Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐԹԱՓՈԽ



Առաջնագծում մարտական հերթապահություն են կատարում ինչպես ժամկետային, այնպես էլ պայմանագրային գումարտակների զինծառայողները։ Վերջիններիս հերթափոխն իրականացվեց օրվա վերջին, երբ արդեն մութն ընկել էր, իսկ առավոտյան, նախաճաշից անմիջապես հետո սկսվեց ժամկետայինների հերթափոխի կազմակերպումը։ Շարային ստուգատեսի ժամանակ զորամասի շտաբի պետ փոխգնդապետ Ա. Կիրակոսյանը և անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ս. Խաչատրյանը, զինվորների առողջական, բարոյահոգեբանական վիճակն ստուգելուն զուգահեռ, ճշտեցին մեկնողների ցուցակները, մյուս պահանջվող փաստաթղթերը, այնուհետև ստորաբաժանումների հրամանատարների հետ՝ ուսապարկերի պարունակությունն ու զենք-զինամթերքը։ Այս ամենից հետո փոխգնդապետ Ա. Կիրակոսյանը կատարեց անհրաժեշտ հրահանգավորումը, խստորեն պահանջեց առաջնագծում պահպանել ծառայողական կարգապահությունը, չկորցնել զգոնությունը և պարտաճանաչորեն կատարել հենակետի ավագի հրամաններն ու առաջադրանքները։ Խոսքի վերջում փոխգնդապետ Ա. Կիրակոսյանը, մեկ անգամ ևս դիմելով անձնակազմին, ասաց.

-Ով պատրաստ չէ, ով հոգեբանական կամ այլ կարգի խնդիր ունի և չի կարող մարտական հերթապահություն կատարել, թող դուրս գա շարքից։ -Արձագանքողներ չեղան, և զինվորների մարտական ծառայությունն օրհնեց սարկավագ Արսենը։

Սահմանի այս հատվածում որոշ հենակետեր զորամասից բավական հեռու են գտնվում, բայց սկսված ծավալուն ճանապարհաշինական աշխատանքների շնորհիվ մեկ-երկու ամսից բարեկարգ, ասֆալտապատ ճանապարհներով երթևեկելը կնպաստի առաջնագիծ հասնելու ժամանակահատվածի կրճատմանը։

Խորագիր՝ #29 (945) 26.07.2012 – 1.08.2012, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


01/08/2012