Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՈՒ ՊԱՀԱՆՋՎԱԾ



Ուրախալի է տեսնել երիտասարդների, ովքեր նախընտրում են հայրենյաց պաշտպանի պատվաբեր մասնագիտությունը` գիտակցելով, որ նվիրվում են մի գործի, որին ամբողջ կյանքում պիտի անմնացորդ ծառայեն:

Նման երիտասարդներից մեկն էլ ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մեկամյա սպայական դասընթացների կուրսանտ Հովհաննես Մարտիրոսյանն է:

Հովհաննեսը ծնվել և մեծացել է Արմավիրի շրջանի Ջրառատ գյուղում: Դեռևս դպրոցական տարիներին զբաղվել է ըմբշամարտով և ջիու-ջիցու մարզաձևով:

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժինը: Այս տարի ավարտել է համալսարանը և …որոշել դառալ զինվորական` հայոց բանակի սպա:

Արդեն մեկ ամիս է, ինչ Հովհաննեսը ռազմական ինստիտուտում է. ուսումնասիրում է զինվորական մասնագիտությունը, սովորում հայրենիք պաշտպանելու արվեստը:

Երբ փորձեցինք պարզել, թե ինչու է իրավաբանի մասնագիտություն ձեռք բերելուց հետո որոշել զինվորական դառնալ, պատասխանեց. «Ինձ ժամանակ էր պետք դա հասկանալու համար: Դպրոցն ավարտելուց հետո ես լրիվ ուրիշ մտածելակերպ ունեի, և երբ եկավ մասնագիտության ընտրության պահը, չկարողացա կողմնորոշվել, իրավաբանի մասնագիտությունն առավել գայթակղիչ էր, երևի դա էր պատճառը, որ այս մասնագիտությունն ընտրեցի, բայց հետո հասկացա, որ դա իմ կոչումը չէ: Համալսարանում սովորելու տարիներին ես սկսեցի ավելի խորը ուսումնասիրել մեր պատմությունը, սկսեցի ավելի շատ կարդալ ֆիդայինների, հայ զորավարների մասին և հասկացա, որ հայի համար բոլոր ժամանակներում ամենապահանջվածը եղել է հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը: Այդ ամենը լրջորեն ըմբռնելու համար երևի նաև հասունանալ էր պետք: Կարևորը, որ ես հիմա հաստատակամ եմ իմ որոշման մեջ: Վստահ եմ, որ բուհում ստացած գիտելիքներս էլ կօգնեն իրագործել իմ կյանքի գլխավոր նպատակը` արժանանալ հայ սպայի ուսադիրներ կրելու պատվին»:

Հովհաննեսը հայ սպայի համար կարևորագույն հատկանիշներ է համարում խստությունը, զինվորների հանդեպ հոգատարությունն ու անաչառությունը:

Զրույցի ընթացքում նա անընդհատ շեշտում էր, որ ուզում է անպայման ծառայել առաջին գծում, իսկ թե, արդյոք, վերջին շրջանի սահմանային միջադեպերը նրան հետ չեն պահում այս մտքից, ասում է. «Այն ժամանակ էլ պատերազմ էր, բայց գնացին չէ՞ տղաները, մենք ինչու՞ պիտի չգնանք: Սպան նման բաների մասին մտածելու իրավունք չունի»:

Անթաքույց հպարտությամբ ու մեծ ոգևորությամբ է խոսում լեգենդար զորավար Մոնթե Մելքոնյանի մասին, համարում նրան զինվորականի իր իդեալը. «Մոնթեն Արցախյան պատերազմի ժամանակ միշտ ասում էր, որ սա իր վերջին կռիվը չէ: Չնայած Արցախն արդեն մերն է, բայց Կարսը, Անին, Վանը դեռ մեզ են սպասում, և մենք պետք է պատրաստ լինենք շարունակելու նրա կիսատ թողած գործը»:

Հայրենասիրությունը հայոց բանակի ապագա սպան բնորոշում է այսպես. «Դժվար է բացատրել, թե ինչ բան է հայրենասիրությունն ինձ համար. դա և՛ ցավի զգացողություն է` ազգիս կորցրածի համար, և՛ հպարտություն, որ հայ եմ: Հայ ինքնին նշանակում է հայրենասեր »:

Հովհաննեսը նաև ստեղծագործում է, նրա բանաստեղծություններում գերակշռում է տարիքին առավել բնորոշ սիրային, հայրենասիրական թեմատիկան: Մեծ ոգևորությամբ է պատմում, թե ինչպես է ուսանողական տարիներին մասնակցել երիտասարդ ստեղծագործողների մրցույթին և շահել առաջին մրցանակը:

Մի քանի օր առաջ նա հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում տվեց:

Բացվեց Հովհաննեսի զինվորական կենսագրության առաջին էջը: Շնորհավորենք նրան այս կարևոր տոնի առիթով և հուսանք, որ նա կկարողանա շարունակել այն լավագույն ավանդույթները, որոնք մեզ են փոխանցել մեր նախնիները՝ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալները, որոնց գործերով այնքան ոգեշնչված է այսօրվա մեր հերոսը:

ԵՎԱ ԱՍՐԻԲԱԲԱՅԱՆ

Խորագիր՝ #31 (947) 9.08.2012 – 15.08.2012, Ազգային բանակ


15/08/2012