ …Երբ դու յուրաքանչյուր գործ կատարում ես բարեխղճորեն և ազնվաբար։ Ոչ ոք քարոզներով չի դաստիարակվում, այլ դաստիարակվում է իր շրջապատի օրինակով։ Ամեն մարդ պիտի հիշի, որ ինքը օրինակ է մեկ ուրիշի համար։ Ես ուզում եմ ապրել մի երկրում (իմ հայրենիքում), որտեղ օրենքի առաջ հավասար են բոլորը, որտեղ մարդը հարգված է՝ և՛ աղքատը, և՛ հարուստը, և՛ պաշտոնյան, և՛ սովորական աշխատողը։ Որտեղ բոլորի իրավունքները պաշտպանված են, որտեղ փողոցով քայլող մարդը իրեն այս երկրի տերն է զգում ու տիրոջ սրտացավություն ունի իր գյուղի, քաղաքի, հայրենիքի հանդեպ… Որտեղ աշխատանքը ոչ միայն սեփական կարիքների համար փող աշխատելու միջոց է, այլև երկիրը շենացնելու հնարավորություն։ Որտեղ բիզնես բառը չի նույնացվում խաբեության հետ, որտեղ մարդու պատիվն ու ուժը չափվում են ոչ թե ունեցած փողի քանակով, այլ ինտելեկտով, բարոյականությամբ և հայրենիքին մատուցած ծառայություններով… Ահա այսպիսի հայրենիքում է «Ծառայում եմ հայրենիքիս» խոսքը հնչում բարձր, վեհ ու բովանդակալից։
ԳԵՈՐԳԻ ԽՈՋԱՅԱՆ
շարքային