Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱՇՈՒՆՉ ԽՈՍՔԸ



Հայրենաշունչ խոսքն է նաեւ, որ հային հայ է պահել, զինվորին տարել մարտի, պատանու հոգում վառել հայրենասիրության կրակներ, դարձել սերունդների ուղեկիցը՝ լույս տալով նրանց ճանապարհին։ Այդ խոսքն ասվել է ամենատարբեր առիթներով՝ ճակատամարտից առաջ, հայրենաշեն որեւէ գործ ձեռնարկելիս, այն դժվար պահերին, երբ պետք էր ոգեւորել մարդկանց՝ համախմբելու, զորացնելու նրանց ուժը։ Նման խոսքերը չեն հնանում, մշտապես մնում են հրատապ, արդիական, եւ դրանում է նրանց կենսունակությունը։

ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑԻՆ ՍՊԱՐԱՊԵՏՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԸ

Ավարայրի ճակատամարտի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, ուսումնասիրություններ, հոդվածներ և դեռ էլի կգրվեն՝ նորովի իմաստավորելով հայոց մեծ գոյապայքարը, և, կարծում ենք, հետագա հրապարակումներում առավել կարևոր տեղ կհատկացվի սպարապետ Վարդան Մամիկոնյանի խոսքին, որ նա արտասանեց մարտից անմիջապես առաջ՝ դիմելով հավաքված զինվորներին։

Ահա մի քաղվածք. «Աղաչում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիրներ, մանավանդ որ ձեզանից շատերը քաջությամբ ինձնից ավելի լավ եք և հայրենական գահի պատվով՝ ավելի բարձր, բայց երբ ձեր հոժար կամքով ինձ կարգեցիք ձեզ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալի թվան մեծերիդ և փոքրերիդ ականջներին։ Չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ո՛չ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա՝ ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք»։

Ակնհայտ է սպարապետի խոսքի մտերմիկ և անկեղծ տոնը։ Նա չի թերագնահատում թշնամուն՝ հայ զինվորը պետք է կռվի «ահռելի սրի դեմ», բայց միաժամանակ նրան անպարտելի չի համարում՝ հայ զինվորը կարող է և պետք է հաղթի թշնամուն։ Դրա համար սպարապետը դնում է իր պայմանը՝ «արիության և քաջության մեջ վախկոտություն չխառնել», եթե պետք է զոհվել՝ ապա մահն ընդունել «ուրախ սրտով», այսինքն՝ ինչպես Եղիշեն է ասում, մեռնել իմացյալ, գիտակցված մահով, այլ խոսքով՝ նահատակվել հանուն գաղափարի, մարտիրոսանալ։

Սպարապետի խոսքում ի հայտ է գալիս ոչ միայն խոշոր զորապետը, այլև խոշոր քաղաքագետը, որը հմտորեն վերլուծում է ստեղծված իրավիճակը, խորապես ըմբռնում և մեկնաբանում առկա իրողությունները։ Ո՞վ էր հայոց թշնամին, ի՞նչ էր ուզում. այս հարցերի հստակ պատասխանը սպարապետի խոսքը դարձնում է դիպուկ, նշանակետին խփող, ուրեմն և՝ ազդեցիկ ու համոզիչ։ Ահա թե ինչ ասաց սպարապետը զորքին. թշնամին, «որ խոսքով ու հրամանով էր ուզում կատարել իր չարությունը սուրբ եկեղեցու վերաբերմամբ, այժմ աղեղով ու նիզակով ու սրով է կռվում։ Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, գուցե այլևս չկարողանա էլ մինչև վերջը»։

Սպարապետի խոսքում ակնհայտ է ձգտումը՝ ոչինչ չթաքցնել ժողովրդից, կասկածի ոչ մի նշույլ չթողնել բոլոր նրանց սրտում, ովքեր այդ պահին լսում են իրեն։ Դրա համար պետք էր ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը, և սպարապետը համարձակորեն գնում է դրան։ Պատմությունից հայտնի է, թե ժողովուրդը որքան էր ալեկոծվել այն լուրից, որ, իբր, սպարապետը, նախարարները պարսից շահի մոտ ուրացել են իրենց հավատը, նրան հայերին կրոնափոխելու խոստում տվել։ Իրականում դա կեղծ ուրացություն էր՝ ժամանակ շահելու և ապստամբությանը նախապատրաստվելու համար։ Սպարապետը չի խորշում խոսել նաև այդ մասին. «…այն օրը, երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արտասուք թափվեց սուրբ եկեղեցում և է՛լ ավելի շատ՝ մեր սիրելիների մեջ։ Մինչև անգամ մեր ընկերները զայրացած՝ սրով էին սպառնում մեզ և կամենում էին դառն մահով պատժել մեզ, և մեր ծառաները խրտնում-փախչում էին մեզանից…»։

