ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հուլիսի 4-ին շվեդական ինքնաթիռի՝ երկրի օդային սահմանը խախտելու միջադեպի մեղավորներ է համարել սահամանապահներին, որոնք հայտնաբերելով սահմանախախտ ինքնաթիռը, որևէ միջոց չեն ձեռնարկել Բելառուսի տարածքում նրա թռիչքը դադարեցնելու համար: Արդյունքում շվեդ օդաչուն հասել է Մինսկ, երկրի մայրաքաղաքում և նրանից 70 կիլոմետր հեռու գտնվող Իվենց քաղաքի վրա նետել է թավշյա արջուկներ, որոնց ամրացված են եղել խոսքի ազատության պաշտպանության կոչեր, և անարգել հեռացել է Լիտվա, այնտեղից էլ` Շվեդիա: Օդաչուն, որպես իր կատարածի ապացույց, համացանցում տեղադրել էր մի քանի լուսանկար ու տեսանյութեր:
Բելառուսի իշխանությունները սկզբում կտրականապես ժխտում էին երկրի օդային սահմանների խախտման փաստը, պնդելով, որ համացանցում տեղադրվել են Արևմուտքում պատրաստված կեղծ լուսանկարներ և տեսանյութեր, բայց հետո քրեական գործ հարուցեցին պետական սահմանի խախտման փաստի առթիվ: Դրան հետևեցին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրերը զբաղեցրած պաշտոններից երկրի ռազմաօդային ուժերի ու հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար Դմիտրի Պախմելկինի և Պետական սահմանապահ կոմիտեի նախագահ Իգոր Ռաչկովսկու ազատման մասին:
Երեկ, ներկայացնելով սահմանապահ գերատեսչության նոր ղեկավար Ալեքսանդր Բոեչկոյին, Լուկաշենկոն վերստին անդրադարձել է «թավշյա դեսանտ» անվանումը ստացած միջադեպին և հայտարարել, որ կոմիտեի ղեկավարությունը մի շարք սխալ որոշումների պատճառով պետական սահմանի պահպանությունից շեղվել էր դեպի ինչ-որ «սահմանապահ քաղաքականություն, և սահմանապահները զինվորականներից վերածվել էին քաղաքագետների»:
Խորագիր՝ Նորություններ