Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՍԼԱՄԱԲԱԴԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍՈՒՄ ԹԱԼԻԲՆԵՐԻ ԴԵՄ



ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան հայտարարել է, որ Պակիստանի բանակը պատրաստվում է լայնածավալ գործողություններ սկսել Աֆղանստանի հետ սահմանակից շրջաններում, որոնք ապաստան են դարձել «Ալ Քայիդայի հետ կապված «Խաքանիի ցանց» իսլամ ծայրահեղական կազմակերպության անդամների համար: Նա գործողության մանրամասները քննարկել է Պակիստանյան զինված ուժերի ղեկավար Աշֆակ Փարվեզ Կայանիի հետ:

Պանետտան չի հստակեցրել գործողության ժամկետները, այլ միայն նշել է, որ այն ուղղված է լինելու ոչ թե «Խաքանիի ցանցի», այլ բուն «Ալ Քայիդայի» դեմ:

Վաշինգտոնը երկար ժամանակ դժգոհություն էր հայտնում, որ Իսլամաբադը հրաժարվում է պայքարել աֆղան թալիբների ու նրանց դաշնակիցների դեմ, ովքեր Պակիստանի տարածքը հենակետ են դարձնում Աֆղանստանում ամերիկյան ու հյուսիսատլանտյան զորքերի դեմ հարձակումների համար:

Բազմաթիվ փորձագետների կարծիքով, Պակիստանն առանձնապես չի ձգտում հարվածներ հասցնել այս խմբավորումներին, որոնց հետ ունի պատմականորեն ձևավորված ամուր կապեր և որոնք կարող են Իսլամաբադի համար դաշնակիցներ դառնալ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի հեռանալուց հետո:

Խորագիր՝ Նորություններ


15/08/2012