Սպարապետի խոսքում զգացվում է մեծ բարոյականության, առաքինության տեր մարդը։ Ասելով ճշմարտությունը՝ նա դառնում է հոգով թեթևացած, իր ասելով՝ «զվարթացած, զգաստացած և առհասարակ խելամիտ»։ Առածի պես է հնչում նրա պատգամը. «Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից»։

Եղիշեի վկայությամբ՝ Ավարայրի ճակատամարտից առաջ զորքին իր քաջալերիչ խոսքն է ասել նաև Ղևոնդ երեցը, որը Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտներից էր, նույնպես Վարդան Մամիկոնյանի դասընկերներից մեկը։ Հայտնի է, օրինակ, որ հենց Ղևոնդ երեցն է 450-ի ամռանը գլխավորել Անգղի բնակչության հարձակումը պարսիկ մոգերի վրա, որոնք փորձել են տեղի եկեղեցին վերածել ատրուշանի, ինչը չի հաջողվել։

Բնական է՝ այսպիսի խառնվածքի տեր մարդը չէր կարող չդառնալ Ավարայրի ճակատամարտի անմիջական մասնակիցը, ձեռքը զենք չվերցնել, բայց մինչ այդ շրջել է զորագնդերում, ելույթներով, իր իսկ գրած քարոզներով ոգևորել զինվորներին, նրանց նախապատրաստել մեծ կռվի։

Ազդեցիկ է նաև Ղևոնդ երեցի խոսքը. «Եղբայրներ, չթուլանանք ու չվհատվենք, այլ պինդ սրտով և հաստատուն հավատով հոժարակամ հարձակվենք այն թշնամիների վրա, որ վեր են կացել-գալիս են մեզ վրա։ Մեր հույսը կրկնակի է երևում մեզ. եթե մեռնենք՝ կապրենք, և եթե մեռցնենք՝ միևնույն կյանքն է կանգնած մեր առաջ…»։

Ուշագրավ է Ղևոնդ երեցի միտքը՝ կապված սպասվող ճակատամարտին եկեղեցական դասի լայն մասնակցության հետ. «Դուք բոլորդ գիտեք, որ առաջվա ժամանակները, երբ դուք պատերազմ էիք գնում, թեպետև սովորություն ունեիք քահանաներին միշտ բանակում պահել, բայց ճակատամարտի ժամանակ ձեզ հանձնելով նրանց աղոթքին, որևէ ամուր տեղ էիք թողնում նրանց, իսկ այսօրվա եպիսկոպոսները, երեցները, սարկավագները, սաղմոսերգուներն ու գրակարդացները, ամեն մեկը սահմանված կանոնով իբրև սպառազինված և պատերազմի պատրաստված՝ կամենում են ձեզ հետ միասին հարձակվել և ջարդել ճշմարտության թշնամիներին»։

Սա նոր իրողություն էր՝ «սպառազինված և պատերազմի պատրաստված» հոգևորականություն, որն այլևս միայն չէր աղոթելու, այլ կռվելու էր զինվորի հետ կողք կողքի։

Ավարայրի ճակատամարտից առաջ սպարապետ Վարդան Մամիկոնյանի և սուրբ Ղևոնդ երեցի արտասանած խոսքերը, անշուշտ, մեծ դեր խաղացին մարդկանց համախմբման գործում, քաջալերեցին և կենաց-մահու աննահանջ կռվի տարան նրանց։ Այդպիսին էր հայրենաշունչ, արդար խոսքի ուժը, և պատահական չէր, որ հետագա ուսումնասիրողները նրանց ելույթները գնահատեցին նաև որպես հռետորական արվեստի ինքնատիպ նմուշներ։ Այլ կերպ լինել չէր կարող. չէ՞ որ և՛ Վարդանը, և՛ Ղևոնդը սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներն էին, կրթված, գրագետ, նաև ճարտասանության մեջ հմուտ։

Ն. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Պատմության էջերից


15/08/2012