Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱՏԱՐ ԻՂՁԵՐԻ «ՓՈՔՐԻԿ ՄԻ ՓՆՋԻԿ»



«Լռության րոպե… Տուրք տանք նրանց,
Ովքեր չեն եկել, չեն վերադարձել
Մարտի դաշտերից։ Գլուխ խոնարհենք,
Ծնկի գանք լռին, հիշենք զոհերին
Արցախյան մարտի, հիշենք բոլորին»։

Արցախյան ազատամարտի հերոս Մհեր Կիրակոսյանի տողերն են։

Արծվաշենը Մհեր Կիրակոսյանի ծնողների ծննդավայրն է։ Մհերը թեեւ ծնվել է Երեւանում, բայց մանկության տարիների մեծ մասն անցկացրել է Արծվաշենում։ Դպրոցն ավարտելուց հետո դիմում է զինկոմիսարիատ՝ խնդրելով զորակոչել բանակ։ Մերժում են։ Քննություններ է հանձնում, ընդունվում ֆիզկուլտինստիտուտ։ 1991 թվականին հերթական դիմումից հետո զորակոչվում է բանակ։ Այդ տարիներին սկսվում է նաեւ Մհերի հայրենի գյուղի՝ Արծվաշենի ինքնապաշտպանությունը։

-Արծվաշենում հերթապահություն էինք կազմակերպել, ամբողջ գյուղն էր պայքարում, Մհերն էլ էր մեզ հետ։ Գյուղի անկման օրհասական պահին ես այնտեղ չեմ եղել, եղել են փոքր եղբայրս ու Մհերը։ Արծվաշենի կորուստը Մհերս ծանր տարավ,- պատում է Մհերի հայրը՝ Արամայիս Կիրակոսյանը։

Պարտադիր ծառայությունն ավարտելուց հետո Մհերը վերադառնում է տուն, բայց չորս օր էլ դեռ չանցած՝ 1993-ի հունիսին միանում է կամավորական ջոկատներին ու մեկնում Արցախ՝ Հադրութի շրջան՝ մասնակցելու Ֆիզուլիի ազատագրական մարտերին։

-Մեր գումարտակում եւ ոչ միայն գումարտակում, այլ նաեւ ողջ բրիգադում չկար մեկը, որ Մհերին չհարգեր, չսիրեր։ Ազնիվ էր, տաքարյուն ու խիզախ,- պատմում է Մհեր Կիրակոսյանի մարտական ընկերը՝ Օհան Գեւորգյանը։

-Մենք նրան Մհերիկ էինք ասում, որովհետեւ տարիքով բոլորիցս փոքր էր,- հիշում է ազատամարտիկ Արամ Ավագյանը,- հաճախ կրկնում էր, իմ հողը մնացել է թուրքերին, մինչեւ հետ չբերեմ, չեմ կարող իմ անձնական կյանքի մասին մտածել ։

Էմմա Պողոսյանը՝ Մհերի մայրը, ցույց տվեց մի գրքույկ, որը նրան էին հանձնել որդու մարտական ընկերները։ Մհերի գրառումներն են՝ բանաստեղծություններ, հեռախոսահամարներ, զենքերի անվանումներ, նկարներ, զոհված ու վիրավորված ընկերների անուններ։ Առաջին էջում նշված են այն տեղանունները, որտեղով անցել է նրա մարտական ուղին. Գորիս, Տեղ, Լաչին, Շուշի, Ստեփանակերտ, Դրմբոն, Մեծշեն, Մաղավուզ, Հակոբկամարի եւ Մատաղիս։

-… Ասում էր՝ Մարտակերտն ազատագրում ենք, Շահումյանն ազատագրում ենք, էնտեղից արդեն գալիս են Գետաբեկն ու մեր գյուղը (Արծվաշենը), հոպարն էլ մյուս կողմից կգա, մեր գյուղը կազատագրենք։ Բայց…,- պատմում է Էմմա Պողոսյանն ու մի պահ լռելուց հետո ավելացնում,- գնաց, երեւի ճակատագիր էր, չեմ բողոքում, չեմ դժգոհում, հպարտ եմ, որ հայրենասեր զավակ եմ ունեցել…

Քսաներկու տարին նոր բոլորած Մհեր Կիրակոսյանը նույն գրքույկում հերթականությամբ նշել էր, թե ինչ պետք է անի վերադառնալուն պես։

1. Սուրբ Սարգիս՝ տասը հատ մոմ վառել, 2. Ռաֆիկենց տուն, 3. Քրոջս տուն, 4. Չարենցավան՝ հորքուրենց տուն, 5. ……… 6. Նամակ Թալինի շրջան, գյուղ Իրինդ՝ Նարինե Բոզոյանին, 7……….., 8. Մարտի 3-ին մեր տուն, ծնունդս, 9. Տղերքով նկարվելու։

Ընկերները կատարել են Մհերի առաջին ցանկությունը՝ նրա փոխարեն Սուրբ Սարգիս եկեղեցում տասը հատ մոմ են վառել, իսկ մյուսները այդպես էլ մնացին թղթին…

Նրա ոտանավորներից մեկը կարծես իր իսկ կյանքի բնութագիրը լինի.

Փոքրիկ մի փնջիկ՝
Սարերի հոտով,
Գրոհից առաջ
Շուրթերին հպած՝
Վերհիշում էր տղան
Իր կյանքը անցած։
Դեռ չէր բոլորել
Քսաներկու տարին։
Ի՞նչ էր նա տեսել,
Գրեթե՝ ոչինչ։
Դեռ չէր հանդիպել
Ոչ մի աղջկա,
Դեռ չէր դողացել
Սպասման պահին
Խինդով առլեցուն
Վեհ սիրտը նրա։
Աշխարհ չէր տեսել,
Չէր տեսել նա կյանք,
Չէր օգնել հորը
Տնային գործում…
Բայց գնաց մարտի։
Վերջացավ մարտը,
Գրոհից հետո,
Երբ հավաքվեցին
Դասակ դասակի,
Նրան չտեսան,
Փնտրեցին, գտան
Դիակը նրա,
Որ սրտից խոցված՝
Ընկած էր դաշտում։
Եվ ի՞նչ հիշատակ
Մնաց նրանից.
Մոր արցունքները,
Մի թարմ հողաթումբ
Եվ մի փունջ ծաղիկ։

ԼԻԱՆՆԱ ՄՆՈՅԱՆ

Խորագիր՝ #32 (948) 16.08.2012 – 22.08.2012, Ճակատագրեր


22/08/2012