Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒԺԵՐՈՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԻՑ



Արտասահմանյան մի շարք երկրներում պաշտպանական գերատեսչությունների զորամասերի և կազմակերպությունների, այդ թվում նաև ռազմական օբյեկտների պահպանության գործառույթներն ակտիվորեն փոխանցվում են այսպես կոչված «քաղաքացիական պահակներին», ինչպես պահպանության անհատ (մասնավոր) կազմակերպությունների, այնպես էլ գերատեսչական պահպանության ստորաբաժանումների ուժերով:

Ռուսաստանի դաշնության զինծառայողները գործնականում «զրկված են» թիկունքի և սպառազինության օբյեկտների պահպանության գործում պահակային ծառայությունում ընդգրկվելու «հաճույքից»: Այս գործառույթները բոլորովին վերջերս սկսել են կատարել գնդերի կազմում հատուկ ձևավորված ռազմականացված պահպանության խմբերը: Թերևս քիչ են ժամանակ առ ժամանակ զինվորական բեռների ուղեկցման համար նշանակվող արտագնա պահակախմբերը` ժամկետային պարտադիր զինծառայողներից կազմված:

Որոշ մարդկանց համար սա կարող է թվալ անհեթեթություն` ինչպե՞ս կարելի է ռազմական օբյեկտների պաշտպանությունը վստահել ինչ-որ քաղաքացիական պահակների:

Այս պրակտիկան վաղուց արդեն ներդրվել է արտասահմանում` և ոչ միայն Ռուսաստանում: Մի շարք երկրների բանակներում զորամասերի ունեցվածքի պահպանման ապահովմանն առնչվող ընթացակարգը իրականացվում է մասնավոր պահպանության ընկերությունների կողմից (աութսորսինգի միջոցով):

Իհարկե, խոսքը ռազմավարական օբյեկտների մասին չէ, այստեղ նմանատիպ խնդիրները կատարում են զինվորական ստորաբաժանումները, որպես կանոն` հատուկ նշանակության:

Իսկ անվտանգության ապահովումը` ասենք զինվորական ավանի տեղակայման վայրի /պարագծի/, արտաքին պահակակետերում ծառայության կրումը, նյութական միջոցների պաշարների պահեստների, տեխնիկայի պահպանությունը` այս ամենը հանձնված է կազմակերպություններին «աութսորսինգի» սկզբունքով:

Առաջին տարին չէ, որ պահպանության «աութսորսինգի» համակարգը յուրացնում են մոտոհրաձգային գնդերում, որի արդյունքները առավել քան դրական են, սկսած մասնագիտական պահակներին իրենց պարտականությունների ավելի որակյալ կատարելու պարտավորեցնելուց, գույքի անվտանգության ապահովման և վերջացրած անձնակազմին պահակային ծառայությանը ներգրավվելու անհրաժեշտությունից:

«N» զորամասի օրինակով նշեմ, որ օբյեկտների պահպանության համար ամեն օր ընդգրկվում են հինգ պահակախմբեր, մինչդեռ հինգից ոչ մեկը կազմավորված չէ զինծառայողներից: Այս խնդիրներն այժմ իրականացվում են հաստիքային ռազմականացված ստորաբաժանումների կողմից` «ՎՕԽՐ», որոնք միավորված են մեկ միասնական խմբում, որը ինչպես ենթարկվում է իր պետին, այնպես էլ գնդի հրամանատարին, այսինքն՝ պահակային ծառայության կազմակերպման ընդհանուր ղեկավարումը իրականացնում է զորամասի հրամանատարը: Բայց հիմա օբյեկտների պահպանությունը ապահովվում է ոչ թե զինծառայողների կողմից, այլ պահպանության հաստիքային աշխատակիցների կողմից:

Ինչու՞ հաստիքային:

Բանը այն է, որ ռազմականացված խումբը գնդի կառուցվածքային կազմի մի մաս է: Փաստորեն, սա աութսորսինգ չէ, քանի որ գնդային ռազմականացված խմբի անդամները ընդունված են աշխատանքի ու հաշվառված են անմիջական զորամասի հաստիքներում և աշխատում են զորամասում՝ ունենալով քաղծառայողի կարգավիճակ:

