Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

145.000 ՕՐԻՆԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ 3 ՄԻԼԻԱՐԴ ՌԴ ՌՈՒԲԼՈՒ ՎՆԱՍ



Ամփոփելով 2012 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները` ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրիդինսկին հայտարարել է, որ զինդատախազության ջանքերով չեղյալ է համարվել 6.000 անօրինական իրավական ակտ, վերականգնվել են ավելի քան 300.000 զինծառայողների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները, վերականգնվել է պետությանը հասցված ավելի քան մեկ միլիարդ ռուբլու վնասը, ինչպես նաև պատասխանատվության է ենթարկվել շուրջ 20.000 օրինախախտ: Անարդյունավետ է ծախսվել ժամկետանց զինամթերքի ոչնչացման նպատակով տրամադրված առնվազն 250 միլիոն ՌԴ ռուբլի գումար: Այս ասպարեզում միջոցների վատնումների կամ յուրացումների համար հարուցվել է չորս քրեական գործ:

Միաժամանակ շուրջ 20 տոկոսով նվազել է զինծառայողների կատարված հանցագործությունների թիվը, նկատելիորեն կրճատվել են նաև զինվորական կոլեկտիվներում բռնի ուժի կիրառմամբ կատարված ծանր և հատկապես ծանր հանցագործությունները:

Փոխարենը, սակայն, 2,5 անգամ աճելով, 3 միլիարդ ռուբլու է հասել շահադիտական նպատակներով կատարված տարբեր հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը: Մեծ թիվ են կազմում հատկապես պետական ունեցվածքի, բյուջետային և հատկապես՝ պետական պաշտպանական պատվերի կատարմանն ուղղված միջոցների յուրացումները:

Քիչ չեն նաև զինվորական ուեցվածքը «ջրի գնով» վաճառելու փորձերը: Որպես բնութագրական օրինակ, ՌԴ գլխավոր զինվորական դատախազը հիշել է Վլադիվաստոկում արձանագրված դեպքը, երբ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարությունը փորձում էր խորհրդանշական՝ 100.000 ՌԴ ռուբլով վաճառել քաղաքի պատմական կենտրոնում գտնվող ու 200 միլիոն ռուբլի գնահատվող հողամասը, և միայն դատախազության միջամտության շնորհիվ էր հնարավոր եղել կասեցնել գործարքը:

Խորագիր՝ Նորություններ


10/08/2012