Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՆՈՐԱԿՈՉԻԿԸ ՄՏՆՈՒՄ Է ԶՈՐԱՄԱՍ



Փոխգնդապետ Ա. Աղաջանյանի հրամանատարությամբ գործող ուսումնական գումարտակի հրամանատարի ու նրա տեղակալի օրն սկսվում է համալրման եկած նորակոչիկների հետ անձնական ծանոթություններով։ Անհատական զրույցներից հետո նորակոչիկները ծանոթանում են զորամասին, նրանց է ներկայացվում զորամասի մարտական ուղին, տեղեկություններ է հայտնվում հրամանատարներից յուրաքանչյուրի մասին։ Մի խոսքով՝ ամեն ինչ արվում է, որ նորակոչիկները շատ արագ հարմարվեն զինվորական կյանքին, առօրյային։

Ամենօրյա տեսական և գործնական պարապմունքների շնորհիվ նորակոչիկները ճանաչում են իրենց պարտականություններն ու իրավունքները, ուսումնասիրում զինվորական կանոնագրքերը, սովորում, հղկում են շարային քայլքը, զբաղվում ֆիզիկական պատրաստությամբ։

Այս ամենի արդյունքում շատ կարճ ժամանակամիջոցում յուրաքանչյուր նորակոչիկ տեսնում և համոզվում է, որ ինքը ծառայության է անցել ամենալավ զորամասում, զորամաս, որը հայրենիքին տվել է երեք Ազգային հերոս։

-Երբ նորակոչիկը մտնում է զորամաս,- ասում է գումարտակի շտաբի պետ մայոր Արմեն Գասպարյանը,-նախ՝ փորձում եմ մտերմանալ նրա հետ, անկեղծ զրույցի տրամադրել, ոգևորել… Մեր զինվորը պետք է իմանա, որ ինքն է զորամասի տերը, ինքն է երկրի պաշտպանը։ Ես նրան ասում եմ, որ դու պարտավոր ես լինել քո ժողովրդի երազած զինվորը, ես նրանց ասում եմ՝ հպարտությամբ կրեք զինվորի ձեր համազգեստը և հիշեք՝ քանի սերնդի երազանք, հերոսություն ու փառք է խտացված այդ համազգեստի մեջ։ Եվ ամենակարևորը, ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկը վիրավորի իմ զինվորի՝ հայրենիքի պաշտպանի արժանապատվությունը։

ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆ
մայոր
գումարտակի հրամանատարի
ԱՀՏԱ գծով տեղակալ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Բանակ և հասարակություն


15/08/2012