Լիներ դա աութսորսինգ, ապա նմանատիպ խնդիրներ կփոխանցվեր որևե մասնավոր պահպանություն իրականացնող ընկերության, որը պայմանագրի համաձայն՝ կներգրավվեր օբյեկտների պահպանությանը: Սակայն տարբերությունը միայն աշխատանքների կապալառուների կարգավիճակն է: Հրամանատարության համար գլխավորն այն է, որ այդ խնդիրների կատարումից անձնակազմն ազատված է և զբաղվում է միայն մարտական պատրաստությամբ, իսկ վերահսկողությունն էլ բոլոր դեպքերում մնում է զորամասի հրամանատարին: Իր հրամանով զորամասի հրամանատարը հաստատում է ծառայության կրման կարգը, մարդկանց ընդունում է աշխատանքի և վերահսկում ռազմականացված պահակախմբերին վստահված առաջադրանքների կատարումը:

Գնդում սեփական ռազմականացված պահակախմբերի ձևավորումը սկիզբ դրվեց ՌԴ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով, որով գործողության դրվեց, այսպես ասած, «ՎՕԽՐ-ի կանոնակարգը», որտեղ սահմանված է կառուցվածքի հիմնական գործող պարամետրերը և ծառայության ճիշտ կազմակերպման նորմերը:

Գնդային ռազմականացված պահակախումբը ունի իր կառուցվածքը և աշխատանքի կազմակերպման կարգը: Օրինակ՝ լայնորեն օգտագործվում են տեխնիկական միջոցներ` նույն տեսավերահսկողության համակարգը, առավել հարմարեցված կապի սարքավորումները: Այստեղ այլ է աշխատանքային հարաբերությունները, դրանք կանոնակարգված են աշխատանքային օրենսգրքով: Կազմված են հերթափոխերի գրաֆիկները, տարվում է գերաշխատաժամերի հաշվառում, ձևակերպվում են սահմանված սոցիալական բոլոր վճարները, այսինքն՝ ամեն ինչ կազմակերպված է ինչպես սովորական ձեռնարկությունում:

Ռազմականացված պահակային ստորաբաժանում (ՎՕԽՐ) աշխատանքի անցնելն այդքան էլ հեշտ չէ, այստեղ գործում է անձնակազմի ընտրության մի ամբողջ գործընթաց:

Ընտրության ևս մեկ տարր է հանդիսանում բժշկական խորացված հետազոտությունը: Իհարկե, այստեղ պահանջները այդքան խիստ չեն, որքան դրանք կիրառելի են ժամկետային ու պարտադիր ծառայության զինծառայողների նկատմամբ, որոնք անցում են ռազմաբժշկական հետազոտություն:

Սա է կարգը, և դրա հետ ոչ ոք չի վիճում: Միևնույն ժամանակ գնդի ռազմականացված պահակախմբի կազմում աշխատել ցանկացողները Ռուսաստանում շատ են: Եվ դժվար չէ գուշակել, որ թեկնածուներին գրավում է վճարվող գումարի չափը: Մասնավոր անվտանգության պահակների միջինը, օրինակ, Պետրոպավլովսկ Կամչատկայում 12-17 հազար ռուբլի է, իսկ գնդի ՎՕԽՐ-ի հրաձիգի ամսական դրույքաչափը սկսվում է 18 հազար ռուբլուց, և սա միայն ստորին սահմանն է, առանց գիշերային հերթափոխի և ծառայություններին արձակուրդների ժամանակ փոխարինման համար հավելավճարի:

ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր առմամբ՝ զորամասերի կենսագործունեության և անձնակազմի սպասարկման հետ կապված խնդիրներ կատարելու համար քաղաքացիական անձանց ներգրավելու ռուսական ծրագիրն անցավ լավ փորձարկում և փորձարկման փուլից արդեն անցել է ամենօրյա պրակտիկայի` կենսագործման: Եվ եթե Պ.Կամչատկայում ծովային հետևակային գնդի ՎՕԽՐ-ի քաղաքացիական անձնակազմը պահպանում է նյութական միջոցների պահեստները (սնունդ, հանդերձանք, գույք, վառելիք և այլ միջոցներ), ապահովում է հավաքակայանում գտնվող մարտական ու տրանսպորտային միջոցների պահպանությունը, ապա, օրինակ, Խաղաղ օվկիանոսում սուզանավերի հիմնական բազայում` «Քաղաք Վիլյուչինսկ» փակ վարչատարածքում, պահպանության աշխատակիցներին վստահված է այսպես ասած սրբերից սուրբը` կառավարման գոտին, որտեղից կառավարվում են սուզանավերը, այդ թվում՝ ատոմային հրթիռակիրները` ատոմային ռեակտորներով և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով:

