Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՒՐՍԻՆ ՓՈԽԵԼ Է ԵԳԻՊՏՈՍԻ ԶՈՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻՆ



Եգիպտոսի պաշտպանության նախարար, երկրի զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ, մարշալ Հուսեյն Տանտավիի հրաժարականից ու եգիպտական բանակի գլխավոր շտաբի պետ Սամի Անանին պահեստազոր արձակելուց ընդամենը մեկ օր անց Եգիպտոսի նախագահը փոխել է երկրի զինված ուժերի երեք հիմնական զորատեսակների`ռազմաօդային ուժերի, հակաօդային պաշտպանության և ռազմածովային նավատորմի հրամանատարներին:

Նախօրեին Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին չեղյալ էր համարել նաև հունիսին երկրի զինված ուժերի բարձրագույն խորհրդի կողմից ընդունված այսպես կոչված «Սահմանդրական հռչակագիրը», որը փոխարինել էր Եգիպտոսի սահմանադրությանը:

Հիշյալ հրամանագրերի ստորագրումից հետո Մուրսին ժողովրդին կոչ էր արել աջակցել իրեն և հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախարարի ու բանակի գլխավոր պետի հրաժարականները բխում են պետության ու ժողովրդի շահերից: Նախագահի կոչին արձագանքել են հազարավոր քաղաքացիներ, հիմնականում նրա կողմնակից իսլամականներ, ովքեր դուրս են եկել փողոց, իրենց զորակցությունը հայտնելու Մուհամմեդ Մուրսիի քաղաքական ուղեգծին:

Մի շարք փորձագետների կարծիքով, զինված ուժերի հրամանատարությունից Տանտավիի ու Անանի հեռացումով ավարտվեց եգիպտական հեղափոխությունը, որի նպատակը երկրի ղեկավարումից զինված ուժերի հրամանատարության հեռացումն էր:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


15/08/2012