Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՏԵՂԱՇԱՐԺ, ՏԵՂԱԿԱՅՈՒՄ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ



Գնդապետ Ա. Օհանյանի հրամանատարությամբ գործող զորամասը հաջողությամբ է սկսել նոր ուսումնական փուլը։ Մարտական հերթապահությունն իրականացվում է հավուր պատշաճի, ուսումնական գործընթացի մեկնարկային եռօրյա մարտավարաշարային պարապմունքների ժամանակ էլ մարտական տեխնիկան ամբողջությամբ և առանց որևէ խնդրի դուրս է բերվել կենտրոնացման շրջան։ Եվ ահա զորամասը հուլիսի 23-28-ը կիրականացնի մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի նպատակն է կատարելագործել հրամանատարական կազմի, շտաբի զինծառայողների, զորատեսակների և ծառայությունների պետերի, ստորաբաժանումների հրամանատարների ունակություները, ինչպես նաև ստուգել մարտական պատրաստականության ծրագրերի իրատեսությունը։ Միաժամանակ դաշտային պարապմունքներն ու մարտական խնդիրների կատարումը կնպաստեն ստորաբաժանումների, հաշվարկների ու անձնակազմերի հմտությունների կատարելագործմանը, կբարձրացնեն նրանց միջև գործողությունների ներդաշնակման մակարդակը՝ բարձրացնելով, իհարկե, զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստվածության աստիճանը։

Փաստացի սկսված զորավարժությունը ղեկավարում է զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։ Հուլիսի 23-ին՝ դաշտային մարզումների առաջին օրն անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում զորամասի հրամանատարը, զորատեսակների, ծառայությունների պետերը ներկայացրին առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Ծանոթանալով ստեղծված վրանային ավանի պայմաններին և հետևելով ուսումնական գործընթացին միաժամանակ՝ զրուցեցինք զորամիավորման հրամանատարի տեղակալ գնդապետ Ս. Բորիկյանի հետ։

-Զորավարժության առաջին և երկրորդ փուլերն անցել են հաջող,- ասաց գնդապետը և շարունակեց,- ճամբարում ստեղծել ենք բոլոր պայմանները՝ ծանրաբեռնված աշխատելու, հանգստանալու, ուժերը վերականգնելու համար։

♦♦♦

Ամենուր ստեղծված են բավարար կենցաղային պայմաններ։ Վրաններում մասնավորապես և տարածքում առհասարակ, ընդհանուր առմամբ, մաքրություն է տիրում, հանգստի սենյակը կահավորված է, զորամաս բերեցին «Հայ զինվորի» թարմ համարը, բուժկետում կա ամեն ինչ առաջին բուժօգնության համար։ Զորամիավորման բուժծառայության պետ մայոր Ա. Միքայելյանը նշեց, որ հիվանդության ոչ մի դեպք չի գրանցվել, և ստորաբաժանումներին մշտապես մատակարարվում է խմելու սառը, որակյալ ջուր։

ՀՐԵՏԱՆԱՎՈՐՆԵՐԸ

Դ-30-ի հաշվարկների պարապմունքը ղեկավարում է մարտկոցի ավագ սպա ավագ լեյտենանտ Դ. Խուրշուդյանը։

-Որոշում ենք պայմանական նշանակետերը և խոցում պայմանականորեն։ Հաշվարկներում կան ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ զինվորներ, բայց բոլորն էլ վստահելի են, կարծում եմ՝ հուսախաբ չենք անի,- ասաց նա։

Հաշվարկներից մեկի հրամանատարը կրտսեր սերժանտ Էդուարդ Միքայելյանն է, հաշվարկների համարներն են նշանառու շարքային Վարդան Զաքարյանը, լիցքավորող եֆրեյտոր Կարեն Հովհաննիսյանը և վարորդ շարքային Դավիթ Այվազյանը։

♦♦♦

Այստեղ աշխատանքը եռում էր, և հենց մեր մոտենալու պահին մարտկոցի հրամանատար կապիտան Հ. Ոսկանյանը, առանց մեքենաները գործարկելու, հաշվարկներին տվեց «մարտի» հրամանը։ Հիացմունքի է արժանի հաշվարկների ցուցաբերած ջանասիրությունը։ Գործում են համախմբված, բայց առաջինը «պատրաստ» է զեկուցեց կրտսեր սերժանտ Վահե Ղազարյանը, որի հաշվարկից են շարքայիններ Տարոն Առաքելյանը, Րաֆֆի Վարդանյանը, Վահե Գինովյանը, երկրորդը կրտսեր սերժանտ Կարեն Առաքելյանն էր, որի հետ են շարքայիններ Վաչագան Համբարյանը, Ազատ Մանուկյանը և Արթուր Շահինյանը։

ԶՐԱՀԱՏԵԽՆԻԿԱ

Պարապմունքը ղեկավարում է դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Գ. Սարգսյանը, իսկ մարտկոցի հրամանատար լեյտենանտ Մ.Ղամբարյանը։ Մարտական մեքենայի առանձին սարքավորումների աշխատանքն են ստուգում ավագ օպերատոր կրտսեր սերժանտ Աշոտ Նիկոյանը, մեխանիկ-վարորդ շարքային Ալբերտ Մարտիրոսյանը, հեռավորության օպերատոր շարքային Հարություն Ոսկանյանը և հաշվարկի հրամանատար ենթասպա Հովսեփ Բավեյանը։

Մոտենում էր ճաշի ժամը, երբ տղաներին հրաժեշտ տվեցինք՝ մի քանի օրից հանդիպելու պայմանով։

-Ամեն բան շատ լավ կլինի, չկասկածեք,- հավաստիացրեց ենթասպա Հ. Բավեյանը։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/08/2012