Վիլյուչինսկի բազայի կառանման գոտիներում կառանված սուզանավերի պահպանությունն իրականացնում են ավտոմատներով զինված պայմանագրային զինծառայողները: Եվ անգամ մուտքի պահակակետերում անվտանգության ռեժիմն ապահովելու համար ՎՕԽՐ-ի աշխատակիցներ չեն ընդգրկված` դրանով զբաղվում են ռազմական ոստիկանության աշխատակիցները` սուզանավերի բազայի ապահովման բրիգադի զինծառայողների հետ համատեղ:

Պահպանության կազմակերպումը, պահակային ծառայության կատարումը ռուսական շատ կայազորներում համազգեստով մարդկանցից արդեն հանված է: Տպավորությունը ավելի ու ավելի ակնհայտ է դառնում լիազորությունների նմանատիպ փոփոխոթյան պարագայում: Պատահական չէ` նրանք, ովքեր սովոր են վերջին բոլոր ռազմական նորարություններում տեսնել միայն բացասականը, արդեն այնքան էլ կտրական չեն իրենց գնահատականներում:

«Ցենտր-2011» զորավարժության ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահը մասնավորապես նշել է հետևյալը. «Զինվորական ծառայությունը կայանում է մարտական հմտությունների կատարելագործման, ունակությունների բազմապատկման և Հայրենիքի պաշտպանության մեջ: Փորձը ցույց է տվել, որ արդյունավետություն է ապահովվում, երբ տնտեսական գործունեությանը ներգրավվում են քաղաքացիական հիմնարկություններն ու կազմակերպությունները` տրամադրելով մասնագիտական ծառայություն այդ բնագավառում և այդ ամենն ի շահ զինված ուժերի:

Նման պարագայում բանակը ձերբազատվում է այն գործառույթներից, որոնք բնորոշ չեն նրան, և որոնք սովորաբար ամբողջ աշխարհում իրականացվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից: Այդ ծախսերը կբարելավեն զինծառայողների կենցաղը, թույլ կտան ավելի որակյալ կազմակերպել առօրյան ստորաբաժանումներում:

Եթե մենք ուզում ենք ունենալ մարտունակ և արդյունավետ զինված ուժեր, ապա մեր զինվորական ստորաբաժանումները պետք է զբաղվեն մարտական պատրաստությամբ, այլ ոչ թե տնտեսական ծառայություններով»:

Ահա այսքանը զորամասային օղակում պահպանության կազմակերպման ռուսական փորձից, որի` մեր պարագայում ներդնելուց կառաջանա անհրաժեշտություն.
-ընդունելու կառավարության համապատասխան որոշում, որտեղ թույլատրված լինի պաշտպանական գերատեսչությանն իրականացնելու ռազմականացված պահպանություն, և որտեղ սահմանված լինեն գերատեսչական պահպանության ենթակա օբյեկտների ցանկն ու ծառայության իրականացման կարգը,
-ՀՀ օրենքների շրջանակում և կառավարության որոշումների հիման վրա մշակելու գերատեսչական պահպանության կազմակերպման կանոնակարգ, ներդնել ՎՕԽՐ-ի դիֆերենցածված հաստիքներ (չմոռանալով նորմալ աշխատավարձի մասին),
-ռազմավարական օբյեկտների պահպանության համար ստեղծել պահպանության պայմանագրային ստորաբաժանումներ` ԶՈՒ ԿուՊԾ կանոնագրքի շրջանակում ծառայություն տանելու:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԶՈՒ ԳՇ ԶԾ և ԶԾԱԱ վարչության պետի տեղակալ,
գնդապետ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Ռազմական


15/08/2012